Կարգին հոդված. Մկոն

Շաբաթվա լուր | | August 7, 2009 19:08
14

Կարգին Մկոն

Մկոյի հետ առաջին անգամ «տեսնցվեցի» «Կարգին հաղորդման» գրասենյակում, երկրորդ անգամ «տեսնվցվցեցի» Զեյթունի իր բնակարանում (մի գովազդում Հայկո-Մկոյի՝ լեզվական սխալի չափազանցումով հորինած այս բառերը շատերին զվարճացրին և հունից հանեցին հայերենը միայն աղոթքի համար պահած ու նրանով կատակել չհանդուրժողներին)։
Մինչդեռ «Կարգին հաղորդման» մեջ անգամ աղոթքի հայերենն է աշխարհիկ, «պարոն տերտերը» պսակելուց ասում է. «Կյանքի բոլոր դժվարություններին՝ ընդե հիվանդություն ա, սովածություն ա, լվացքի մեքենայի փչանալ ա, կոֆեի վերջանալ ա… տե՞ր ես»:

Միայն աղոթքի նման վեհ ու լուրջ բաները, տխուրն ու ողբերգականն արվեստ համարողների հետ Մկոն կարող է ժամերով բանավիճել, թե ինչքան ավելի հեշտ է արցունք բերել` «համապատասխան երաժշտական ձևավորում, լուսային էֆեկտներ ու խաղ, մինչդեռ հումոր ստեղծելը բարդ է. երգիչը կարող է մի տարի նույն երգը երգել, իսկ նույն կատակի վրա մարդիկ երկրորդ անգամ չեն ծիծաղում»:
Եվ Մկրտիչ Արզումանյանն ու Հայկ Մարությանը միշտ խուսափում են իրենք իրենց կրկնել և ստեղծում են միևնույն խավի ոչ թե մի տիպ (ինչպես հաճախ հայ հումորիստները միևնույն ձևով են ներկայացնում գողականին կամ միասեռականին), այլ բազմազան պերսոնաժների ալբոմ. տասնյակներով բժիշկներ, գայիշնիկներ, բիզնեսմեններ, սիրուհիներ, որոնք անհատականացվում են հատկապես իրենց խոսքով:

Առհասարակ, լեզուն շատ կարևոր դեր ունի «Կարգին հաղորդման» մեջ, ուր երգիծանքի մի զգալի մասն ստեղծվում է տարբեր մասնագիտությունների, սոցիալական շերտերի ու հոգեբանական կերտվածքների ներկայացուցիչներին բնութագրող խոսքով:
Կերպարը կերտելու համար նրանք օգտագործում են ոչ միայն սոցիալական խավին բնորոշ լեզուն, այլև ստեղծում են մի նոր խոսք, որը շատ ավելի ցայտուն է դարձնում ներկայացվող տիպը, քան նատուրալիստական պարզ ընդօրինակումն ու փոխառումը:

Օրինակ՝ կանալիզացիա մաքրող վարպետն ասում է. «Էսի հարուստների շենք ա, սրանք շատ են ուտում, ոնց որ ասում ա՝ ըստ այդն, հոտն շատն»։ Հարբած վարորդը սիրածին հեռախոսով ասում է. «Քո նշանածը նշանածված ա էս քաղաքի գլխավոր կրուտիտ ըլնողը…, ախչի, էնքան կռռաուզ արիր, գային ինձ բռնաուծ արեց», սիրուհուն համոզողը պնդում է, որ «կիսրար ձաձի» ներկայությունից չմտահոգվի. «Ի՞նշ պիտի ջոգի էդ Հուլիոս կեսարը, սաղ վախտ տելևիզրի դեմը փտում ա», գայիշնիկը, որ պիտի որդու ծնունդի համար տորթ առնի, ավտոյի մոտենալուց ոգևորվում է. «Իա, էս տորթն իրա ոտով գալիս ա, մոմերն էլ ռյուլին», և այլն։
Սակայն «Կարգին հաղորդման» հաջողությունը միայն լեզվով չի պայմանավորված: Ամերիկացի ռեժիսոր ու դերասան Վուդի Ալենը խոսում էր համր ու տեքստային հումորների սկզբունքային տարբերության մասին. Հայկո-Մկոյի աշխատանքներում ասես զուգադրվում են այդ երկու սկզբունքները։

Անգլիական դասական Չիչո-Ֆրանկո, Լորել-Հարդի (նրանց նմանությամբ՝ հայկական Շոռն ու Շոռշոռը) կատակերգակ զույգերին հիշողը կարող է կարծել, թե Հայկո-Մկո զույգը նույն սկզբունքով է ստեղծվել՝ արտաքին տեսքի, բոյով-կոլոտի, չաղ ու նիհարի ֆիզիկական հակադրության ծիծաղելիության սկզբունքով։ Ճիշտ է, հայկական ստանդարտների պայմաններում՝ Մկոյի կողքին ով էլ կանգնի, կարճլիկ կերևա (Հայկոյին առանձին տեսնողները զարմանում են՝ «էս ինչ բոյով ես»), որովհետև աստված բոյ-բուսաթ բաժանելիս Մկոյի վրա քծիպություն չի արել։ Բայց այս դեպքում արտաքին կոնտրաստի սկզբունք չի բանեցվել ոչ թե այն պատճառով, որ Հայկո-Մկոյի ընկերությունն ու համատեղ աշխատանքն սկսելուց դեռ «էս գործով չէր զբաղվում» Հովոն, ում բոյը Մկոյի կողքին ծիծաղաշարժ կընկալվեր: Այդ բոյերի հակադրությունը հետագայում խաղարկվեց «7 ու կես»-ում: Ուղղակի Հայկո-Մկոյի հումորներն ընդհանրապես կառուցված չեն ֆիզիկական տվյալների շահարկման վրա։

Այդ համատեղ աշխատանքն ընդհանուր կենսագրական հիմք ունի և սկսվել է այն օրերին, երբ Մկոն՝ Գյումրիի, իսկ Հայկոն Երևանի ճարտարագիտական համալսարանի ուսանողական թիմերի կազմում մասնակցում էին ՈւՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) մրցույթներին, հետո ընդգրկվեցին հավաքականում ու խաղը շարունակեցին Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հետո պատահմամբ միասին ծառայեցին բանակում։
Ճարտարագիտական համալսարանը Մկոյին ոչ միայն կրթություն տվեց և ՈւՀԱ-ով գտած Հայկոյին, այլև ուհայական օպերատիվություն, երբ, ի տարբերություն տեքստ անգիր անելու վրա օրերով չարչարվող թատրոնի դերասանների, իրենք արդեն նկարահանման հրապարակում են ստեղծագործում ու հանպատրաստից խաղում՝ սցենարի փոխարեն օգտագործելով նախնական նշումներ։

Ճարտարագիտականը Մկոյին նաև կին տվեց՝ մի կուրս ցածր սովորող Աննային, որ հիմա բանկի հաշվապահի աշխատանքը թողել ու իրենց երկրորդ երեխային՝ Ալեքսանդրին է պահում (աղջիկը՝ Սուսաննան, 3-րդ դասարան է փոխադրվում)։ 2 տարեկան Ալիկին հայրը «դև» է ասում, որովհետև հազիվ է հասցնում որսալ նրա ցատկերն իրենց բնակարանում: Հետախույզ դևիկի ահից բոլոր պահարանների բռնակները հանել են ու որոշները նույնիսկ պարաններով կապկպել:
33-ամյա Մկոյի ընտանիքում բոլորն են Գյումրիի ճարտարագիտականի հետ կապված. քույրը նույն համալսարանի շրջանավարտ է, հայրը` դեպարտամենտի վարիչ, մայրը տնտեսագիտություն է դասավանդում ու նաև բանկում աշխատում։

