ՄԻՊ թեկնածուն ԱԺ-ին ներկայացրեց իր ծրագրային դրույթները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2011 14:26

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր կընտրի ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանին: Մինչ այդ, կոալիցիայի անդամ 48 պատգամավորների առաջադրած թեկնածու Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում հանդես եկավ ելույթով, ներկայացրեց իր ծրագրերն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կատարելիք քայլերը:

Նրա խոսքով` մեր երկրում ժողովրդավարությունը երիտասարդ է, նրա մակարդակն այսօր բավարար համարել չի կարելի, բայց ստեղծվում են քաղաքացիական ինստիտուտներ, որոնք իրենց գործունեությամբ միտված են երկրում ամրապնդելու ժողովրդավարական սկզբունքերը: Կ.Անդրեասյանը, անդրադառնալով խոսքի ազատության խնդրին, նշեց, որ պատրաստակամ է ակտիվորեն գործակցել լրագրողների հետ` վեր հանելու ոլորտի թերությունները: ՄԻՊ թեկնածուն անհրաժեշտ համարեց մարզերում օմբուդսմենի ներկայացուցիչների անհրաժեշտությունը, նաեւ ՄԻՊ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:

Ի դեպ, Կ.Անդրեասյանը պատրաստվում է շարունակել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի ծրագրային դրույթները` դրանք համարելով հեռահար եւ նպատակային: Նա նաեւ ցավով ընդգծեց, որ օմբուդսմենի այլ թեկնածու առաջադրված չէ, եւ չնայած դրան` իր ընտրվելու դեպքում պարտավորված է լինելու պաշտպանել ցանկացած ուժի, անհատի իրավունքները: «Մարդու իրավունքերի պաշտպանը բոլորի պաշտպանն է եւ ընտրվելու դեպքում այս սկզբունքը պետք է պահեմ մինչեւ վերջ»,- ասաց Կ.Անդրեասյանը:

ՀՀ սահմանադրության համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանին 6 տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ, Փաստաբանների պալատի անդամ: Սովորել եւ մասնագիտացել է նաեւ միջազգային այլ հեղինակավոր հաստատություններում:

Հիշեցնենք, որ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հրաժարական էր տվել` անցնելով Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձանակատարի ներկայացուցչի պաշտոնին:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply