Հանդբոլը կարմատավորվի Հայաստանի մանկատներում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 9, 2011 3:49

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացած մեր երկրի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության նախագահ վերընտրվեց  Սարգիս Գրիգորյանը, ում գլխավորությամբ վերջին տարիներին ակնառու առաջընթաց է արձանագրվել:

Գաղտնիք չկա, Գրիգորյանը նախկինում  եղել է  հանդբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահը, և նրան հաջողվել է իր շուրջը հավաքել այս մարզաձևի վետերաններին, Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում`  չորս փոխմարզպետների: Եվ համատեղ ուժերով արվում է հնարավորը, որպեսզի ունակություններ ունեցող երեխաներն այս մարզաձևով զբաղվեն Հայաստանի տարբեր մարզերում, Արցախում:

Ֆեդերացիայի նախագահը գոհունակությամբ նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում  կատարվել են նախատեսված բոլոր միջոցառումները, անցկացվել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Մեր երկրի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային ստուգատեսների: Կարևորվեց, որ  հատկապես 2010-ի Հայաստանի կանանց հավաքականը հաջող է մասնակցել Իսրայելում կազմակերպված «Չելենջ տրոֆի» մրցաշարին, իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը` Վանաձորում կազմակերպված մեր երկրի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարին և գրավել է երկրորդ տեղը: Միջազգային կազմակերպություների հետ համագործակցությունն ավելի ընդլայնվել է: Հայաստան են այցելել Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, այլ պաշտոնյաներ, իսկ արտասահմանից եկած մարզիչները սեմինարներ են անցկացրել, իրենց փորձը հաղորդել մեր մասագետներին:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան աջակցության կարգով 2010-ին պետությունից ստացել է 18 մլն դրամ, և այս տարի էլ այդ գումարի չափը մնացել է անփոփոխ: Ինքնին հասկանալի է, որ այդպիսի միջոցներով հնարավոր չէ Հայաստանի ներկայացուցիչներին շարունակ միջազգային մրցաշարերի գործուղել: Եվ ֆեդերացիան բացը լրացնելու համար փորձել է հովանավորների օգնությամբ մի շարք խնդիրներ լուծել: Մասնավորապես`  2010-ին  ֆեդերացիան լրացուցիչ շուրջ 29 մլն դրամ է ծախսել մեր մարզիկների ուսումնամարզական հավաքների կազմակերպման, նրանց միջազգային ստուգատեսներին մասնակցելու համար:

Ի դեպ, մարտի սկզբին Հայաստանի աղջիկների հավաքականը մեկնելու է Ֆրանսիա և այդ երկրի մեր հայրենակից հանդբոլիստուհիների հետ միասին թիմ կազմած` խաղեր է անցկացնելու, մարզումների մասնակցելու: Փաստորեն, թիմը նախապատրաստվելու է մարտի վերջին Ռումինիայում կայանալիք  Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Իսկ այս տարվա աշնանը նախատեսվում է  երրորդ անգամ մեր երկրում անցկացնել Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային մրցաշար: Հայաստանը նաև նախնական հայտ է ներկայացրել, որպեսզի հյուրընկալի  հանդբոլիստների «Չելենջ տրոֆի» մրցաշարի մասնակիցներին, և եթե  Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան  դրական արձագանքի, ապա  դա նոր էջ կլինի հայկական սպորտի տարեգրությունում:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ  նախատեսվում է «Սմարթ» ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներում գործող հանդբոլի խմբերից բացի, խմբեր հիմնել Հայաստանի մանկատներում, և այդ մասին արդեն պայմանավորվածություն կա: Հանդբոլի խմբեր են բացվելու նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Լողափնյա հանդբոլը Հայաստանում զարգացնելու համար աշխատանքները շարունակվելու են: Թուրքիայից այս տարի մասնագետ է գալու և մարզելու է մեր հանդբոլիստներին: Նախատեսվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները միջազգային մրցաշարի գործուղվեն: Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ափին, համապատասխան մարզաբազա է սարքավորվելու: Տարածքի հարցը լուծվել է, դարպասները, համապատասխան սարքերը կան:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզական աշխատանքների վարչության պետ Բագրատ Բուռնազյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան նախարարության հետ սերտ համագործակցությամբ է աշխատում: Առաջընթաց է նաև այն, որ աստիճանաբար ավելանում են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնության մասնակից թիմերը: Նա վստահեցրեց, որ նախարարությունն այսուհետև  էլ կշարունակի հնարավորինս աջակցել ֆեդերացիային:

ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Երևանի պետական մարզական քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանն առաջարկեց, որ նոր ուսումնական տարում իր գլխավորած ուսումնական հաստատությունում սովորեն հանբոլի մեկ թիմի խաղացողներ, և բոլորին էլ կրթաթոշակ կտրամադրվի:

Ի վերջո, ֆեդերացիայի աշխատանքը գնահատվեց «բավարար»: Իսկ կազմակերպության  նախագահ վերընտրվելուց հետո Սարգիս Գրիգորյանն առաջարկեց իր տեղակալների պաշտոնները վստահել Հարություն Մելքոնյանին և Արսեն Հակոբյանին, գլխավոր քարտուղարի պարտականությունները` Աննա Մելքոնյանին:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply