ՀԱԿ-ը լրացուցիչ ընտրազանգվածի խնդիր է լուծում, «Ժառանգությունը» շարունակում է մանևրել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 2, 2011 16:32

2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո արդեն ավանդաբար  այս օրն ուղեկցվում է ՀԱԿ-ի բազմամարդ հանրահավաքներով: Պահանջում են մարտի 1-ի դեպքերն ամբողջությամբ բացահայտել, մեղավորներին պատժել, դեռևս բանտերում պահվող ընդդիմադիրներին ազատ արձակել, արտահերթ ընտրություններ անցկացնել: Փորձում են իրենց վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը: Սակայն հատկապես վերջին երկու տարիներին անցկացվող հանրահավաքներն ու այնտեղ հնչող ելույթներն ավելի շատ նման էին առկա իրավիճակի արձանագրմանը, իսկ նպատակը ժողովրդին «տաք պահելն էր»: Իհարկե, սուր քննադատության էր ենթարկվում նաև ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, բարձրացվում էին որոշ սոցիալ-տնտեսական խնդիրներ, միայն թե այս ամենը հիմնականում ավարտվում էր իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներով ու «իրար բաներ հիշեցնելու» ինտրիգներով:

Այս տարվա հանրահավաքը իր բնույթով այլ էր: Հանրահավաքի և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տրամաբանությունը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը կամովի մտնում է խորհրդարանական ընտրությունների դե ֆակտո սկսված պայքարի մեջ, չնայած այն հայտարարությանը, որ այս պահին ՀԱԿ-ի համար հիմնական նպատակը արտահերթ ընտրությունների հասնելն է: (Առհասարակ քաղաքական դաշտում առկա հիմնական բոլոր խաղացողները շատ արագ և միաժամանակ մտան նախընտրական խաղի մեջ:) ՀԱԿ-ն ակնհայտորեն իր հաշվարկները կատարել է` օգտագործելով երկու գործոն.

1.Գնաճի և կառավարության վերջին որոշումների պատճառով բարձրացած սոցիալական լուրջ բողոքը:

2.Արաբական ու մահմեդական երկներում սկսված հեղափոխությունների նախադեպը:

Եվ եթե հենց այս տեսանկյունից դիտարկենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որն ընդդիմադիր առաջնորդը նախընտրեց անվանել «Հանրահավաքի կողմից ընդունվող հայտարարություն», ի տարբերություն նախկին ելույթների, ոչ թե ավանդաբար պարունակում էր փաստերի արձանագրում և ավելի ընդհանրացված, մեծապես  հենց արտախորհրդարանական ընդդիմությանն աջակցող մարդկանց բավարարող պահանջներ, այլ մասնավորեցված, բայց միաժամանակ սոցիալական ավելի լայն խավերի բողոքն  ընդգրկող քաղաքական փաստաթուղթ էր: Իր հայտարարած «Ծրագիր-ուղենիշ»-ում Տեր-Պետրոսյանը խոսեց  15 պահանջների մասին, որոնց կատարման կամ զգալի մասի կատարման դեպքում պատրաստ է «գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ` օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»: Իր հայտարարությունը ընթերցելուց հետո Տեր-Պետրոսյանը  խնդրեց հավաքվածներին հայտնել իրենց կարծիքը. հայտարարությունն ընդունվեց ձայների «բացարձակ մեծամասնությամբ»:

Ըստ էության` ՀԱԿ-ի առաջնորդը կրկին կիրառեց դեռ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո ընտրած մարտավարությունը, որ երկխոսություն կսկսեն իշխանությունների հետ միայն իշխանության կողմից որոշակի պահանջները բավարարելու դեպքում: Բայց այս անգամ, մարտի 1-ի հետևանքները վերացնելու հետ կապված պահանջներից զատ, ՀԱԿ-ի առաջնորդը նաև այլ պահանջներ ներկայացրեց` կապված կառավարության սոցիալական տարբեր խմբերին վերաբերող վերջին որոշումների հետ, պահանջեց նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար): Այլ կերպ ասած` ՀԱԿ-ն այժմ նպատակ ունի, օգտագործելով արտահերթ ընտրությունների գաղափարը, հանդես գալ որպես արագ լուծումներ առաջարկող ուժ և վերջին արաբական հեղափոխությունների տրամաբանությամբ իր ընտրազանգվածը չհանդիսացող, բայց բնակչության ընդդիմադիր տրամադրված հատվածին մոբիլիզացնել իր շուրջն ու ուղղորդել նրան:

Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջեց «կամայականությունների և թերացումների համար պաշտոններից ազատել վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին, քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և մի շարք պաշտոնյաների, հրապարակել անկախության շրջանի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և ունեցվածքի մասին տվյալներ»: Իհարկե, նա շատ լավ հասկանում է, որ այս պահանջները չեն կատարվելու: Եվ եթե իշխանությունները մարտի 1-ին ընդառաջ որոշ կոսմետիկ քայլեր կատարեցին` փորձելով հանգստացնել վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներին,  ազդարարեցին, որ գազի գները չեն բարձրանալու, Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման առիթով քրեական գործ հարուցեցին, դեռ չի նշանակում, որ պատրաստ են ավելին զիջել:

Իշխանությունն այս պահին միայն մեկ կարևոր խնդիր ունի`թույլ չտալ, որ բարձրացած սոցիալական բողոքը վերածվի խռովության: Սակայն իշխանությունն, ըստ էության, չի հրաժարվում մարդկանց խոսքերով ու խոստումներով կերակրելու քաղաքականությունից: Իզուր չէր վարչապետ  Տիգրան Սարգսյանը, որպես «քավության նոխազ», բոլոր հեռուստաընկերությունների էկրանից բնակչությանը համոզում, թե ժողովուրդ, սպասեք, շուտով լավ ենք ապրելու, թվային մանիպուլյացիաներով «բացատրում», որ իրենց «տնտեսական ձեռքբերումների» ազդեցությունը բնակչությունը շուտով զգալու է լավ առումով, չնայած ամեն օր մի նոր խումբ հակառակ ազդեցությունն է զգում իր վրա:

Սակայն պետք է ընդգծել, որ բավական հետաքրքիր նրբություն  էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից վերոհիշյալ պաշտոնյաներին հեռացնելու առաջարկը, իսկ հետո բուն իշխանությունը կրողների հետ նստել երկխոսության, թեկուզ արտահերթ ընտրությունների նպատակով, այն դեպքում, երբ ՀԱԿ-ի պայքարը սկսվեց ներկայիս նախագահին ու նրա թիմին նախագահական ընտրությունները կեղծելու մեջ մեղադրելով:

Սրան արձագանքեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարելով, թե հարց է ծագում` ով պիտի համապատասխան պաշտոնյաներին հեռացնի աշխատանքից. «Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր ժողովուրդը այսօր, վաղը և տևական պայքարի միջոցով պետք է ինքը որոշի, թե ով է լինելու իր գործադիր և օրենսդիր իշխանավորը, որը մինչև հիմա չի եղել»:

Փաստ է, որ «Ժառանգությունը» չի ձգտում դառնալ այդ ուժը: «Ժառանգությունն» իր ողջ գործունեությամբ ցույց է տալիս, որ լուծում է միայն «միշտ ժողովրդի կողքին ներկա լինելու» և հաջորդ խորհրդարանում էլ ուղղակի իր ներկայությունը պահելու խնդիր, թեկուզ չնչին կազմով: «Ժառանգության» պատգամավորները ակտիվորեն մասնակցում են սոցիալական բողոքի ցույցերին, ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող շատ հարցեր բարձրացնում են նաև խորհրդարանում, սակայն կուսակցության ողջ ուժը միայն խմբակցության մի քանի պատգամավորների ակտիվության մեջ է: Դրանից դուրս «Ժառանգությունն» ուղղակի չի աշխատում: «Ժառանգությունը», բնակչությանն իր շուրջը համախմբելու փոխարեն, նախընտրում է կապող օղակ դառնալ ըննդիմության մյուս երկու ուժերի` ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև` արտաքնապես պահելով իր ինքնուրույն ուժ լինելը:

Փետրվարի 28-ին խորհրդարանում Ռաֆֆի Հովհաննիսյանի` կոալիցիոն հուշագրի մասին հայտարարությունից հետո «Ժառանգության» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստերը: ԶԼՄ-ներն անմիջապես գրեցին, որ «Ժառանգությունը» կարող է վայր դնել իր մանդատները, սակայն շուտով հայտարարություն տարածվեց, որ այդ հարցը կքննվի մարտի 6-ին կայանալիք նիստում: Դժվար է հավատալ, որ այս պահին «Ժառանգությունը» կգնա այդ քայլին: Նախ` առաջին անգամ չէ, որ կուսակցությունը «սպառնում» է վայր դնել մանդատները, բացի այդ, եթե իսկապես գնա նման քայլի, ապա կնախընտրի դա անել նախընտրական պայքարի շատ ավելի թեժ պահին: Բացի այդ, հիմա «Ժառանգությունը» հիշեցնում է ՀԱԿ-ին, նաև ՀՅԴ-ին, իր կշռի մասին` պայմանավորված հենց խորհրդարանական ուժ լինելու հանգամանքով: Հենց այս շրջանակներում պետք է դիտարկել ՀԱԿ-ի հանրահավաքին «Ժառանգության» պատգամավորների լուռ մասնակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ հարթակ չբարձրացավ` հիշեցնելով ՀԱԿ-ին, որ ինքը ժողովրդի կողքին է, ոչ թե ՀԱԿ-ի, և չի «հանձնվի», քանի որ կարող է մանևրել որպես միջնորդ ըննդիմադիր դաշտում:

Իսկ ՀՅԴ-ն չի շտապում. դեռևս սահմանափակվում է խորհրդարանական  գործունեությամբ, պահանջում է գազի գների հետ կապված խնդիրներ քննող հանձնաժողով ստեղծել:

Ակտիվ  է ԺԿ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը: ՀԱԿ-ի նման վերջնագրեր է ներկայացնում, բայց ընդհանուր քաղաքական դաշտում նրա շուրջ խոսակցություններն ավարտվում են նրան ընդդիմությունից իշխանական դաշտ և նորից հետ ուղարկող մեկնաբանություններով, չնայած որոշ քաղաքական գործիչներ չեն հրաժարվում օգտագործել Տիգրան Կարապետյանի առաջարկած հարթակը:

Ընդդիմադիր դաշտում նոր և ինտրիգային զարգացումները շարունակելի են: ՀԱԿ-ը վերջնագիր է ներկայացրել իշխանություններին, որի արձագանքին կսպասի մինչև մարտի 17-ը,  Տիգրան Կարապետիչն էլ պատրաստվում է մարտի 21-ին պահանջել արդեն ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ  որ «իշխանություններն ուղղակի հեռանան մեզանից»:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1767 անգամ:
Print Friendly

Leave a Reply