Միևնույն թուրքերը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 1, 2011 14:01

Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերը նշող օրերը այս տարի թե՛ պետական քաղաքականության և թե՛ հասարակական մոտեցումներով նկատառելի նորություն արձանագրեցին։ Խոսքը դեպքերուն քաղաքական գնահատականներ տալու և քարոզչաքաղաքական գործողություններու ձեռնարկելու մասին կվերաբերի։
Կարելի է մտածել, անշուշտ, որ հայկական կողմի այս առումով արձանագրած աշխուժացման մեջ դերակատար եղավ հակառակորդ կողմը։ Ազրբեջանական ապատեղեկատվությունը իրե՛նց իսկ կազմակերպած և գործադրած ջարդերուն մասին և տակավին՝ Խոջալուն իբրև ազրբեջանական ցեղասպանություն ներկայացնելու հատուկ քաղաքականությունը հավանաբար պատճառ դարձան, որ հայկական կողմը ավելի կազմակերպ դիմագիծով ներկայանա տեղեկատվություն-ապատեղեկատվություն բախումնային դաշտ։
Փաստորեն, նոր կայքէջերու ձեռնարկումները, Սումգայիթը բացահայտող տեսաշարերու հրապարակումները, նոր նյութերու թողարկումները, փաստավավերագրական աշխատություններու օտար մամուլին հղումը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներու այս առումով կատարած հայտարարությունները եկան ամբողջացնելու քարոզչաքաղաքական գործողություններու համապատկերը։
Սումգայիթյան ջարդերուն անպատիժ մնալը, Բաքվի հայերուն բռնագաղթը, տեղահանումները, Նախիջևանի հայկական կոթողներու ոչնչացման պետական քաղաքականությունը հիմնադրույթներն են այն գործողություններու շարքին, որ պաշտոնական Բաքուն ձեռնարկած է միաժամանակ հայկական կողմը միջազգային հանրային կարծիքին ներկայացնելով իբրև ջարդարար, իբրև նախահարձակ և ազրբեջանական տարածքներ բռնագրավող։
Ազրբեջանական այս հարձակումներուն դեմ ինքնապաշտպանվելու համար նախ անհրաժեշտ էր անշուշտ փաստարկներով զինվիլը՝ նյութ, տեսանյութ, վկայություն, հուշագրություն, միջազգային մամուլի օրվան անդրադարձներ ապահովելը և ապա թեկուզ ամենաբարբարոս տեսարանները պարզող տեսաշարով աշխարհին ներկայանալը։
Այս բոլորը պատրաստվեցան Ստեփանակերտի և Երևանի մեջ։ Սփյուռքը հայրենական բազկերակին համընթաց բաբախեց։ Օտտավայի և Աթենքի մեջ բողոքի ցույցեր, Անթիլիասի մեջ ոգեկոչում և ձեռնարկ եկան միանալու հայկական կողմի կազմակերպած քարոզչաքաղաքական գործողություններու ընդհանուր շղթային։
Սումգայիթի դատապարտումին տակավ կը միանան օտար քաղաքական դեմքեր։ Հանրային կարծիքի ձևավորման գործընթացին վրա ազդելու այս քայլերը խորքին մեջ ազրբեջանական ապատեղեկատվական արշավը չեզոքացնելու կմիտին։ Եվ այս առումով այս տարի նկատառելի առավելներ հայտնված են հայկական կողմին համար։
Հարցը հոս կանգ չ՛առներ անշուշտ։ Հակառակորդը կնախապատրաստվի առաջիկա ամիս նոր գրոհի դիմելու։ Պաշտոնական Բաքուն իր պետական քարոզչամեքենայով կձեռնարկե Խոջալուի ապետեղակատվական հերթական արտադրողականության։ «Լավագույն ինքնապաշտպանողականը հարձակողականությունն է» մարտավարական սկզբունքներեն մեկնելով` փոխանակ վաղը հակազդելու, հերքելու, ճշտելու, այժմեն Խոջալուի պատահարներուն ճիշտ իրողությունը պետք է սեփականությունը դարձնել զանգվածային լրատվամիջոցներուն և անոնցմե առաջ քաղաքական տարբեր շրջանակներուն։ Հատկապես այն շրջանակներուն, որոնք թիրախ ընտրված են ազրբեջանական ապատեղեկատվական կենտրոններուն կողմե։
Այս բոլորին նպատակը ի վերջո միջազգային հանրային կարծիքը լուսաբանել է։ Փաստելու համար պարազապես, որ Սումգայիթ սարքողները, Բաքվի ջարդերը իրականացնողները, Բուդապեշտի մեջ կացին գործածողները կամ Նախիջևանի մեջ հայկական հետքերը ոչնչացնողները միևնույն ռազմատենչ հռետորներն են, նույն հրադադար խախտողները։ Միևնույն թուրքերը։
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply