Ըստ ԿԳ նախարարի` հանրապետությունում բուհերը պահանջարկից շատ են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2011 13:23

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող ստուգումները շարունակական բնույթ են կրելու` հաջորդ անգամ իրականանալով ամռանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարար Արմեն Աշոտյանը` ավելացնելով, որ այս ստուգումները մշտապես տալիս են իրենց դրական արդյունքը:

«Ստուգումներ են իրականացվել մոտ 25 բուհերում, որոնցից գրեթե բոլորում էլ որոշակի թերություններ են նկատվել` ոչ փակմանը հանգեցնելու չափ: Նմանօրինակ ստուգումների արդյունքում այդ թերությունները շտկվում են»,-ասաց նա` փաստելով, որ Հայաստանում պարզապես 22 պետական եւ 40 ոչ պետական ուսումնական հաստատությունների անհրաժեշտություն չկա:

«Ոչ այդքան ռեսուրսներ ունենք, ոչ գիտամանկավարժական կադրեր, ոչ էլ աշխատաշուկայում այդքան պահանջարկ կա»,-ասաց նախարարը` չժխտելով, որ գործընթացը գուցեեւ փոքր-ինչ ուշացած է, սակայն արդեն շատ դրական է, որ ոչ պետական բուհերի թիվը 70-ից տարվա սկզբին հասել էր 45-ի, իսկ այժմ արդեն` 40-ի: «Բուհ չի նշանակում միայն լսարանների ու նստարանների ապահովում, այն նշանակում է գրադարան, որոշակի տեխնոլոգիաներ, մեխանիզմներ, կադրեր»,-ասաց նա` ողջունելով նաեւ բուհերի խոշորացման գործընթացը:

«Առաջիկայում ոչ պետական ուսումնական հաստատությունների թիվը եւս 6-ով կկրճատվի, քանի որ 7 բուհեր միավորվելու են մեկի շուրջ»,-ասաց նա` հավելելով, որ բուհերի միավորումից ձեւավորվում է առավել բարձր որակի ուսումնական հաստատություն: Նախարարը հիշեցրեց, որ նախարարության` փետրվարի 24-ին կայացած կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստի որոշումով կասեցվել է 2 բուհի գործունեություն, մեկում փակվել են խոշոր ֆակուլտետներ, մեկն` ինքն է դիմել գործունեությունը դադարեցնելու համար, 3-ը` միավորվել են մեկի շուրջ:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply