Մրցույթ լրագրողների համար` 5,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 15:21
«Երիտասարդությունն է Հայաստանի Հանրապետության հույսը, հայության ապագան» թեմայով լրագրողական լավագույն հրապարակումների համար հայտարարվել է միջազգային մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամները:
Ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն հայ երիտասարդության առաջնահերթություններն ու խնդիրները` Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի պաշտպանունակության հզորացման, Հայրենիք-Սփյուռք կապերի առավել սերտացման վերաբերյալ: Մրցույթն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի եւ Հայաստանի ժուռնալիստների միությունների նախաձեռնությամբ:
«Այս տարի ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել են երիտասարդության տարի, այդ իսկ պատճառով էլ մրցույթը երիտասարդական թեմատիկայով է»,-պարզաբանեց Վ. Աղայանը: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: Սահմանվում են հետեւյալ մրցանակները` պարբերական մամուլ` երկու մրցանակ` 750 հազար-ական դրամ, հեռուստահաղորդումներ` երկու մրցանակ` 550 հազար-ական դրամ, ռադիոհաղորդումներ` մեկ մրցանակ` 360 հազար դրամ, ցանցային ԶԼՄ` մեկ մրցանակ` 360 հազար դրամ, սփյուռքահայ մամուլ`մեկ մրցանակ` 360 հազար դրամ:
Երեք մրցանակ է սահմանվել նաեւ Ռուսաստանի հայերի միության` Հայաստանում ծավալված գործունեության լավագույն լուսաբանման համար. պարբերական մամուլ` մեկ մրցանակ` 360 հազար դրամ, հեռուստահաղորդումներ` մեկ մրցանակ` 360 հազար դրամ, ռադիոհաղորդումներ`մեկ մրցանակ` 360 հազար դրամ: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի տեղեկացմամբ` մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2011թ. սեպտեմբերին:






Facebook
Tweet This
Email This Post
