Մարդասպան թագուհին հայրենիքում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | August 8, 2009 12:55
Սյուզի Քենտիկյան.«Հայրս` Լևոն Քենտիկյանն ասել է, որ եթե աչքիս տակ կապտուկ լինի, կարող եմ տուն չվերադառնալ»:
WBA WIBA վարկածներով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանին կնքել են Մարդասպան թագուհի մականունով: Երևան այցելած, սակայն Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցը սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին: Իսկ դրանք վերաբերում էին ոչ միայն չեմպիոնուհու անցկացրած վերջին հաղթական հանդիպումներին:
– Հայաստանից ստացածդ առաջին տպավորություններն ինչպիսի՞ն են:
– Երեք-չորս տարեկան եմ եղել, երբ ծնողներիս հետ միասին բնակության ենք տեղափոխվել Գերմանիա և ի վերջո հաստատվել ենք Համբուրգում: Հայաստանից իմ մեջ աղոտ հիշողություններ են մնացել: Եվ երբ «Զվարթնոց» օդանավակայանից Երևան էինք ուղևորվել, շուրջս նայելով՝ ասես չէի հավատում, որ Հայաստանն այդքան գեղեցիկ կարող է լինել:
– Ե՞րբ ես սկսել բռնցքամարտով զբաղվել:
– 12 տարեկանից: Սակայն մինչև այդ կարատե, ձյուդո, ջիուջիուցու, մարմնամարզություն, լող եմ պարապել: Ես եռանդով լեցուն եմ և համոզվել եմ, որ միայն բռնցքմարտն է հնարավորություն տալիս այդ էներգիան ծախսել: Ընդ որում, միայն ռինգում եմ ես մարտական, իսկ առօրյայում սովորական աղջիկ եմ: Ընկերուհիներ ունեմ, սիրում եմ մոդայիկ հագնվել, խանութներ եմ հաճախում, հագուստներ եմ ընտրում: Աշխատում եմ նաև խոհանոցում: Համեղ տոլմա եմ պատրաստում:
– Իսկ բռնցքամարտին ինչպե՞ս բարեկամացար:
– Շատ պատահականորեն: Եղբայրս` Միքայելը, արևելյան մարտարվեստի մրցաձևերին զուգահեռ նաև բռնցքամարտով էր զբաղվում: Նա դարձել է արևելյան մարտարվեստի մրցումների՝ Համբուգի և Հյուսիսային Գերմանիայի չեմպիոն: Այժմ Միքայելը 27 տարեկան է, աշխատում է որպես մենեջեր, մրցումների կազմակերպման հարցերով է զբաղվում: Ես մարզասրահում հետևում էի նրա պարապմունքին: Եվ մարզիչն առաջարկեց ինձ ռինգ մտնել: Զարմացա, որովհետև մարզահագուստով չէի, պատրաստ չէի պարապմունքի: Սակայն բռնցքամարտի հետ առաջին ծանոթությունը ճակատագրական եղավ ինձ համար: 5 տարի սիրողական բռնցքամարտով եմ զբաղվել: 30 հանդիպում եմ անցկացրել, որից միայն մեկում եմ պարտվել: Վատառողջ էի ռինգ դուրս եկել, և դա դաս եղավ ինձ համար, որ այլևս այդպիսի բան չանեմ: Հետո, իհարկե, վրեժխնդիր եղա, հաղթեցի այդ մրցակցուհուն:
– Բախտը դեր ունի՞ քո հաջողություններում:
– Պրոֆեսիոնալ ռինգում 25 հանդիպում եմ անցկացրել և դրանք բոլորն էլ գրանցել եմ իմ օգտին: 16 անգամ մրցակցուհիներիս նկատմամբ առավելության եմ հասել ժամկետից շուտ` նոկաուտով: Դեռևս չի եղել մի դեպք, որ դեմքիս ուժեղ հարված ստացած լինեմ: Հայրս` Լևոն Քենտիկյանն ասել է, որ եթե աչքիս տակ կապտուկ լինի, կարող եմ տուն չվերադառնալ: Առայժմ ամեն բան նորմալ է: Ես 16 տարեկան էի, երբ «Սպորտլայթ Համբուրգ բոքսինգ ասոսեյշն» կազմակերպության ղեկավարությունն առաջարկեց ինձ պայմանագիր կնքել: Քանի որ անչափահաս էի, ապա իմ փոխարեն հայրս ստորագրեց պայմանագիրը: Ոմանք թերահավատորեն այն կարծիքին էին, որ իմ հաջողությունները կարճատև կլինեն: Սակայն արդեն 5 տարի է` ես շարունակում եմ հաղթել մեկը մյուսից ուժեղ մրցակցուհիների:
– Վերջին հանդիպումը դժվարի՞ն էր:
– Այո: Մրցակիցս` արգենտինուհի Մարչելա Գուտիերես Գայտեն, աշխարհի չեմպիոնուհի է: Նա մեկ քաշային կարգ իջել էր, որպեսզի մրցի ինձ հետ և չեմպիոնական նոր գոտիների տիրանա: Այսուհանդերձ, ես կարողացա նրան հաղթել միավորներով:
– Վերջին երեք մրցամարտերում քեզ չի հաջողվել հակառակորդներիդ նկատմամբ առավելության հասնել նոկաուտով: Ո՞րն է դրա պատճառը:
– Ներկայումս ես մրցում եմ ամենաուժեղների հետ: Տակտիկաս փոխել եմ, մրցակցուհիներիս չեմ փորձում արագ հաղթել, բայց իմ կամքն եմ թելադրում:
– Դա քեզ մրցամարտերի կազմակերպիչներն են հուշե՞լ:
– Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ուրիշ է: Ես չեմ սիրում, երբ այն շոու են անվանում, սակայն դրա տարրերը կան: Մարդիկ նստում են սեղանների շուրջ, ուտելիք և ըմպելիք են պատվիրում, որպեսզի հաճելին զուգակցեն մրցամարտից ստացած բավականության հետ: Եվ բոլորը շատ են հիասթափվում, երբ հանդիպումը կարճատև է լինում: Բացի այդ` կա հեռուստատեսային հեռարձակման, գովազդների ցուցադրման խնդիր: Երբ իմ մրցամարտերից մեկի ժամանակ հաղթել էի առաջին ռաունդում, դրանից հետո մարզասերները, մրցամարտը հեռարձակող հեռուստաընկերության ներկայացուցիչները շարունակ դժգոհում էին:
– Ինչո՞ւ են քեզ կոչում Մարդասպան թագուհի:
– Այդ անունով ինձ կնքել են հեռուստալրագրողները:
– Եղե՞լ են դեպքեր, երբ ուժերդ տղամարդկանց հետ ես չափել:
– Ես պարապում եմ տղամարդկանց հետ, իմ մրցընկերներն ուժեղ սեռի ներկայացուցիչներ են: Ի դեպ, 10 տարի առաջ, երբ ընդամենը ռինգում 3-րդ մրցամարտն էի անցկացնում, առաջին անգամ մի տղայի հետ ստուգողական հանդիպման ժամանակ կարողություններս փորձեցի: Մրցակցիս չէին ասել, որ ես աղջիկ եմ: Քանի որ գլխիս սաղավարտ կար, տղան այդ մասին ոչինչ չգիտեր: Եվ երբ հաղթեցի նրան, հանեցի սաղավարտս, և մազերս թափվեցին ուսերիս, հակառակորդս և հանդիսականները մնացել էին զարմացած: Սենսացիա էր, որ աղջիկը ծեծել է տղային:
– Սկզբում դու հանդես էիր գալիս հայկական եռագույնի ներքո, ինչո՞ւ այն հետո փոխեցիր գերմանական դրոշով:
– Առաջին հաջողությունները ես ունեցել եմ որպես Հայաստանի քաղաքացի: Միայն պայմանագիր կնքելուց և Գերմանիայի քաղաքացի դառնալուց հետո եմ սկսել մրցելույթ ունենալ այդ երկրի դրոշի ներքո: Բայց միշտ ինձ ներկայացնում են որպես Հայաստանում ծնված գերմանացի, այսինքն՝ Հայաստանի հողից ուժ ունեցող:
– Չե՞ս մտածում ընտանիք կազմելու, երեխա ունենալու մասին:
– Առայժմ միայն իմ մարզական կարիերայի մասին եմ մտահոգված: Անձնականի մասին մտածելու ժամանակ չկա: Կյանքը ցույց կտա, թե ինչ պետք է անել:
– Ռինգում երկա՞ր ես մտադիր մնալ:
– Կցանկանայի առնվազն 7 տարի հանդիպումների մասնակցել:
– Ինչո՞ւ ես բոլոր մրցամարտերը Գերմանիայում անցկացնում:
– Դա ես չեմ որոշողը, քանի որ պայմանագիր ունեմ: Այսուհանդերձ, չի բացառվում, որ Հայաստանում ևս հանդիպում անցկացնեմ:
– Իսկ ե՞րբ ես կրկին ռինգ դուրս գալու:
– Հոկտեմբերին, սակայն մրցակցուհուս անունը հայտնի չէ: Բայց պարզ է, որ նա ուժեղներից մեկն է լինելու:






Facebook
Tweet This
Email This Post
