Քաղաքապետի նախաձեռնությամբ վերականգնվեց բարի ավանդույթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 10:30
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում թատրոններ և թանգարաններ հաճախելու ավանդույթի վերականգնման, ինչպես նաև կրթական հաստատություններում ուսումնադաստիարակչական և ճանաչողական գործունեության ակտիվացման նպատակով ս/թ. մարտի 1-ից Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ և թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչությունների, մայրաքաղաքի թատրոնների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների համատեղ քննարկման արդյունքում կազմվել է ինչպես ուսումնական ծրագրերի համապատասխան ներկայացումների խաղացանկը, այնպես էլ հստակ ժամանակացույց, որի համաձայն քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցների ավելի քան 80 հազար 300 աշակերտ այս ուսումնական տարում (մարտի 1-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ) հնարավորություն կունենա այցելել մայրաքաղաքի 9 թատրոններ։
“Ծրագիրը քննարկվել է դեռևս հունվարից։ Բոլոր թատրոնների խաղացանկերը ներկայացվել են դպրոցներին, և ուսուցչական կոլեկտիվների և ծնողների համատեղ քննարկման արդյունքում ընտրվել են ներկայացումները։ Յուրաքանչյուր թատրոնից ընտրվել է երեքական ներկայացում և, փաստորեն, կազմված ժամանակացույցի համաձայն, յուրաքանչյուր դպրոց մինչև ուսումնական տարեվերջ հնարավորություն ունի դիտելու նշված թատրոնների երեքական ներկայացում” – ծրագրի մեկնարկի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Ծրագրով նախատեսվում է նաև դպրոցականների անվճար այցելություններ Երևան քաղաքի պատմության թանգարան և դպրոցականի ֆիլհարմոնիա, որտեղ աշակերտների համար ճանաչողական և խաղ-դասեր կկազմակերպվեն։






Facebook
Tweet This
Email This Post
