Փարիզում` Հայաստանի ռեկորդներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 2, 2011 13:11
Հայաստանի աթլետիկայի հավաքականը փետրվարի 21-ից ուսումնամարզական հավաք էր անցկացնում Փարիզում: 2010-ին Հայաստանի և Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիանների միջև կնքված փոխհամագործակցության համաձայնագրի շնորհիվ էր դա հնարավոր դարձել: Փարիզում հիանալի պայմաններ կան աթլետիկայով զբաղվելու համար: Բացի այդ, Հայաստանի մարզիկներն աշխարհի ուժեղագույնների հետ համատեղ պարապելու հնարավորություն էին ստացել: Իսկ դա մեր աթլետների համար շատ կարևոր է, քանի որ Հայաստանում չկան համապատասխան պայմաններ` արդյունավետ պարապմունքներ անցկացնելու համար: Ի դեպ, այս առումով Հայաստանը աշխարհում անցանկալի բացառություն է կազմում: Իսկ որ մերոնք, Ֆրանիայում էին նախապատրաստվել, իր մեղքի բաժինն ունի Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: Վերջինս բնակվում է Ֆրանսիայում և սերտ կապի մեջ է այդ երկրի աթլետիկայի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Ի դեպ, նրա անմիջական ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանին իրավունք է վերապահվել առաջիկա Եվրոպայի առաջնությունում 2 մարզիկի փոխարեն մրցասպարեզ դուրս բերել 5-ին: Հայաստանն իրավունք ուներ մեկական մասնակից ունենալ կանանց և տղամարդկանց առաջնություններում: Ի դեպ, Հնարավոր էր, որ մեր երկիրը 6 աթլետով այդ ստուգատեսին ներկայանար, սակայն մեր առաջատար հեռացատկորդ Արսեն Սարգսյանը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացրած մրցումների ժամանակ վնասվածք է ստացել: Տեղեկացնենք, որ Արսենին օգնում է նաև ռուսաստանցի մարզիչ և նա ներկայումս 8 մ-ից հեռու է ցատկեր կատարում: Ինչ խոսք, Եվրոպայի առաջնությունում մեծ թվով մասնակիցներ ունենալը կարևոր է, քանի որ մարզիկները հնարավորինս շատ միջազգային ստուգատեսների մասնակցելով մրցափորձ են կուտակում, բարձրացնում իրենց մարզական վարպետությունը: Եվրոպայի առաջիկա առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Ամալյա Շառոյանը (400 մ), Արման Անդրեասյանը (60 մ վազք), Արամ Դավիդյանը (400 մ վազք ), Վարդան Փահլևանյանը (հեռացատկ) և Սևակ Եղիկյանը (3000 մ վազք): Իսկ մինչև այդ ստուգատեսը Հայաստանի ներկայացուցիչներն իրենց կարողությունները փորձեցին Փարիզում կազմակերպված Ֆրանսիայի աթլետիկայի բաց առաջնությունում: Ընդ որում, մերոնք հաջող հանդես եկան: Ամալյա Շառոյանը և Արման Անդրեասյանը 400 մ և 60 մ վազքատարածություններում սահմանեցին ծածկած մարզադահլիճների Հայաստանի ռեկորդներ: Ամալյա Շառոյանը 400 մ վազքատարածությունը հաղթահարեց 54, 85 վայրկյանում, իսկ Արման Անդրեասյանը 60 մ վազքում ցույց տվեց 6,95 ժամանակ: Հայաստանի հավաքականի մյուս երկու անդամներն ավելի համեստ արդյունքներերով բավարարվեցին: Արամ Դավթյանը 400 մ վազքատարածությունը հաղթահարեց 49,97 վայրկյանում, իսկ Վարդան Փահլևանյանը հեռացատկեց 7 մ 28 սմ: Փարիզում գտնվող մեր մյուս մարզիկը` Սևակ Եղիկյանը, որոշ նկատառումներով չմասնակցեց 3000 մ վազորդների մրցումներին: Մեր երկրի ներկայացուցիչների հաջորդ մեկնարկը կլինի մարտի 4-7-ը Փարիզում կայանալիք ծածկած մարզադահլիճների Եվրոպայի առաջնությունում:






Facebook
Tweet This
Email This Post
