Վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները ԵՊՀ-ում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողների հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2011 16:48

-Մեծարգո վարչապետ, 2010թ. տարեվերջին կառավարության նիստի ժամանակ Դուք մտահոգություն հայտնեցիք կրթական ոլորտում ահագնացող կոռուպցիայի վերաբերյալ: Ինչպե±ս եք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը բարձրագույն կրթության ոլորտում: Կարո±ղ են արդյոք ուսանողական կառույցներն այս հարցում հանդես գալ որպես Ձեր հիմնական դաշնակիցներ:

-Շնորհակալություն: Դուք ճիշտ հիշատակեցիք, որ մենք կարևորում ենք այդ հարցը և եղավ հրապարակային հանձնարարություն պարոն Աշոտյանին, որպեսզի հանրությանը ներկայացնի հակակոռուպցիոն միջոցառումների հստակ ծրագիր, ինչը և կատարվեց: Այդ հակակոռուպցիոն միջոցառումները նաև տեղակայված են կրթության նախարարության կայքէջում: Այսինքն` դուք կարող եք ծանոթանալ այդ միջոցառումներին: Երկրորդը` կարծում եմ, որ մենք այդ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման գործում հաջողության կարող ենք հասնել միայն ձեզ հետ համագործակցելով: Սա ինձ համար աքսիոմ է: Կառավարությունը միայնակ, նախարարությունը միայնակ իրենց գործողություններում հաջողության չեն հասնի, եթե չլինի ձեր աջակցությունը: Այդ տեսակետից նախարարությունը բաց է երկխոսության համար: Նախարարը ձեզնից ստացել է բազմաթիվ առաջարկություններ, թե այդ հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրն ինչպես կարելի է համալրել նոր առաջարկություններով: Մենք պատրաստ ենք երկխոսության, և ցանկացած նախաձեռնություն, որը կգա ուսանողներից, ստանալու է մեր աջակցությունը: Մենք պատրաստ ենք դա անել հրապարակային: Եթե դուք կարողանաք ձեր շրջանակներում կազմակերպել նման քննարկումներ, որպեսզի ձևավորեք այնպիսի տեսակետներ, որոնք կստանան աջակցություն ուսանողների ճնշող մեծամասնության կողմից, մենք պատրաստ ենք նաև այդ քննարկումներին գալ և անմիջական մասնակցություն ունենալ: Մենք հաջողության կհասնենք միայն ձեր աջակցության շնորհիվ` բացահայտելով պատճառները, կոնկրետ դեպքերը և հրապարակային իրականացնելով մեր գործողությունները: Իսկ մնացած միջոցառումներն ավելի մանրամասն կայքէջում տեղադրված են: Եկեք պայմանավորվենք, որ մենք առանձին այդպիսի հանդիպում ձեզ հետ անցկացնենք և համապարփակ, համալիր հենց այս դահլիճում այսպիսի մեծ մասնակցությամբ քննարկենք ձեր և մեր առաջարկությունները:

-Հարգելի պարոն վարչապետ, ինչպե±ս եք վերաբերվում այն պնդումներին, համաձայն որոնց` Ձեր ղեկավարած կառավարությունը շուտով պետք է վայր դնի իր լիազորությունները:

-Լավ հարց է: Ընդհանրապես ցանկացած երկրում, որտեղ գոյություն ունի ընդդիմություն, ընդդիմության նպատակն է գալ իշխանության, և ընդդիմությունն իր բոլոր գործիքներով, գործիքակազմով պահանջում է գործող իշխանությունների հրաժարականը, որպեսզի նրանք հնարավորություն ստանան զբաղեցնել գործող իշխանությունների տեղը: Կառավարությունների հրաժարականի պահանջը քաղաքական պայքարի տրամաբանական ձև է և, բնականաբար, ընդդիմությունը մշտապես այս ձևն օգտագործում է իր քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար, որպեսզի հասնի իր ծրագրային նպատակին:
Իշխող քաղաքական ուժը նույնպես պայքարում է ժողովրդի ձայների համար` ապացուցելով ժողովրդին, որ ինքը հենց այն ուժն է, որն ի վիճակի է իր ուսերի վրա տանել այն հոգսերը, որոնք առկա են և լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր պետության և ժողովրդի առջև: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, “Օրինաց երկիր” կուսակցությունը, ստորագրելով հուշագիրը, ևս մեկ անգամ ժողովրդին հաղորդեցին ազդակ, որ այդ քաղաքական ուժերն ունեն կամք, վճռականություն դիմագրավելու առկա բոլոր մարտահրավերները և երկիրն առաջ տանել: Բնականաբար, մեր ընդդիմախոսները պետք է փորձեն ապացուցել հակառակը: Ես համոզված եմ, որ դա նրանց չի հաջողվելու, որովհետև մեր ժողովրդի կարծիքն այդ առումով մեզ համար շատ հստակ է, տեսանելի և հասկանալի: Մենք հարգում ենք մեր ընդդիմախոսների քննադատությունը և տեսակետները, բայց միևնույն ժամանակ մենք ունենք համարձակություն ներկայացնելու մեր տեսակետները և պայքարել դրա համար, որպեսզի ժողովուրդը աջակցի մեզ և մեր կառավարությանը: Շնորհակալություն:

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply