Հոլանդահայ կազմակերպությունները ԼՂ հիմնախնդրի շուրջ խնդրագիր են ներկայացրել Հոլանդիայի խորհրդարան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2011 8:26

Հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը` Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը մարտի 1-ին Հոլանդիայի խորհրդարանի Արտաքին Գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Ն. Ալբայրաքին խնդրագիր ներկայացրեցին:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի շենքում կայացած հանդիպմանը ներկա էին նաև մշտական հանձնաժողովի այլ անդամներ` գրեթե բոլոր խորհրդարանական խմբակցություններից: Հոլանդահայ պատվիրակության կազմում էին` տիկին Ինգա Դրոստը, տիկին Սարինե Աբրահամյանը և պարոն Մաթո Հախվերդյանը:

Հոլանդահայ պատվիրակության անունից տիկին Ինգա Դրոստը բացատրեց խորհրդարանի պատգամավորներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կարևորությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զգայուն տարածաշրջանի համար և խնդրեց սատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հոլանդական խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Ն. Ալբայրաքը հավաստիացրեց հայոց պատվիրակությանը, որ հանձնաժողովը լրջորեն կքննարկի խնդրագրի մեջ բարձրացված բոլոր կետերը:

Նիդերլանդների խորհրդարանին ներկայացված խնդրագրի մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, որն արտահայտված է 1991 թ. անկախության հանրաքվեով, նույնքան կարևոր է, ինչքան այլ երկրների ինքնորոշումը, ինչպիս օրինակ Կոսովոյինը, որի անկախությունը ճանաչել է Հոլանդիան: Խնդրագիրը հիշեցնում է նաև, որ պետք է սովորել Հյուսիսային Աֆրիկայի վերջին քաղաքական զարգացումներից` ավելի հիմնական մոտեցում ցուցաբերելով ոչ ժողովրդավարական ռեժիմների հետ հարաբերություններում, ինչպես որ Ադրբեջանն է, և չառաջնորդվել միայն (աշխարհա)քաղաքական, առևտրատնտեսական և նավթային շահերի սկզբունքներով: Խնդրագիրը Նիդերլանդների խորհրդարանին կոչ է անում դատապարտել ադրբեջանական ռեժիմի բռնությունները, ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ակտիվորեն սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքները:

Խնդրագիրը կուղարկվի նաև Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ռոզենթալին, Սենատի նախագահ Վան Դեր Լինդենին, հոլանդական ԵԽԽՎ պատվիրակության նախագահ տիկին Բեմելմանս-Վիդեկին և ԵԱՀԿ հոլանդական պատվիրակության նախագահ պարոն Չորյուզին:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply