Այսօր տեղի կունենա Համլետ Թամազյանի հոգեհանգիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2011 14:04

Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նախագահ, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սերգեյի Թամազյանը:

Պրոֆեսոր Համլետ Սերգեյի Թամազյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր`  մարտի 1-ին, ժամը 17:00 Ամառանոցային փողոց թիվ 239 հասցեում, հուղարկավորությունը` մարտի 2-ին, ժամը 14:00 նույն հասցեից:

Համլետ Թամազյանը ծնվել է 1947թ. մայիսի 1-ին Հայկական ԽՍՀ Թումանյանի շրջանի Օձուն գյուղում, բանվորի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Գրիբոեդովի անվան դպրոցում:

1966թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ուսանելու տարիներին աշխատել է 2-րդ բուժմիավորումում` որպես բուժակ:

1972թ. ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը` Համլետ Թամազյանը գործուղվել է աշխատանքի Ալավերդի` որպես վիրաբույժ: 1973թ. երիտասարդ վիրաբույժին վստահում են ղեկավարել Ախթալայի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, որտեղ աշխատել է մինչև 1977թ. և դրսևորել իրեն որպես որակավորված վիրաբույժ, կատարել բազմաթիվ բարդ խոռոչային վիրահատություններ:

1977-1978թթ. ղեկավարել է Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, միևնույն ժամանակ կատարելով շրջանի գլխավոր վիրաբույժի պարտականությունները:

1978-1980թթ. Համլետ Թամազյանը, որպես գլխավոր վիրաբույժ, ծառայողական ուղևորման մեջ է եղել Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում: 1980-1983թթ. շարունակել է ղեկավարել է Թումանյանի ՇԿՀ-ի վիրաբուժական բաժանմունքը:

1983թ. պրոֆեսոր Ա.Միքայելյանի կողմից հրավիրվել է ղեկավարելու ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը: 1983թ. ընտրվել է այդ բաժանմունքի ավագ գիտաշխատող, իսկ 1987թ.` նույն բաժանմունքի առաջատար գիտաշխատող, ի սկզբանե կատարելով բաժանմունքի վարիչի պարտականությունները:

1986թ. Համլետ Թամազյանն ակադեմիկոս Բ.Վ.Պետրովսկու ղեկավարությամբ Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1995թ. դոկտորական ատենախոսությունները:

1992թ. հոկտեմբերին Հ.Ս.Թամազյանը կոլեկտիվի խնդրանքով ստանձնում է պրոֆեսոր Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի պարտականությունները, իսկ 1994թ. մրցույթով ընտրվում է ՀՀ ԱԱԻ Վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, նաև` Վիրաբուժության ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ:

1992թ. երիտասարդ վիրաբույժների նոր սերունդ պատրաստելու նպատակով Վիրաբուժության ինստիտուտում բացվում է Հանրապետությունում առաջին «Ապագա վիրաբույժների դպրոցը»` Բժշկական համալսարանի IV-VI կուրսերի շնորհալի ուսանողների ընդգրկումով:

Զբաղվելով մանկավարժական գործունեությամբ և դասավանդելով Առողջապահության ազգային ինստիտուտում` պրոֆեսոր Համլետ Թամազյանը պատրաստել է բազմաթիվ մասնագետ-վիրաբույժներ, որոնք այսօր ղեկավարում կամ աշխատում են մեր հանրապետության տարբեր կլինիկաների վիրաբուժական բաժանմունքներում:

Տնօրենի պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո Համլետ Թամազյանի նախաձեռնությամբ ինստիտուտում բացվել են նոր վիրաբուժական բաժանմունքներ` նեյրովիրաբուժության, թոքային վիրաբուժության, կոլոպրոկտոլոգիայի, վիրաբուժական գինեկոլոգիայի, վիրաբուժական ռեպրոդուկտոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ և միկրովիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ուրոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջի, լապարասկոպիկ վիրաբուժության:

Նա 231 գիտական աշխատության, այդ թվում 12 մենագրության, 5 գյուտի, 4 մեթոդական ձեռնարկի հեղինակ է: Պրոֆեսոր Թամազյանը 8 դոկտորական ատենախոսության և 37 թեկնածուական թեզի գիտական ղեկավար է: Նրա ղեկավարությամբ 108 կլինիկական օրդինատորներ և ասպիրանտներ ստացել են իրենց հետդիպլոմային կրթությունը:

Բժշկական գիտությունը զարգացնելու և կադրեր պատրաստելու գործում ձեռք բերած հաջողությունների, բազմակողմանի և բեղմնավոր գործունեության, Սպիտակի երկրաշարժից տուժածներին վիրաբուժական բարձրորակ օգնություն ցույց տալու համար պրոֆեսոր Համլետ Թամազյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և «Պատվոգրով» (1989թ.): Արցախի պատերազմական գործողությունների ժամանակ վիրավոր ազատամարտիկների վիրաբուժական օգնությունը բարձր որակով կազմակերպելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով (2000թ.):

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

1997 թվականին Թբիլիսիի Վիրաբույժների ընկերության վարչությունը պրոֆեսոր Թամազյանին պարգևատրել է Գ. Մուխաձեի անվան հուշամեդալով, Վրաստանի Գիտաբժշկական ընկերությունների վարչության նախագահությունը` Զազա Պանասկերտելի-Ցիցիշվիլիի հուշամեդալով, իսկ Վրաստանի Բժշկական գիտությունների ակադեմիան նրան շնորհել է Ակադեմիայի իսկական անդամի կոչում:

Համլետ Թամազյանը մեծ հեղինակություն ունի ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ սփյուռքի բժշկական հասարակության մեջ: Նրա նախաձեռնությամբ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան մի շարք առաջատար կլինիկաների հետ, ինչպիսիք են` ԱՄՆ-ի Նյու-Յորքի «Վեսչեստեր» բժշկական կենտրոնը, Փարիզի «Բոժոնի» բժշկական կենտրոնը, Բեռլինի «Շարիտեի» բժշկական կենտրոնը, Մոսկվայի «Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնը», Թբիլիսիի Ակադեմիկոս Էրիսթավիի անվան կլինիկական և փորձարարական վիրաբուժության ինստիտուտը:

Պրոֆեսոր Թամազյանն իր իսկ հիմնադրած «Բանբեր Հայաստանի վիրաբուժության» հանդեսի գլխավոր խմբագիրն էր (1993), Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի փոխնախագահը (1994), Հայաստանի փոխպատվաստողների ասոցիացիայի նախագահը (1998), Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագիտացված վիրաբուժական խորհրդի անդամ (1996), ԱՆ վիրաբուժության գծով լիցենզիոն հանձնաժողովի անդամ (1998), Միջազգային ակադեմիական ընկերության ակադեմիկոս (1998), Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ (1993), «Հովհաննես Թումանյան» բարեգործական միության փոխնախագահ (1991), «Երկիր Նաիրի» բարեգործական կազմակերպության պատվավոր անդամ (1997), Ալավերդի քաղաքի պատվավոր քաղաքացի (1993), «Մանես» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի անդամ (1994) և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահ (1994):

2003թ. Լոռու և Տավուշի մարզերի ազգաբնակչության գերակշռող մասի ձայներով մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր:

Պրոֆեսոր Թամազյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում աչքի է ընկել բանիմացությամբ, աշխատասիրությամբ, աշխատանքային եռանդով, հոգատարությամբ` հիվանդների և կոլեկտիվի անդամների նկատմամբ: Նա անընդհատ որոնումների մեջ էր` բարձրացնելու գիտական և պրակտիկ վիրաբուժության որակն ու մակարդակն ինստիտուտում և վերջինս հագեցնելու նորագույն ու ժամանակակից սարքավորումներով:

Ամուսնացած էր: Ունի 2 զավակ և 5 թոռնիկ:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply