ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Կարեն Անդրեասյանը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 16:57
Հայաստանի Ազգային ժողովի կողմից այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Կարեն Անդրեասյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, իրավաբանական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի դոցենտ եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Արսենի Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին:
1994- 2002 թվականներին Կ. Անդրեասյանը սովորել եւ մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:
1997-2000 թվականներին աշխատել է մի շարք ՀՀ պետական մարմիններում` Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ եւ վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում եւ ՀՀ Ոստիկանության ակադեմիայում: 2001-2007 թվականներին դասավանդել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
2001-2003 թվականներին նա համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում` ՀՀ Իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում (որպես տնօրեն), «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում (որպես ծրագրի համակարգող), «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում (որպես իրավաբան): Նշված ժամանակաշրջանում նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին:
2003 թվականին նա աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական եւ իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող: 2003-2004 թվականներին որպես միջազգային փորձագետ եւ խորհրդատու` աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19ե միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնությունե միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում:
2005-2008 թվականներին աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետեւ փոխտնօրեն: 2006-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: 2008 թվականից մինչ օրս «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն է:
2007-2010 թվականներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային եւ հասարակական նախագծեր, այդ թվում` Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի եւ հետաքննական լրագրության բուհական մրցույթ` լրագրող եւ իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում: Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ այլ աշխատությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:






Facebook
Tweet This
Email This Post
