Գոհար Քյալյան կինը բնույթով հեղափոխական մարդ է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 2, 2011 18:24

Օրերս լրանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի պաշտոնավարման ժամկետը: Նա ռեկտորի պաշտոնում ընտրվել է 2006թ.:

Կդնի՞ արդյոք երկրորդ անգամ իր թեկնածությունը տիկին Քյալյանը: Բժշկականի ռեկտորը «Անկախին» ասաց, որ թեպետ դա անձնական որոշման խնդիր է, բայց այդ հարցը պետք  է որոշի իր  կոլետիվը:

Մարտի 3-ին Քյալյանը պատրաստվում է բաց ժողով անել և  զեկույցով  ներկայացնել իր հինգ տարվա աշխատանքը:

«Դա նախ և առաջ էթիկայի հարց է. հաշվետվություն ներկայացնել աշխատողների առաջ, և իմանալ նրանց գնահատականը, թե ինչ են մտածում այդ հարցում,- ասաց նա,- ես ունեմ թիմ, և եթե այդ թիմն ասի, որ պատրաստ  է սատար կանգնել ինձ, ապա ես կմտածեմ մյուս 5 տարվա ստրատեգիան»:

Քյալյանն ասում է, որ բնույթով հեղափոխական մարդ է, և անընդատ փոփոխություններ և նորարարություններ է անում:

«Ես չեմ կարող պարզապես բազմել և վայելել հաղթանակի դափնիները, ես անընդհատ պիտի նոր բաներ անեմ,- ասում է նա,- որովհետև ցանկացած պաշտոն աննպատակ չէ, եթե դու գալիս ես, ուրեմն պետք է որոշակի ծրագիր և մշակած ռազմավարություն ունենաս»:

Տիկին Քյալյանը դժգոհ չէ  իր պաշտոնավարման ընթացքում արած աշխատանքից: Նա ասում է, որ 95-96 տոկոսով  իրականացրել է այն ծրագիրը, որն իր առջև դրել է:

«Ամենամեծ  խնդիրը, որ իմ առջև ունեցել եմ, մենթալիտետի փոփոխությունն է,- մեկնաբանում է նա,- Ես ուզեցել եմ, որ դասախոս-ուսանող հարաբերությունները դառնան պարզ ու թափանցիկ: Շատ կարևոր էր ամրապնդել այն գիտակցությունը, որ բժիշկ դառնալու համար չի կարելի գնալ զարտուղի ճանապարհով, այլապես ուսանողը պետք է լքի բուհը»:

Տիկին Քյալյանը շնորհակալություն է հայտնում իր կոլետիվին, որն ընդունել և որդեգրել է իր մշակած ռազմավարությունը: «Եթե կոլետիվը քեզ հետ համամիտ չէ, գործը 10 անգամ բարդանում է,- ասում է նա,- իսկ իմ կոլեկտիվի հիմնական կորիզը հասկացավ ու  ընկալեց»:

Գոհար Քյալյանը Հայատանի այն փոքրաթիվ կանացից է, որոնք ակտիվ գործունեություն են  ծավալում երկրի հասարակական- քաղաքական կյանքի տարբեր հատվածներում:

Հե՞շտ է արդյոք կնոջ համար մեր պահպանողական հասարակությունում զբաղեցնել տղամարդուն հավասար դիրք և միաժամանակ լինել կին՝ ամուսնու կողքին և մայր՝ երեխաների համար: Քյալյանն ասում է, որ մեզ մոտ կինն ավելի դժվար է հասնում բարձունքի, քան տղամարդը, և դրա մեղավորը հենց մեր կանայք են, որոնց հոգեբանության մեջ նստած է տղամարդուց ցածր լինելու գիտակցությունը:

«Շատ հայ կանայք իրենք իրենց ցածր են դասում. նրանք  նախանձում են ավելի հաջողակ կանանց, խանգարում են իրենց ընկերուհիներին, որպեսզի ավելի առաջ չգնան, ամեն կերպ փնովում են նրանց,- մեկնաբանում է Քյալյանը,- մենք կորպորատիվ մտածողություն չունենք»:

Բժշկականի ռեկտորն ասում է , որ կարելի է այդ բարդույթից ազատվել,  բայց դրա համար ժամանակ է  պետք, և դա կարող է փոխվել միայն  այն դեպքում, երբ մեր ամբողջ բնակչության մեջ կանանց հատվածում գիտակցությունը փոխվի. «Մինչև դա չփոխվի, ոչինչ չի փոխվի, կլինեն մի քանի սպիտակ ագռավներ, որոնք անընդհատ կլինեն հարվածների տակ»:

Տիկին Քյալյանն ընդգծում է, որ ցանկացած դեպքում, իսկ  հատկապես իր տրամաչափի կնոջ համար, որ համարվում է գործարար կին,  շատ կարևոր է պահել կանացիությունը:

«Բիզնեսում  ստույգ կանոններ են գործում, որոնք բնորոշ են տղամարդուն,- ասում է նա,- և եթե կինը բիզնեսում ինչ-որ բանի հասել է, պետք  է անպայման ձգտի պահել կնոջը հարիր վարվելակերպն ու իմիջը: Իսկ կնոջն այս կյանքում պետք  է մեկ բան՝ սեր»:

Բժշկականի ռեկտորը համարում է, որ հայ հասարակության համար կարևորագույնը հայ ընտանիքի գաղափարն է, որում մեծարվող մոր և հոր գաղափարները մեծագույն արժեքներ են:

Գոհար Քյալյանը խուսափում է լրատվամիջոցների հետ շփվելուց` մեկնաբանելով, որ իր խոսքերը խեղաթյուրվում և ներկայացվում են այլ լույսի տակ: Նա «Անկախի» համար բացառություն արեց, և ռեկտորի ու Բժշկական համալասարանի հետ կապված նյութն ամբողջությամբ կլինի մոտ օրերս:

Դիտվել է 5901 անգամ:
Print Friendly

Leave a Reply