Մարտի 8-յան անակնկալներ. ի՞նչ են սպասում հայ աղջիկներն իրենց սիրելիներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | March 8, 2011 1:00
Արդեն 97-րդ անգամ ողջ աշխարհը տոնում է մարտի 8-ը` որպես Կանանց միջազգային օր:
1857-ի Մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլ ֆաբրիկայի բանվորուհիները երթ կազմակերպեցին քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների դեմ:
1910-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Կանանց միջազգային համաժողովը, որի ժամանակ հեղափոխական Կլարա Ցետկինն առաջարկեց նշել մարտի 8-ը` որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:
Կանանց իրավունքների համար պայքարի օրն առաջին անգամ նշվել է Եվրոպայում` Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում: Ամենուր Կանանց միջազգային օրը սկսել են տոնել մարտի 8-ին, երբ 1914-ին Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Ռուսաստանի կանայք իրենց օրը նշեցին հենց այդ օրը:
1977-ին ՄԱԿ-ը մարտի 8-ը հայտարարեց Կանանց միջազգային օր:
Ի տարբերություն մնացյալ աշխարհի, Հայաստանում կանանց նվիրված երկու տոն կա և այստեղ մի ողջ ամիս շնորհավորանքներն ու մեծարումներն արդիական են:
ՀՀ անկախության հռչակումից հետո որոշ ժամանակ մարտի 8-ը չնշվեց, փոխարենը օրացույցում ընդգրկվեց ապրիլի 7-ը` որպես մայրության և գեղեցկության օր: Այս տոնը քրիստոնեական ծագում ունի և կապված է Մարիամ Աստվածածնի հղիանալու գաղափարի հետ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ ապրիլի 7-ը որպես տոն կայացած չէ. «Տոնը հայտարարվելով և օրացույցում ընդգրկվելով այդպիսին չի դառնում: Իսկ այս տոնի գաղափարն առաջադրողներն այն իսկապես տոնի վերածելու ուղղությամբ աշխատանքներ չեն տանում: Ոչ ոք չգիտի այս տոնի իրական իմաստը, նշանակությունը»:
Խառատյանը, սակայն, ապրիլի 7-ը ավելորդ տոն չի համարում` նշելով, որ պետք է մշակույթի նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները համատեղ որոշեն, թե ինչպիսին է այդ տոնը` որտեղ և ինչպես պետք է նշվի, որ սերնդին է այն ուղղված և նման այլ հարցեր: Այս ամենը որոշելուց հետո, ըստ Խառատյանի, մի քանի տարի շարունակ համատեղ միջոցառումներ պետք է կազմակերպվեն` հանրության մեջ տոնահանդեսի մշակույթ ձևավորելու համար: Այլապես «հիմա ոչ ոք տոնի իմաստը և գաղափարը չգիտի, և Մարտի 8-ի անհաջող կրկնօրինակում են անում»:
Իսկ թե ինչպես են հայաստանցիներն ընկալում կանանց նվիրված այս երկու տոները, ինչպես են նշում և ինչ նվերներ նախընտրելի համարում, փորձեցինք ճշտել պատահական անցորդներից:
Կարեն, 21 տարեկան – Ես Մարտի 8-ը` որպես տոն, չեմ ընկալում, բայց քանի որ դա բոլորի կողմից նշվում է ու ընդունելի է, ստիպված ես էլ եմ նշում, այսինքն` շնորհավորում եմ, նվերներ մատուցում: Ընդհանրապես նման միակողմանի տոներ չեմ ընդունում, ավելի եմ սիրում սիրահարների տոնը, երբ ամեն ինչ փոխադարձ է: Իսկ մայրիկին անակնկալ պատրաստելու համար նախընտրելի է ապրիլի 7-ը` որպես ազգային տոն: Նվիրելուց երկար եմ մտածում, աշխատում եմ օրիգինալ բան նվիրել, իհարկե, մարտի 8-յան ցանկացած նվեր պետք է անպայման զուգորդվի ծաղիկներով:
Անահիտ, 24 տարեկան – Մարտի 8-ը մի օր է, երբ արթնանում ու ինձ շատ լավ եմ զգում, քանի որ գիտեմ` այդ օրն ինձ բոլորը շնորհավորելու են ու հաճելի անակնկալներ են մատուցելու: Նվերներից ամենաշատը նախընտրում եմ ծաղիկները: Իսկ ապրիլի 7-ը մի փոքր տխուր տոն եմ համարում, քանի որ կանանց միամսյակի վերջին օրն է:
Բարսեղ, 19 տարեկան – Իմ սիրելիներին հաճելի անակնկալ անելու համար չեմ սպասում Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին, ընդհակառակը, այնպիսի ժամանակ եմ անում, որ չեն սպասում դրան: Իսկ նվեր ընտրելիս միշտ աշխատում եմ օրիգինալ լինել: Նվերի գինը, իմ կարծիքով, կարևոր չէ, պետք է պարզապես սրտանց նվիրել: Իմ սիրելի աղջկան, օրինակ, շան քոթոթ կնվիրեի կամ պատշգամբում փուչիկներով նրա անունը կգրեի ու սեր կխոստովանեի: Ես ռոմանտիկայի կողմնակից եմ:
Անուշ, 22 տարեկան – Ինձ համար Մարտի 8-ը գործի չգնալու ու մի լավ ուրախանալու առիթ է: Ինձ որ մնար, ապրիլի 7-ին էլ գործի չէի գնա: Ինձ համար նախընտրելի նվեր է ծաղիկը, բայց գերադասում եմ նաև օրիգինալ նվերները, որոնք վկայում են մտքի թռիչքի մասին:
Կարեն, 24 տարեկան – Մարտի 8-ն ինձ համար առիթ է իմ սիրելի կանանց` կոլեգաներիս, ընկերուհիներիս, սիրածս էակին ու մայրիկիս հաճելի անակնկալ մատուցելու, ուրախացնելու համար: Նվեր ընտրելու ինչ-որ հատուկ բանաձև չունեմ, սովորաբար այդ պահին սիրտս ու միտքս ինչ թելադրում են, այն էլ ընտրում եմ:
Սիրանուշ, 24 տարեկան – Կանանց տոների հարցում որևէ վերաբերմունք չունեմ: Բայց ինձ ավելի հաճելի ու նախընտրելի է Ապրիլի 7-ը, քանի որ այդ ժամանակ գարունն իր ողջ հմայքով կյանքը գեղեցկացնում է, վերջապես մեր սկզբի` մայրության ու գեղեցկության տոնն է, բնության փթթելու ժամանակացույցը:
«Անկախի» խմբագրակազմը շնորհավորում է բոլոր հայուհիներին, և ոչ միայն, գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ և մաղթում արժանապատիվ կյանք, սեր և երջանկություն: Եղեք հարգված և սիրված:






Facebook
Tweet This
Email This Post
