Լիլիթ Գալստյան. «Կարեն Անդրեասյանի հիմնական առավելությունը նախ և առաջ գործող իշխանությանը հավատարմությունն է»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | | March 2, 2011 18:02

Խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ (83 կողմ, 13 դեմ, 1 քվեաթերթիկ` անվավեր) Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Կարեն Անդրեասյանը:

Նորընտիր օմբուդսմանը, չհանդիպելով լրագրողների հետ, հեռացավ` միայն լրատվամիջոցների համար նախատեսված մի հայտարարություն անելով. «Ինչպիսին կլինի իմ գործը, ցույց կտա ժամանակը, որը ես ուզում եմ արդյունավետ օգտագործել: Հենց այդ պատճառով էլ ես որոշել եմ օգտվել հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունից, բայց ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն կսահմանափակվեմ 50 օրով: Կարծում եմ` կարող եմ ինձ նման բան թույլ տալ, քանի որ ոլորտն ինձ բավական հայտնի է, իսկ կոնկրետ գործերի ուսումնասիրության համար կօգտագործեմ լռության այս ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ:

Իսկ մինչ ընտրվելն Անդրեասյանը պատասխանեց Աժ պատգամավորներին հուզող հարցերին:

ՀՅԴ Խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին, օրինակ, հետաքրքրում էր, թե ինչ կպատահի, եթե  Անդրեասյանին առաջադրած քաղաքական մեծամասնությունը  2012 թ. հայտնվի փոքրամասության դերում:

«Այն քաղաքական ուժը, որն ինձ առաջադրել է, նախապայման չի դրել իմ առաջ` որևէ կերպ գործելու՝ որպես մարդու իրավունքների պաշտպան,- ասաց Անդրեասյանըª նշելով, որ ինքը շնորհակալ է, բայց պարտք չէ այդ խմբակցությանն ու քաղաքական ուժին:

«Մարդու իրավունքների պաշտպանը բոլորի պաշտպանն է` անկախ նրանից` կքվեարկե՞ն իր օգտին, թե ոչ, կքննադատե՞ն, թե ոչ». այս ձևակերպումը Անդրեասյանը վերցրել է ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման ժամանակ, Վահան Հովհաննիսյանից և խոստանում է այն դարձնել իր աշխատանքային սկզբունքներից մեկը:

Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը, ապա Անդրեասյանի կարծիքով, որևէ երկրում այդ իրավունքի պաշտպանությունը գերազանց չի գնահատվում, իսկ երիտասարդ ժողովրդավարություն ունեցող Հայաստանումª առավել ևս:

Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու հարցի առնչությամբ Անդրեասյանը կրկին նախընտրեց օգտվել մարդու իրավունքների նախկին պաշտպանի տեսակետից` ասելով, որ առայժմ չի կարող առանձին տեսակետ հայտնել:

Պատգամավոր Էռնեստ Մախսուդյանը հարց բարձրացրեց Մարդու իրավունքների պաշտպանի՝ հեռավոր շրջաններում տիրող իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտության մասին: Անդրեասյանն ասաց, որ  չի պատրաստվում ողջ օրն անցկացնել աշխատավայրում` դառնալով գրասենյակային աշխատող. ավելին` նա հայտնեց, որ հեռավոր շրջաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչություններ ստեղծելու մտադրություն կա, որը, սակայն, պետք է բյուջետային քննարկման դրվի:

Արծվիկ Մինասյանն էլ, կարևորելով մարդու ընտրական իրավունքը, ցանկացավ իմանալ, թե արդյոք ապագա օմբուդսմանը պատրաստ է միանալու ՀՅԴ նոր նախաձեռնությանը, որի նպատակն է ստեղծել շարժում՝ ապահովելու ընտրական իրավունքի պաշտպանությունը Հայաստանում:  Անդրեասյանն ասաց, որ եթե ոչ միանալ, ապա շարժման ներկայացուցիչների հետ հանդիպել և նրանց գործունեությանը  ծանոթանալ և համագործակցել կցանկանար:

Այնուամենայնիվ, Լիլիթ Գալստյանի կարծիքով, Անդրեասյանի հիմնական առավելությունը նախ և առաջ գործող իշխանությանը հավատարմությունն է:

Ռաֆիկ Պետրոսյանն էլ, ընդհակառակը, բարձր գնահատեց իր նախկին ուսանողի արժանիքները՝ թե’ մասնագիտական և թե’ ճանաչելիության առումով: Վերջին հատկանիշը պայմանավորեց Անդրեասյանի` մի շարք հեռուստահաղորդումներ վարելու հանգամանքով: Նա նաև, նախկին դասախոսի կեցվածքով, իրեն իրավունք վերապահեց Անդրեասյանին որոշ խրատներ տալ.

«Պետք է կարողանաք պաշտպանել ձեր չեզոքությունը և’ լրագրողներից, և’ ինչ-որ խմբերից, որոնք կուզենան ներազդել ձեր գործունեության վրա: Հանկարծ չսխալվեք այս կամ այն բանակի մեջ մտնել,- ասաց նա` ակնարկելով ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված շարժման մեջ ներգրավվելու` Արծվիկ Մինասյանի առաջարկությունը:

Վահան Հովհաննիսյանն էլ, դատապարտելով Հանրապետական կուսակցության ներկայացուցչի խրատը, իր ելույթում նշեց.

«Խրատում եք օմբուդսմանին, թե նա ինչ պետք է անի, որ ձեր դուրը գա,- ասաց նա,- և եթե հիմիկվանից այդպիսի խրատներ են հնչում, ուրեմն եկեք հասկանանք սկզբից` մեր երկիրն ընդհանրապես պատրա՞ստ է այս ինստիտուտն ունենալ, թե՞ ոչ»:

Հովհաննիսյանը, անընդունելի համարելով օմբուդսմանի թեկնածու առաջադրելու այսօրվա մեխանիզմը, հայտարարեց, որ յուրաքանչյուր խմբակցություն պետք է թեկնածու առաջադրելու հնարավորություն ունենա: Այս իրավիճակից ելնելով` ՀՅԴ-ն դեմ է քվեարկել Անդրեասյանի թեկնածությանը:

Դիտվել է 1626 անգամ:
Print Friendly

Leave a Reply