Ալ. Մանասյան. «Պետք է ուղղել իրականության` ադրբեջանցիների կողմից աղավաղված պատկերը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2011 17:00

Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում հայկական կողմի գործը ներկայում պետք է ուղղվի քարոզչական մասին եւ ծառայի իրականության պատկերի ուղղմանը, որն աղավաղվում է հակառակ թեւի կողմից: Վերլուծական կենտրոններ են հարկավոր, որոնք լրջորեն կզբաղվեն տեղեկատվության նախապատրաստմամբ, մշակմամբ, հետո նոր միայն վերջինս կներկայացվի հանրությանը:

Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատմաբան, հրապարակախոս Ալեքսանդր Մանասյանը` ավելացնելով, որ դիվանագիտական, քարոզչական, գաղափարախոսական, իֆորմացիոն ճակատներում հայկական կողմը նույն արհեստավարժությունը պետք է ցուցաբերի, ինչ հրանոթային ռազմի դաշտում: «Այս մշակույթը մեզանում բացակայել է Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից, եւ քանի որ լավագույնս դրսեւորվում է ադրբեջանցիների կողմից, իրականության պատկերն աղավաղվում է»,-ասաց նա` ավելացնելով, որ քարոզչությունը գիտություն է, որ պահանջում է ամեն բառի ճշգրտություն:

«Մենք անփույթ ենք աշխատում»,-նկատեց բանախոսը` մատնանշելով որոշ օրինակներ` կապված ոլորտում հայերի կողմից օգտագործվող բառապաշարի հետ: «Ադրբեջանցին օգտագործում է «տեղափոխված անձինք» արտահայտությունը, իսկ մենք ասում ենք «տեղահանվածներ»` ադրբեջանցիների մասին խոսելով, ինչի արդյունքում իրականությունն է խեղաթյուրվում»,-ասաց նա:

Ալ. Մանասյանը նկատեց, որ այդ դաշտում առավել մեծ հմտություն ցուցաբերելու դեպքում միջազգային հանրությունը կքննարկեր, թե ադրբեջանական կողմը երբ պետք է ազատի իր կողմից գրավված տարածքները, մինչդեռ այսօր «գրավյալ տարածք» հասկացությունը նրանց է վերաբերում: Պրոֆեսոր Սամվել Խուդոյանի խոսքով` հայկական կողմն ակտիվ պայքարում է ինտերնետում քննարկումների միջոցով`պարզապես պատասխան տալով ադրբեջանցիների քայլերին:

«Ծրագրավորված հատուկ քայլեր չունենք այդ պատերազմում, զուտ հակազդում ենք, իսկ մյուս կողմում լուրջ աշխատանք է տարվում` հստակ ծրագրով` լեզուներով, հատուկ ուղղվածություններով` ըստ երկրների, կոնկրետ նպատակներով, եւ ամենակարեւորը` առանձնացված ֆոնդով»,-ասաց նա` ընդգծելով հարցի հոգեբանական կարեւոր կողմը, ըստ որի` պետք է պահպանել ներգործողի` ինֆորմացիա տրամադրողի իմիջը: «Իրենց մոտ ազգային ինքնագիտակցության մեծ շփոթ կա: Ո’չ կարգին թուրք են, ո’չ կովկասյան ազգ, ազգային ինքնության կռիվ են մղում, իսկ մենք, որպես թշնամի, օգնում ենք»,- նշեց նա: ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի խոսքով` կողմերը տեղեկատվական տագնապի մեջ են, ոչ թե`պատերազմի:

«Պատերազմը բանակային շտաբ է ենթադրում, որ պետք է նախապատրաստի, մշակի ինֆորմացիան, նոր ներակայցնի հանրությանը»,-նկատեց նա` ավելացնելով, որ կարեւոր է նաեւ թիրախը, ինչպես նաեւ` աշխատանքների համար նախատեսվող դրամաշնորհները: «Պատերազմի մասնակիցները, այն իրականացնողները լրագրողները կամ տեղեկատվությունը փոխանցողները չեն, այլ գիտական-հետազոտական կենտրոնների կողմից արվող աշխատանքը. դրա արդյունքը պետք է լինի»,-նշեց նա:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply