ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցեց «Անկախ»-ի հոդվածի հերոսուհուն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 4, 2011 12:00

Փետրվարի 1-ին www.ankakh.am էլեկտրոնայի կայքում հրապարակվեց հոդված «Միայնակ կույր կինը` նորածին երեխան գրկին և առանց աշխատանքի» վերնագրով http://ankakh.com/2011/02/89130/)

Հոդվածը նորածին դստեր հետ միայնակ ապրող, չտեսնող կնոջ մասին է: Չնայած հոդվածի հերոսուհու լավատեսությանն ու համարձակությանը, նրան շատերը ցանկացան աջակցել` գիտակցելով լավատեսության քողի տակ թաքնված դժվարությունները:

Կնոջն օգնելու պատրաստակամություն հայտնեց նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը. ադմինիստրատիվ ծառայությունների վարչության աշխատակիցները նախ հանդիպեցին նրան, ծանոթացան կենցաղային պայմաններին և, հոգսը թեթևացնելու նպատակով, նվիրեցին սառնարան ու լվացքի մեքենա: Աշխատակիցներն օգնեցին նաև տեղադրման հարցում, ցույց տվեցին լվացքի մեքենայի օգտագործման եղանակը:

Նաիրայի ջերմ ընդունելությունից և կյանքի հանդեպ ունեցած լավատեսական մոտեցումից` ի հեճուկս բոլոր դժվարությունների, որոնց նա հանդիպում է փոքրիկ դստերը մեծացնելիս, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն առավել քան տպավորված էին.

«Հենց նման պահերին ենք մենք սկսում իրապես գնահատել ժպիտը` անգամ կյանքի ամենադժվարին իրավիճակներում»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Նաիրային ուրախացրեց ու զարմացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերաբերմունքը.

«Ես ինչ որ տեղ հանգիստ եմ մեր երկրի համար, որովհետև կան մարդիկ, ղեկավարներ, որոնց մեջ, չնայած նրանց  բարեկեցիկ կյանքին, ոչ միայն կարիքավորին օգնելու ցանկություն է առաջանում, այլև նրանք կարողանում են այդ ցանկությամբ վարակել իրենց շրջապատող, իրենց հետ աշխատող մարդկանց,-ասաց Նաիրան,-ես ուրախությամբ կաշխատեի նման անհատի ղեկավարության ներքո»:

«Անկախ» շաբաթաթերթն ու էլեկտրոնային կայքը խորին շնորհակալություն են հայտնում ՎիվաՍել-ՄՏՍ-ին և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն նման խնդիրների նկատմամբ և պատրաստ են աջակցել:

Դիտվել է 3089 անգամ:
Print Friendly

Leave a Reply