Անվճար այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 3, 2011 15:18
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ և թանգարաններ անվճար աբոնեմենտներով այցելության ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի թ. 4 և 52 դպրոցների միջին դասարանների շուրջ 70 աշակերտ մարտի 2-ին այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:
Դպրոցների հետ համաձայնեցված ծրագրով, սահմանված ժամանակացույցի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտները Երևան քաղաքի պատմության թանգարան կայցելեն յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։
“Վստահ ենք, որ աշակերտները սիրով և հաճույքով կայցելեն ոչ միայն թատրոններ, այլև թանգարան։ Կրթություն ստանալը միայն դպրոցում առարկաներ սովորելը չէ. կարևոր է ստացած տեսական գիտելիքը նաև դիդակտիկ միջոցներով ամրապնդելը։ Քաղաքապետարանի նախաձեռնության նպատակը երեխաներին ճշմարիտ արվեստին մոտեցնելը, ազգային արժեքների նկատմամբ սիրո և հավատի սերմանումն ու ամրապնդումն է։ Աշակերտը նաև մշակութային կրթություն պետք է ստանա“,- նշել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Թանգարանում երեխաների համար էքսկուրսիաները, կախված տարիքային խմբից, կազմակերպվում են խաղերի, խաղ-դասերի ձևով։ Աշակերտները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևան քաղաքի պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։






Facebook
Tweet This
Email This Post
