Ըստ Վազգեն Սաֆարյանի` տեղական արտադրության խթանումը կզսպի գնաճը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 16:26
«Գնաճի դեմ պայքարելու համար պետք է մեծացնենք տեղական արտադրության ծավալները»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով, պետք է քայլեր ձեռնարկել ցանքատարծություններն ավելացնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, իսկ սահմանային շրջաններում ջուրը գյուղացուն պետք է անվճար տրվի. «Ջուրը գին ունի և դրա համար պետք է վճարի պետությունը»:
Սաֆարյանը նշում է, որ ցորենի, բուսական յուղի, կենդանական յուղի արատադրությունը մեծացնելու հնարավորություն և ներուժ ունենք, որը և պետք է օգտագործվի:
Նա նշում է, որ տարեկան 400 մլն դոլարի սննդամթերք ենք ներմուծում, մինչդեռ դրա գոնե կեսը կարելի է տեղում արտադրել:
Գնաճը զսպելու ուղիների թվում Սաֆարյանը նշում է նաև մաքսային քաղաքականությունը. կառավարությունը պետք է նվազեցնի մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մաքսազերծման արժեքը։
«Օրինակ՝ լոլիկի կամ վարունգի նկատմամբ 2,2 դոլար մաքսավճար է, ցորենի նկատմամբ՝ 0,25 դոլար։ Անհրաժեշտ է այդ մաքսերը նվազեցնել, որպեսզի գինը նվազի»,- ասում է Սաֆարյանը։
Միևնույն ժամանակ Սաֆարյանը նշում է, որ պետությունը պետք է որոշակի քանակությամբ պարենային ապրանքներ մթերի, որպեսզի դիֆիցիտի դեպքում ապրանքը շուկա հանի և կարգավորի գները:






Facebook
Tweet This
Email This Post
