Պետական երկու բուհում կսկսվի փորձնական հավատարմագրում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2011 17:04

Ընթացիկ տարում Որակի ապահովման ազգային կենտրոնը` ՈԱԱԿ-ը, պետական երկու բուհում կսկսի փորձնական հավատարմագրում: Այս գործընթացին կմասնակցեն Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանները:

Փորձնական գործընթացի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով մարտի 1-ին ՈԱԱԿ-ում երկու բուհերի ռեկտորների հետ տեղի է ունեցել հանդիպում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Որակի ապահովման ազգային կենտրոնից, գործընթացի իրականացման համար հիմք կհանդիսանան քննարկման մի քանի փուլ անցած, առայժմ նախագծային վիճակում գտնվող փաստաթղթերը, այդ թվում` «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության որակի արտաքին գնահատման կարգը»:

Ըստ հավատարմագրման կարգի այս նախագծի` ուսումնական հաստատությունը նախ պետք է անցնի ինստիտուցիոնալ փորձաքննություն, որի արդյունքում կուսումնասիրվի ու կհավաստվի բուհի ենթակառուցվածքների որակը: Այն դրական արդյունքով հաղթահարելուց հետո միայն կսկսվի մասնագիտությունների կրթական ծրագրերի հավատարմագրումը: Նախատեսվում է յուրաքանչյուր բուհում իրականացնել մեկ ծրագրի հավատարմագրում, սակայն ԵՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը պատրաստակամություն է հայտնել փորձնական հավատարմագրման ներկայացնել երեք կրթական ծրագիր:

Երկու հավելյալ ծրագրերի համար բուհը պատրաստ է ինքը հոգալ ծախսերը: Ի դեպ, նշված երկու բուհերն էլ դեռեւս նախորդ տարվանից ներգրավվել եւ մասնակցում են ՈԱԱԿ-ի նախաձեռնած փորձաքննության փորձնական երկու ծրագրերին: Դրանց հիման վրա ու ՈԱԱԿ փորձագետների հետ հանդիպումների արդյունքում հաստատություններն այժմ իրականացնում են որոշակի շտկումներ, որոնք կօգնեն հավատարմագրման գործում:

Կողմերը նաեւ հատուկ անդրադարձել են փորձնական հավատարմագրումը հրապարակային կազմակերպելու հարցին եւ պայմանավորվել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ըստ հավատարմագրման կարգի նախագծի` բուհերից ստացված հայտերի համաձայն` առաջիկայում ՈԱԱԿ-ը նրանց հետ կկնքի պայմանագիր, որով էլ այդ բուհերի համար կազդարարվի անցումային շրջանով գործընթացի մեկնարկը:

Դիտվել է 1563 անգամ:
Print Friendly

Leave a Reply