Թաքուն կյանք. հայ միասեռականները երկար ճանապարհ պետք է անցնեն դեպի ազատություն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 7, 2009 12:46
23

Հայաստանում ճակատագրեր են խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը, քանի որ ընդունված է միասեռականներին հրեշ և բացիլ համարել:

Ալեքպեր Ալիևի՝ հայ և ադրբեջանցի միասեռականների սիրո մասին պատմող «Արտուշ և Զաուր» վեպը ցնցել էր Ադրբեջանի պահպանողական հասարակությունը, որը հիմնականում մահմեդականություն է դավանում:
Վեպը կրկնակի տաբու էր խախտել՝ սիրային հարաբերություններ հայի և ադրբեջանցու միջև ու միասեռական սեր:

Վեպի հրատարակման հարուցած բուռն վրդովմունքը վերհանեց Ադրբեջանում իշխող հոմոֆոբիական տրամադրությունները, որոնք, ինչպես պարզվում է, ամբողջությամբ կիսում են ազգային և կրոնական սահմանի մյուս կողմում՝ Հայաստանում:
26-ամյա Հովհաննես Մինասյանը Հայաստանի այն հազվագյուտ միասեռականներից է, ով հարցազրույց է տալիս` առանց անունն ու ազգանունը թաքցնելու:
Նա իր այս ազատությունը վաստակել է միասեռականության համար դատարանի կողմից հանցագործ ճանաչվելով, որի պատճառով նրա հարազատներն ու ամբողջ թաղամասն իմացել են, որ Հովիկը միասեռական է, ու նա այլևս թաքցնելու բան չունի:

Մղձավանջը սկսվեց 1999-ին, երբ մի առավոտ Հովհաննեսին ոստիկանները տանում են ու արվամոլության մեղադրանք ներկայացնում: Նրան ու ևս չորս հոգու մատնել էր իր հետ սեռական հարաբերություն ունեցած մի անձ:
Հովհաննեսը, ով այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, պատմում է, որ միանգամից ընդունում է, որ տղամարդու հետ սեռական կապ է ունեցել. «Ես չգիտեի, որ հանցանք եմ գործել, ու երբ ոստիկանությունում հարցրին, թե արե՞լ ես, ասի՝ այո»:
Պատմում է, որ ոստիկաններն իրեն ահավոր ծեծում էին` պահանջելով այլ միասեռականների անուններ տալ, սակայն ինքն այդպես էլ չի տալիս:

Վեց հոգի դատապարտվում են Հայաստանի Հանրապետության Քր. օր. 116-րդ հոդվածով՝ արվամոլություն. Հովհաննեսի պատժաչափը անչափահաս լինելու շնորհիվ ավելի քիչ է լինում. դատապարտվում է երեք ամիս ազատազրկման (հոդվածը նախատեսում էր մինչև հինգ տարվա ազատազրկում):
Պատմում է, որ բանտում մշտապես ենթարկվել է վերակացուների ճնշումներին. «Կալանավորների կողմից էնքան ճնշում չեմ զգացել, ինչքան աշխատողների. ոնց որ իրանց համար խաղալիք լինեի, տանում ծաղրում էին, հետո նորից բերում, գցում կամեր»:
Միասեռականի պիտակ ստացած Հովհաննեսին սկսում են հալածել թաղի տղաները, հետևից գոռում՝ գոմիկ, քարերով խփում, հարձակվում, ծեծում:

Սա դեռ ամենը չէ. պատմում է, որ մի ոստիկան նրան մշտապես շանտաժի ենթարկելով` պահանջում էր հարուստ միասեռականների անուններ տալ:
Հաջողության չհասնելով` նրա միասեռական լինելու մասին հայտնում է այն բարի տնօրենին, որտեղ նա աշխատում էր: Տնօրենը Հովհաննեսին ու նրա միասեռական ընկերոջը հեռացնում է աշխատանքից:
26-ամյա Հովհաննես Մինասյանի դատապարտվելուց անցել է տասը տարի, և այսօր նա աշխատանք ունի, թաղում նրան էլ չեն հալածում, սովորել են նրա ներկայությանը:

1917 թվականի հեղափոխությունից հետո` 1922 թվականին ընդունված Քրեական օրենսգրքով Սովետական Միությունում միասեռականությունը ապաքրեականացվում է:
Սակայն 1933 թվականին նորից մտնում է քրեական օրենսգիրք և, ի վերջո, հանվում 2003 թ.:
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այս հոդվածով երկու անգամ դատապարտվել է` 1948-ին և 1974-ին:

Թեև նոր Քրեական օրենսգիրքն ընդունելուց հետո հանվում է «արվամոլություն» հոդվածը, սակայն միասեռականների նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը չեն վերանում:
Մեկ տարի առաջ Երևանի բուհերից մեկի ուսանող 21-ամյա Խաչիկին ծնողները դուրս են անում տնից, այն բանից հետո, երբ իմանում են, որ որդին միասեռական է:
Խաչիկը 13-14 տարեկանում զգում է, որ ինքը տարբերվում է շրջապատից, աղջիկների փոխարեն տղաներն են ձգում իրեն:
«Այդ տարիքում, երբ սկսում են ձեռնաշարժությամբ (օնանիզմ) զբաղվել, ես պատկերացնում էի տղաների: Ինձ թվում էր, թե ես միակն եմ իմ տեսակի մեջ, բայց հետո ինտերնետով ծանոթացա իմ նմանների հետ»:

Առաջին սեռական կապն ունենում է 20 տարեկանում ինտերնետով ծանոթացած մի տղայի հետ: Սիրած տղային՝ որպես ընկեր, ծանոթացնում է ընտանիքին:
Սակայն մի օր մայրը հայտնաբերում է, որ նրանց կապը սովորական ընկերությունից տարբերվում է:
«Մի անգամ սենյակումս մենք ֆիլմ էինք նայում: Կարծում էի, թե դուռը փակ է, ու համբուրեցի նրան: Էդ պահին մաման ներս մտավ ու տեսավ»,- հիշում է նա:

Մայրը սկզբում լաց է լինում, իսկ հետո հոր հետ հարձակվում որդու վրա.
«Պապաս ջղայինացավ. «Ինչո՞վ քեզ չէին հերիքում աղջիկները, որ որոշեցիր գնաս տղաների հետ կապ ունենաս: Իմ տղեն տենց չի կարա լինի»:
Հետո մաման ոգևորված հարձակվեց. «Դու ավելի լավ ա մեռնեիր, ավելի լավ ա իմանամ` տղա չունեմ, մահացել ա, քան իմ տղան գոմիկ լինի»:
Հարձակվեց, սկսեց խփել ինձ: Ձեռքերը պահեցի, որ չխփի, պապան սկսեց խփել: Հետո ինձ ասեցին, որ ես իրանց տղեն չեմ այլևս, իրանց ընտանիքի անդամը չեմ կարա լինեմ ու իրանց տունը պիտի լքեմ: Երկար-բարակ չմտածեցի, տնից դուրս եկա»:

Այդ օրվանից Խաչիկը վարձով է ապրում և ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում:
Երկու ամիս անց Խաչիկը զինվորական ծառայությունից ազատվում է միասեռական լինելու համար, սակայն դա նրա վրա հավելյալ ճնշումներ է բերում:
Հայաստանի՝ հելսինկյան կոմիտեի տվյալների համաձայն՝ 2004 թվականի պաշտպանության նախարարության մի հրամանով` միասեռականները չեն զորակոչվում:
«Կամիսիայի հոգեբույժին ասեցի` գեյ եմ, գրիչը շպրտեց ու ասեց՝ վա՛յ քու, արա՛»:
Պատմում է, որ մի փոխգնդապետ թղթապանակով սկսել է խփել. «Բա՞ դու տղամարդ ես, բա հայ տղամարդը իրա վրա շա՞ռ կանի` ես գյոթ եմ (միասեռական նշանակող վիրավորական հայհոյանք)»:

Խաչիկին ուղարկում են հոգեբուժարան, որտեղ ախտորոշում են` «անձի շեշտվածություն, ոչ ավանդական սեռական կողմնորոշում», և ազատվում է ծառայությունից:
Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը IWPR-ին գրավոր պատասխան ուղարկեց միասեռականներին բանակ չզորակոչելու վերաբերյալ:
Ըստ նրա` «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքը ազատում է միասեռականներին զորակոչից:

Ալիևի հակասական գրքի հերոսները՝ Արտուշը և Զաուրը, ի վերջո, որոշում են ինքնասպան լինել՝ ցած նետվելով Բաքվի Կույսի աշտարակից, որն Ադրբեջանում համարվում է դժբախտ սիրո խորհրդանիշը:
Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ Հայաստանում հասարակության կողմից զանազան ճնշումները դրդել են որոշ միասեռականների ինքնասպանություն գործել:
Իր տվյալներով` վերջին երեք տարում 10 միասեռական է իրեն գցել Կիևյան կամրջից:
Նա իր պրակտիկայից օրինակներ է բերում, թե ինչպես են ճակատագրեր խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը. կինը հրաժարվում է երեխաներից ու հանձնում մանկատուն, քանի որ պարզում է` նրանց հայրը միասեռական է: Մեկ այլ դեպքում` հայրը տնից դուրս է հանում 14-ամյա որդուն, որը փողոցում հայտնվելով` մարմնավաճառությամբ է գոյատևում:

«Հասարակության մեջ ֆոբիա կա միասեռականների հանդեպ. նրանց հրեշ, բացիլ են համարում»,- ասում է նա,-իմ միասեռական պացիենտները, միմյանցից իմանալով, ինձ գտնում են ու իմ մասին ասում՝ գոնե նա մեզ լսում է»:
Նման պայմաններում քաղաքական գործիչները ոչ միայն չեն փորձում բարելավել իրավիճակը՝ վերացնելով խնդրի շուրջ հասարակության անիրազեկությունն ու կանխակալ կարծիքը, այլև հակառակը՝ ավելի են վատթարացնում իրադրությունը:

Նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն ասում էր, որ միասեռականներին պետք է քարկոծել:
Միասեռականների դեմ ակտիվ պայքարում է Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը, որի այս հայտարարությունը 2006 թ. հուլիսին միանգամից երեք թերթ է հրապարակել:
«Եթե համասեռամոլ (նրանց հաճախ տրվող անվանում-հեղ.) անսեռների մի գլխաքանակ կա, ապա մի բնակավայր հիմնենք` «Համասեռաշեն», քանի որ սա եվրոպական արժեք է, իհարկե` Եվրոպայում, թող հավաքվեն այնտեղ»,- ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի ու հեռուստատեսության հաճախակի հոմոֆոբիական քարոզի առաջամարտիկը Հայ Առաքելական եկեղեցին է, որը, աշխարհի մյուս ավանդական քրիստոնեական եկեղեցիների պես, միասեռականներին պիղծ, հիվանդ ու մեղավոր է անվանում:
Գալստյանն ասում է, որ հոմոֆոբիան, իրականում, հակազգային երևույթ է. այն զրկում է երկիրն ինտելեկտուալ ռեսուրսից:
«Մենք կորցրել ենք (ինքնասպան են եղել) տաղանդավոր երգիչ, ծրագրավորող, գերազանց սովորող, ապագա քիմիկոս»: Բազմաթիվ միասեռականներ հեռացել են Հայաստանից:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությանը:
Այն դարձավ սադրանք` ևս մեկ անգամ բացահայտելու հայ հասարակության հոմոֆոբիան:
Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում է. «Սա գլոբալ ծրագիր է` մասոնական կառույցների կողմից մշակված, որոնք ուզում են աշխարհը ջնջել»:
Իսկ «Իսկական «Իրավունք» պահպանողական թերթը գրեց, թե այդ փաստաթղթով «արվամոլներին ու լեսբուհիներին՝ մարդկության այդ թափոնին, չգիտես ում կողմից որոշված, տրված իրավունքները» աստվածացնում են:

26-ամյա ակտիվիստ Հրայրը (անվտանգության նկատառումով անունը փոխված է) ասում է, որ ՄԱԿ-ի հայտարարությանը միանալն իրենց իրավունքները չի պաշտպանում:
«Ես չեմ ողջունում: Սրանից միայն վնաս եղավ, հանգիստ ապրում էինք, մեր գործն էինք անում: Հիմա սկսվեց աղմուկ, մեր դեմ լարվածություն առաջացավ, հոմոֆոբները հավաքվում են ու մեզ հայհոյում»,- նշեց նա:
Հելսինկյան կոմիտեի նախագահ, քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության խմբի անդամ Ավետիք Իշխանյանն ասում է, որ առավել ծանր է միասեռականների վիճակը փակ համակարգերում` կալանավայրերում:
«Գաղութում նրանք առանձին բարաքում են, նրանց ձեռքով բարևելը, սիգարետ վերցնելը, նրանց իրերին դիպչելը տաբու է»,- ասում է նա:

«Եթե որևէ կալանավոր միասեռականի սպասքից օգտվի` նույնիսկ նախապես չիմանալով, թե դա ումն է, ապա հանցագործ աշխարհը նրան «փչացած» է որակում»:
«Նրանք ամենաստորացուցիչ աշխատանքներն են անում՝ կոյուղի ու զուգարան մաքրում»:
Իշխանյանն ասում է, որ նրանց իրավունքների պաշտպանությունը դժվար է, քանի որ նրանք չեն բողոքում իրենց կարգավիճակի համար:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հերքում է այն փաստը, որ միասեռականներին բանտերում ամենաստորացուցիչ աշխատանքն է բաժին ընկնում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր աշխատանք կատարող դատապարտյալ ինքն է ընտրում այդ աշխատանքի բնույթը:

mamikon09003«Այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում համասեռամոլներն ապրում են առանձին, պայմանավորված է նրանց ցանկությամբ: Նույն կերպ իրենց ցանկությամբ առանձին են բնակվում Եհովայի վկաները»:
Այսուհանդերձ, Դավիթ Գալստյանը նկատում է, որ իրադրությունն սկսում է բարելավվել՝ չնայած բավական դանդաղ:
2001 թ. երկրում, Եվրախորհրդի անդամ դառնալու շնորհիվ, մարդիկ սկսել են իրենց իրավունքներն ավելի ակտիվ պաշտպանել, և միասեռականների վիճակը համեմատաբար բարելավվել է, և ավելի շատ միասեռականներ են խոսում իրենց ինքնության մասին:

2007 թ. ստեղծված «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (PINK Armenia) բացահայտ հանդես է գալիս միասեռականների իրավունքների պաշտպանությամբ ու զբաղվում սեռավարակների կանխարգելմամբ:
Կազմակերպության ակտիվիստ 26-ամյա Հրայրն իր պարսիկ ընկերոջից բաժանվել է միայն այն պատճառով, որ նա ցանկանում էր հեռանալ Եվրոպա:
«Իրանում չէր կարող ապրել, այնտեղ կախում են միասեռականներին, այստեղ էլ էր ընկճված ու համոզում էր գնանք, իսկ ես չէի ուզում գնալ»:

Թեև նա մշտապես զգում է անհանդուրժողականության ճնշումը, սակայն իր կյանքն առանց Հայաստանի չի պատկերացնում:
«Երեխա ժամանակ ինձ հասկանալու տանջանքների մեջ էի, ու կողքիս ոչ ոք չկար,- հիշում է նա:
Իսկ այսօր մենք մի մեծ թիմ ենք ու փորձում ենք օգնել նրանց, ովքեր անպաշտպան են:
Սա ինձ համար շատ թանկ է: Չեմ վախենում նույնիսկ հաշվեհարդարից, եթե գնամ մի եվրոպական երկիր ու ջայլամի կյանքով ապրեմ, ես ինձ պարտված կհամարեմ»:

Հատուկ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի համար (www.iwpr.net-ի)

Դիտվել է 8481 անգամ:
Print Friendly

Leave a Reply