Շատերի համար միասնական ամբողջություն ընկալվող Հայկո-Մկո զույգը, որ իրենց հարազատների համար, բնականաբար, բոլորովին առանձին ու տարբեր անհատականություններ են, ինձ համար էլ տրոհվեց, քանի որ ես հանդիպելու հնարավորություն ունեցա միայն Մկոյի հետ։
Տարբերություն, այնուամենայնիվ, կար, բայց՝ իմ պատկերացրած ու իրական Մկոների միջև։ Ակնկալելի զվարճախոսի, անեկդոտ ու սրամտություն շաղ տվող կատակաբանի փոխարեն՝ անակնկալ լուրջ ու զուսպ էր նա և նույնիսկ ամաչկոտ էր թվում։
Բայց խոսքը չարչրկված «տխուր ծաղրածուի» մասին չէ, պարզապես այն, ինչ ուրիշների համար ժամանց ու հանգիստ է, նրա համար աշխատանք է, տքնաջան աշխատանք, որից դուրս նա կատակչիի իմիջ ապահովելու կարիքը չունի։

Առհասարակ, Հայկո-Մկոյի բոլոր նախագծերն էլ աշխատատար են եղել (հիմա արդեն իրենց «օրգանիզմն է պահանջում» մանրակրկիտ աշխատանք), չնայած բոլորը չէ, որ իրենցն են համարում. բարդ ու ծախսատար «Մութ պատմություն» դետեկտիվ շոուն, օրինակ, երկար կյանք չունեցավ և նրանց ստեղծագործական հնարավորությունները լիովին չբացահայտեց։ Եվ իբրև «Թույն կասետ», «Ուրիշ կասետ» վիդեո-արտադրանքների (97-98թթ.) շարունակություն՝ նրանց փառահեղ հաջողություն բերեց «Կարգին հաղորդումը»։
«Կարգին հաղորդման» համար որպես հումք հաճախ օգտագործվում են անեկդոտներն ու զվարճալի պատմությունները, բայց դա պարզապես անեկդոտ բեմադրել չէ (Մկոն նույնիսկ անեկդոտ պատմելուց լավ չի) և ուրիշների` անեկդոտը «մեկը-մեկին» բեմադրելուց տարբերվում է իմպրովիզացիաներով, լեզվական նորամուծություններով և մանրամասների մշակվածությամբ։

Նրանց մանրապատումներում շեշտը միայն անեկդոտիկ անակնկալ ֆինալի վրա չի դրված, անեկդոտի միագիծ սյուժեն հարստացնում են ճյուղավորվող ու զուգահեռվող սրամտություններով, որ պարզ անեկդոտը վերածում են բազմաշերտ հումորի։ Օրինակ՝ մի մանրապատում, որի անեկդոտային հիմքը պատմություն է թաղապետի ու ավագանու ընտրություններին միայն իր ու կնոջ երկուական քվեն ստացող թեկնածուի մասին, որ երբ հերթական անգամ արդեն 3 քվե է ստանում, կինը զայրանում է՝ ուրեմն, սիրած ունես: Այս պատմությունը հարստանում է ոչ միայն կնոջ հեգնանքով, որ մի այլ թեկնածու՝ հարևան հարբեցողը, ինտելիգենտ ամուսնուց ավելի շատ ձայներ է ստանում, և որ «Էրկու ձենով թաղապետ կարաս դառնաս մենակ Ադամի ու Եվայի ժամանակ, կդառնայիր Եդեմի կենտրոնի թաղապետ», այլև զուգահեռ տեսողական պատկերով. ամուսինները հետևում են ընտրությունների արդյունքներին հեռուստացույցով, ուր երևում են թեկնածուներն իրենց պլակատներով, մեկին գրված է՝ «Մի հապավիր՝ ընտրիր», իսկ մյուսին՝ «Ձևավորենք ցածր խավ»:

Առաջինը պարոդիկ հղում է հայտնի գովազդին (մի հապաղիր, սնիքերսիր), իսկ երկրորդը, որ հենց հերոսինն է, հեգնում է քաղաքական գործիչներից մեկի լոզունգը (ձևավորենք միջին խավ), և 1-2 վայրկյան տևող այս պատկերը զուգահեռ ենթահումորով ձուլվում է բուն պատումին։
«Կարգին հաղորդման» մեջ չափազանցության՝ գրոտեսկային ակտիվ խաղի մեջ հմտորեն ստեղծվում է արվեստի ճշմարտությունը, ժանրի պայմանականության մեջ՝ հավաստիության զգացողությունը, խտացված գույների, ինտենսիվ խաղի պայմաններում պահպանվում է այն ճշգրիտ չափը, որից մի քիչ ավելին համը հանում է ու դառնում գռեհիկ, իսկ մի քիչ պակասը անհամ է լինում։
Մկոն ու Հայկոն մարմնավորում են տարբեր հոգեբանական տիպեր՝ իրավիճակային խաղի ու բացահայտման մեջ, ու եթե անգամ ներկայացնում են զոքանչի, սիրեկանի, գողի, քարտուղարուհու, ամուսնու և կնոջ ունիվերսալ արխետիպեր (նախօրինակ), ապա՝ մանրամասների բծախնդիր վարպետությամբ։

41

Մկոն (Մկրտիչ Արզումանյան) կնոջ՝ Աննայի և երկու երեխաների՝ Սուսաննայի և Ալիկի հետ Զեյթունի իրենց բնակարանում

Ունիվերսալ թեմաներից մի աստիճան բարձր են ժանրային պարոդիաները, որ արվում են մշակութային ռեպերտուարի լայն ընդգրկումով՝ սկսած դասական կինոյի ու թատրոնի ծաղրանմանակումներից (օր.՝ «Կնքահայրը»), մինչև սարսափ-ֆիլմ, վեսթերն, հայրենական պատերազմի մասին սովետական կինոնկարներ և անգամ ռոք համերգ ու ռեպորտաժ։
«Կարգին հաղորդման» արժանիքներից ամենակարևորն այն է, որ, ի տարբերություն մեր մայր ու մանուկ դասական թատրոնների դերասանների, որ հին հասարակությունն են ներկայացնում, Մկոն ու Հայկոն մեր ժամանակների ծաղկաքաղն են անում՝ լավագույն օրինակներում ներկայացնելով նոր ձևավորվող հասարակական հարաբերությունները։

Ըստ Մկոյի՝ հումորի համար ամենալավ թեմաներն են սեքսն ու քաղաքականությունը, բայց իրենք էժան պոպուլիզմի չեն գնում, նրանց համար «իշխանությունն էլ հանդիսատես է», ու երբեք չեն փորձում «մեկին գցելով՝ մյուսի աչքին բարձրանալ»։ Նաև չեն փորձում «անձնական վիրավորեն», որովհետև հումորի արժանիք չեն համարում այն, որ «մեկին կպնեն, վիրավորվի, տանը լացի, կողքինները վրան ծիծաղեն: Չէ, նա էլ պիտի հաճույք ստանա ու ծիծաղի», իսկ բարոյախոսությունն ու կրթա-դաստիարակչական գործը թողնում են ուրիշներին:
Մկոյի ու Հայկոյի պատրաստած գովազդներն էլ ամեն անգամ որ սկսվում են, ուզում ես նայել, ի տարբերություն այլ գովազդների, որ հենց սկսվում են` ալիքը փոխում ես: Նրանք համարձակորեն հեղինակայնացնում են գովազդը՝ իրենց մասնակցությունը գովազդին թեմատիկ դարձնելով («Հայկո, Մկո, Վիկո»):

Մկոն ու Հայկոն չեն փորձում դառնալ հասարակական ֆիգուրներ կամ աստղեր և միշտ իրենց արվեստի ու արհեստի դրոշի տակ են, իրենց աշխատանքներում են արտահայտում տեսակետներ ու ասելիք, բացահայտում ստեղծագործական ներուժ, որի երկրպագուները հանդիպելիս հաճախ մոտենում են, ձեռք սեղմում, ինքնագիր ուզում կամ հետները լուսանկարվել, և Մկոն, անգամ շատ հոգնած պահերին, երբ նույնիսկ «ժպիտի մկանները լավ չեն աշխատում», բարյացակամ դիմավորում է բոլորին, միայն թե՝ բազմամարդ խանութում շտապում ու առնելիք ապրանքների կեսը մոռանում է:

img_3310

Picture 1 of 3

Դիտվել է 6219 անգամ:
Print Friendly

Leave a Reply