Կարեն Կարապետյան. “Քաղաքապետարանի և խոշոր բիզնեսի միջև ձևավորվող հարաբերությունները սկզբունքորեն նոր որակ են ստեղծում քաղաքի և քաղաքային տնտեսության կառավարման մեջ”
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 23:42
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և “Տաշիր” գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակում նախատեսվում է լայնածավալ ներդրումային ծրագրեր իրականացնել մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման և մի շարք այլ ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին համագործակցության առաջարկն ընդունելու համար` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի և խոշոր բիզնեսի միջև ձևավորվող հարաբերությունները սկզբունքորեն նոր որակ են ստեղծում քաղաքի և քաղաքային տնտեսության կառավարման մեջ: “Մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավման և ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում”,- ասել է քաղաքապետը` համոզմունք հայտնելով, որ քաղաքային տնտեսության առանձին ոլորտներ, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում, կարող են ավելի արդյունավետ կառավարվել մասնավոր հատվածի կողմից: “Այս պարագայում քաղաքային բյուջեի հիմնական մասը կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին”,- ընդգծել է նա:
Ողջունելով քաղաքային իշխանության նոր մոտեցումը` Սամվել Կարապետյանն իր հերթին նշել է, որ “Տաշիր” գրուպը քաղաքապետարանին համարում է երկարաժամկետ և հուսալի գործընկեր: Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ ընկերության կողմից իրականացվող ծրագրերը բոլորովին նոր պայմաններ կստեղծեն մայրաքաղաքի բնակչության հարմարավետության և հանգստի կազմակերպման առումով:
Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Երևանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել “Դալմա Գարդեն” առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առևտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել և արդիականացնել Երևանի կրկեսը, հանգստի գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում: Ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավելի քան 600 նոր աշխատատեղերի ստեղծում` սպասարկման ոլորտում։






Facebook
Tweet This
Email This Post
