Սևակի սիրտը փնտրում է հանգրվան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 8, 2009 14:20
img_92601

Աշոտ Թադևոսյանը ֆորմալինի լուծույթով լցված ապակյա անոթի մեջ է պահում Սևակի սիրտը:

Նախկին դատավոր Աշոտ Թադևոսյանը Պարույր Սևակի սիրտը նրա մահից ի վեր պահում է իր տանը՝ ֆորմալինի լուծույթով լցված ապակյա անոթի մեջ:
1971թ. հունիսի 17-ին իր ստեղծագործություններով բազմաթիվ սրտեր հուզած բանաստեղծի սիրտը կանգնեց: Հաջորդ օրը Սևակի դին տեղափոխում են Երևան` դիահերձարան, որտեղ այն մնում է երեք օր:

Սևակին հերձելիս Թադևոսյանը շատերի պես գիշեր-ցերեկ հերթապահել է դիահերձարանում ու այդ ժամանակ վերցրել է բանաստեղծի սիրտը, որ մի օր թաղի պանթեոնում:
«Դիահերձարանի դռան հետևից նայում էի, թե ինչպես են Պարույրին հերձում, ուշադիր հետևում էի բժիշկների գործողություններին,-պատմում է 82-ամյա Թադևոսյանը,- մի պահ, երբ բժիշկները սենյակից դուրս եկան, և մնաց մեկը, որն, ասեղը ձեռքին, Պարույրի որովայնն էր կարում, այդ պահին տեսա նրա սիրտը: Մոլորված, արտասվելով ներս մտա, փաթաթվեցի բժշկին ( որքան հիշում եմ նրա անունն Ասատուր էր), ոտքերը գրկելով՝ խնդրեցի.

-Ասատուր ջան, սիրտը պիտի ինձ տաս՝ Կոմիտասի անվան պանթեոնում թաղելու համար:
Բժիշկը վախեցած ասաց.
-Ընկեր Թադևոսյան, դատավոր մարդ ես, ինձ դատի առա՞ջ ես կանգնեցնում:
Շատ խնդրեցի նրան, մոտեցա, Պարույրի մազերը, ճակատը համբուրեցի, գլուխս դրեցի նրա կրծքին և ասացի.
-Պարույր ջան, ասա, թող սիրտդ տա:
Այդ ժամանակ ստիպված թույլ տվեցի մի անթույլատրելի արարք` գրպանումս եղած ողջ գումարը միանգամից դրեցի բժշկի գրպանը, և նա անմիջապես համաձայնեց: Սիրտը փաթաթեց մի կտորի մեջ , տվեց ինձ: Լացելով բերեցի տուն, որից հետո նորից վերադարձա դիահերձարան»:

Թադևոսյանը 70-ականներին եղել է Երևանի Լենինյան շրջանի դատավոր, մտերիմ է եղել Սևակի հետ. «10 տարի շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ եղել Պարույրի հետ,-հիշում է Թադևոսյանը,-ես ու Պարույրն իրար հանդիպում էինք գրեթե ամեն օր` երկար ժամանակ միասին էինք անցկացնում: Զգացել եմ նրա սիրո բոլոր ելևէջներն ու հուզումները: Բանաստեղծի նկատմամբ ունեցած մեծ սիրուց գրել եմ «Իմ Պարույրը» հիշողությունների գիրքը»:

Սևակի մահվան օրերին նրան հուզում էր այն, թե արդյոք բանաստեղծին պանթեոնում կթաղեն, և երբ իմանում է, որ նրա ծննդավայրում են թաղելու, որոշում է սիրտը վերցնել, որ երբևէ այն հանգրվանի պանթեոնում. «Բանաստեղծի հուղարկավորման համար կենտկոմում երեք անգամ բյուրոյի նիստ է հրավիրվել, որտեղ առաջ է քաշվել այն վարկածը, թե իբր Պարույրը ժամանակին ասել է, որ իր մարմինը հողին հանձնեն հայրենի գյուղում` տնամերձ հողամասի ծիրանենու տակ,-հիշում է Թադևոսյանը,- պատրվակն առիթ է տալիս ասելու, որ Պարույրին ոչ միայն կազմակերպված կերպով սպանեցին, այլև մահից հետո աքսորեցին: Երբ իմացա, որ Պարույրին պետք է հուղարկավորեն Չանախչիում, մտածեցի, որ նրա սիրտը պետք է վերցնեմ, որպեսզի այն թաղվի Կոմիտասի անվան պանթեոնում` Կոմիտասի կողքին: Սիրտը վերցնելու նպատակս դա էր»:

Թադևոսյանը հոգեպես տանջվում է, որ այսքան ժամանակ Սևակի սիրտը տեղ չի գտնում պանթեոնում: Նա բազմիցս դիմել է երկրի նախկին և այժմյան ղեկավարներին: 14 մտավորականներ, որոնց մեջ՝ Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Գրիգոր Խանջյանը, գրավոր կարծիք են հայտնել, որ պոետի սրտի հանգրվանի տեղը Պանթեոնն է:
Ֆորմալինի լուծույթի մեջ Սևակի սիրտը «շրջագայել» է Չարենցի անվան գրականության և Ցեղասպանության թանգարաններում, որտեղ «հյուրընկալված» օրերին բանաստեղծի սրտի խնդրով կառավարությանն ու գրողների միությանն են դիմել այդ թանգարանների տնօրեններ Հենրիկ Բախչինյանն ու Լավրենտի Բարսեղյանը:

Թադևոսյանն ասում է, թե սիրտը պանթեոնում չի թաղվում, քանի որ դրան դեմ է Սևակի որդին`Արմեն Ղազարյանը: Նա կասկածում է, թե դա իրո՞ք Սևակի սիրտն է, քանի որ վստահ է, որ ՊԱԿ-ի հսկողության պայմաններում սիրտն անկարելի էր վերցնել. « Թեպետ նախկինում Սևակի տղայի հետ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել, բայց վերջին տարիներին միմյանց հետ շփում չունենք: Ավելին, Արմեն Ղազարյանը երբեք չի եկել տեսնելու հոր սիրտը»:
Թադևոսյանն ասում է, որ դիմել է Առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն, դատաբժշկական փորձագետ, բժիշկ Շոթա Վարդանյանին, որպեսզի նա պարզի՝ արդյոք իր մոտ եղած սիրտը Սևակի՞նն է: Սակայն նա պատասխանել է, որ անհնար է որոշել այսքան տարի ֆորմալինի մեջ մնացած մարմնի մասն ումն է, և վստահ է, որ այն չի պատկանում Սևակին. «Զայրույթ եմ ապրում Վարդանյանի խոսքերից: Նա կասկածի տակ է դնում Պարույրի նկատմամբ ունեցած սիրուց բխած սրտի ամբողջ պատմությունը: Պարույրով տարված մարդը ինչո՞ւ պետք է ուրիշի սիրտը վերցներ»:

Թադևոսյանը պատրաստ է գենետիկ քննության հանձնել սիրտը որևէ արտասահմանյան երկրում՝ հաստատելու համար, որ այն Սևակինն է:
Սևակի սիրտը տեսնելու համար նրա բնակարան են այցելում բազմաթիվ մարդիկ: Ոմանք այն կարծիքին են, որ բանաստեղծի՝ երկու գերեզման չունենալու համար նրա սիրտը պետք է թաղել մարմնի մոտ: Սակայն Աշոտ Թադևոսյանը համոզված է, որ «Անլռելի զանգակատուն» պոեմի հեղինակի տեղը Կոմիտասի կողքին է:

«Սևակն ինձ համար Աստծուն հավասար մարդ է: Իմ էության, արյան մեջ է նա: Եթե Սևակի սրտի հարցն իմ կենդանության օրոք չլուծվի, զավակներիս ասել եմ, որ այն թաղեն ինձ հետ»,-ասում է Աշոտ Թադևոսյանը` իբրև վերջին կամք:
Սիրտը տանը չէր, անվտանգության նկատառումներով, որ թոռները չվնասեն, սիրտը պահում է բարեկամի տանը ու տարին մեկ ֆորմալինով մշակում է:

Դիտվել է 2360 անգամ:
Print Friendly

Leave a Reply