Երեւանում կանցկացվեն ճապոնական մշակույթի օրեր
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 3, 2011 12:09
Երեւանում մարտի 18-20-ը կանցկացվեն ճապոնական մշակույթի օրեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստի խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, այդ օրերին Հայաստանը կհյուրընկալի ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, մշակութային-հասարակական գործիչների:
Նրա խոսքով` մշակութային օրերի ընթացքում ճապոնացի արվեստագետ Յամադա Սանը Երեւանի պետական համալսարանի ուսանողներին, ինչպես նաեւ բոլոր հետաքրքրասերներին կսովորեցնի իքեբանայի (ծաղկահարդարում), սումիեի (ճապոնական գեղանկարչություն), ինչպես նաեւ թեյախմության հետաքրքրաշարժ մանրամասներ, կներկայացնի ճապոնական մշակույթի զարգացման պատմությունը, կպատասխանի նաեւ հարցերի:
«Իսկ մենք` որպես ընդունող կողմ, պատրաստել ենք մի շարք անակնկալներ, որոնցից ամենակարեւորը ճապոնական հինամացուրի կոչվող տոնի նշումը կլինի Հայաստանում»,- ասաց Կ. Փիլիպոսյանը` հավելելով, որ միջոցառման ընթացքում երեխաները հանդիսատեսին կներկայացնեն «Հինամացուրի» ազգային տոնի ավանդույթները եւ կսովորեցնեն տոնը խորհրդանշող տիկնիկ պատրաստել: Ինչպես նշեց գեղարվեստի խմբի ղեկավարը, «Հինամացուրի» նշանակում է «Աղջիկների տոն»: Այն հայտնի է նաեւ «Դեղձենու ծաղկման տոն» անունով, որն ունի 300 տարվա պատմություն:
«Այդ օրն այն ընտանիքներում, որտեղ կան աղջիկներ, կազմակերպվում է տիկնիկների ցուցահանդես, որոնցով կարելի է հիանալ միայն տոնի ընթացքում»,- ասաց Կարինե Փիլիպոսյանը` ավելացնելով, որ տիկնիկները փոխանցվում են ժառանգաբար: Տոնը սովորաբար նշվում է մարտի 3-ին:
Բացի Հինամացուրի տոնի նշումը, Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստի խմբի սաները կներկայանան ճապոնացի հեքիաթագիր Յամավակի Յուրիկոյի «Յուկոյի կաղամբե գլխարկը» խորագրով ներկայացմամբ: «Նմանատիպ փոխայցելություններն ու միջոցառումները նպաստում են հայ-ճապոնական մշակութային հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը»,- փաստեց Կ. Փիլիպոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
