ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի մասնակցությունը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում Հայաստանի զեկույցի քննարկմանը եւ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստճան քննարկումներին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 2, 2011 13:18

Փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին Ժնեւում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր 78-րդ նստաշրջանում քննարկեց Հայաստանի 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցը: Զեկույցի քննարկմանը մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությունների, ոստիկանության, կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում` կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայիով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական եւ պրակտիկայում արձանագրված բարեփոխումները: Պատվիրակության անդամները պատասխանեցին կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` մասնավորապես ներկայացնելով ՀՀ ազգային փոքրամասնությունների կրթական, սեփականության իրավունքների, նրանց մշակութային, կրոնական ու լեզվական ավանդույթների պաշտպանությանն ուղղված միջոցառումներն ու զարգացումները:

Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների եւ առաջարկությունների ընդունումը:

Ռասայական խտրականության վերացման կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի անդամ պետությունների կողմից կոնվենցիայի կատարման ընթացքը` 2 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցի միջոցով:

Մարտի 1-ին Արման Կիրակոսյանը մասնակցեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին: Նա հանդես եկավ ելույթով, որում անդրադարձ կատարեց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման խնդիրներին, ՄԻԽ շրջանակներում ընթացող գործընթացներին Հայաստանի մասնակցությանը եւ ՄԻԽ օրակարգային այնպիսի կարեւոր հարցերի, ինչպիսիք են` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, ցեղասպանության հանցագործության կանխարգելումը եւ խտրականության վերացումը:

ՄԻԽ նստաշրջանի ընթացքում ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, շուրջ ութսուն երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում այդ թվում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին գործերի ղեկավարը:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply