Շինթույլտվությունը 137 օրվա փոխարեն այսուհետ կտրամադրվի 27 օրում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2011 17:37

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հաստատվեց հանրապետությունում շինարարական օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու և մի շարք իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը:
Գործարար միջավայրի բարելավման նպատակ ունեցող որոշմամբ կառավարությունը վերանայել է իր նախկին մի շարք որոշումներով շինարարության մեջ սահմանած նորմերը, էապես նվազեցրել կառուցապատման ընթացակարգերի թիվը, տևողությունն ու արժեքը, ինչի շնորհիվ կապահովվի կառուցվող օբյեկտի անվտանգությունը` մարդկանց և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից։
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքով` նախագծի մշակումը նպատակուղղված է թե° քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցմանը, թե° ժամկետների կրճատմանը: Նախագծով լուծվելու են բոլոր այն խնդիրները, որոնք ժամանակին կառուցապատողի մոտ դժվարություններ էին առաջացնում:
Նրա խոսքով` ներկայում շինարարություն կատարելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին առնվազն 137 օր սպասում է, 20 քայլանոց գործառույթ է իրականացնում և ծախսում 1 մլն դրամ: Իսկ կատարված փոփոխությունների շնորհիվ այսուհետ շինարարություն իրականացնողը կծախսի 27 օր և կիրականացնի 5-7 քայլանոց գործառույթ: «Սրանով էականորեն հեշտացվում է շինթույլտվության գործառույթը, կոռուպցիոն ռիսկերը կրճատվում են, ինչը նպասելու է բիզնես միջավայրի էական բարելավմանը»,- ասաց նախարարը:

Դիտվել է 1792 անգամ:
Print Friendly

Leave a Reply