Անցումը գարնանային ժամանակին մարդու վրա ազդում է հոգեբանորեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 11:51
Անցումը գարնանային ժամանակին որոշ մարդկանց դեպքում առողջական խնդիրներ է առաջացնում. սա ունի իր հոգեբանական կողմը եւս: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` ժամերը փոխելն ինչ-որ չափով ազդում է մարդու վրա, քանի որ վերահարմարվելու կարիք է առաջանում:
«Մարդիկ, ովքեր ունեն առողջական կամ նեւրոտիկ խնդիրներ, դժվար են հարմարվում, սակայն հարմարվելու խնդիրը բոլորի համար էլ հեշտ չէ»,- ասաց Կ. Նալչաջյանը` նշելով, որ ժամանակի զգացողությունը մեր ընկալումներից ամենաբարդն ու հետաքրքիրն է, որի համար հատուկ ֆիզիոլոգիական ապարատ չունենք մեր օրգանիզմում: Ժամանակի ընկալմանը նպաստում են մեր բոլոր զգայարանները:
«Մարդու մեջ կա նաեւ ներքին ժամացույց: Մենք ասում ենք` «ըստ իս` մի ժամ անցավ»«,- նշեց հոգեբանը` հավելելով, որ երեխաների մեջ ժամանակի զգացողությունը կարգավորվում է այն ժամանակ, երբ մյուս զգայարաններն են կարգավորվում: Մարդու համար ժամանակը շատ սուբյեկտիվ է. օբյեկտիվ ընկալման համար մարդուն օգնում է ժամացույցը: Անդրադառնալով տարածված կարծիքին, թե մեր օրերում ժամանակն արագ է անցնում, Կ. Նալչաջյանն ասաց, որ այստեղ նորից խոսքը ժամանակի սուբյեկտիվ ընկալման մասին է:
«ժամանակը շարունակում է իր հունով ընթանալ: 21-րդ դարում տեղեկատվության հագեցածությունը ստիպում է մարդկանց կարծել, թե արագացել է կյանքի ռիթմը: ժամանակն արագ է անցնում, երբ իրադարձություններով լեցուն է, իսկ դա լավ է, որ մեր կյանքն այդքան հագեցած է: Այլ խնդիր է, որ մարդիկ վախենում են ծերանալ»,- ասաց հոգեբանն` առաջարկելով իր դեղատոմսը. մարդը պետք է ունենա կյանքի բավարարվածության զգացողություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ժամանակն արդյունավետ օգտագործել:






Facebook
Tweet This
Email This Post
