4 վավերագրական ֆիլմեր` մեծ էկրանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 1, 2009 16:53

bayram-aylazov-tnic-tun-filmi-heros-1Մայիսի 29-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայկ» կինոստուդիայի կոմից մասնակի կամ ամբողջությամբ նկարահանված 4 վավերագրական ֆիլմերի պրեմիերան:

Մոտ 30 րոպե տևողությամբ «Տնից տուն» ֆիլմի հիմքում իրական պատմություն է. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերն ու ադրբեջանցիները փոխանակել են իրենց բնակարանները: Երկու կողմերն էլ խոստացել են հետևել միմյանց ունեցվածքին ու գերեզմանատանը: Մինչև հիմա էլ նկարահանում են պահպանած տարածքներն ու փոխանակում կադրերը: Ֆիլմի հեղինակ և համառեժիսոր Սեդա Մուրադյանը պատմում է, որ գաղափարը ծնվել է գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ պատահական հանդիպումից, ով պատմել է գյուղերի փոխանակման պատմությունը:

Մոտ 2 տարի տևած նկարահանմանն աջակցել են Շվեյցարիայի դեսպանությունը, Մշակույթի նախարարությունը և RNTC հոլանդական կազմակերպությունը:

«Ֆիլմն ինձ համար լիարժեք չէր լինի, եթե չլիներ ադրբեջանական կողմը,-ասում է Սեդան,-Տարիների ընթացքում ձևավորված մասնագիտական ու անձնական կապերն ինձ օգնեցին ձեռք բերել հարցազրույցներ հակամարտող երկրորդ կողմից ևս»:

Ֆիլմն ուղարկվել է նաև Ադրբեջան, իսկ ադրբեջանցի համագործակցողների անունները Սեդա Մուրադյանն առայժմ նպատակահարմար չի գտնում հրապարակել:

perj-zeytuncyan1«Անձրևից առաջ, անձրևից հետո» ֆիլմը Պերժ Զեյթունցյանի դիմանկարն է: Գրողի մասին ֆիլմ նկարելու Ռուբեն Գևորգյանցի առաջարկին ռեժիսոր Գագիկ Ստեփանյանը միանգամից համաձայնեց:

«Դեռ երիտասարդ տարիներին ինձ վրա մեծ ազդեցություն էր գործել նրա «Մեզանից հետո» գիրքը, որը ռուսերեն էի կարդացել: Իմ առջև խնդիր չէի դրել` ներկայացնել նրա ստեղծագործական ուղին և տալ գնահատականներ, նպատակս էր ցույց տալ` ոնց է մարդը կարողացել չկորցնել իր դեմքն ու կայանալ որպես անհատ»,-պատմում է ֆիլմի ռեժիսորը:

Գագիկ Ստեփանյանն ասում է, որ նկարահանումների ողջ ընթացքում Պերճ Զեյթունցյանը որևէ կերպ չի խոչընդոտել հեղինակային աշխատանքին:

Ֆիմի պրեմիերային հրավիրված էր նաև Զեյթունցյանը, ով գոհունակ դեմքով հետևում էր իր իսկ կերտած պատմությանը:

tnic-tun-filmi-ashxatanqnery-1«Հրաժեշտ պատշգամբից» ֆիլմը դհոլ նվագողի մասին է, ով 5 աշխարհամասերում այս հայկական երաժշտական գործիքը ճանաչելի է դարձրել:

«Ես գնացել էի նկարելու գերտաղանդավոր մարդու, բայց անակնկալի եկա, երբ տեսա, որ հերոսը հիվանդ է: Որոշեցի նրան հիշելու համար գոնե ֆիլմն ավարտել»,-պատմում է ֆիլմի տեժիսոր Դավիթ Ստեփանյանը:

Մի քանի օր տևած նկարահանումներից հետո ֆիլմի հերոսը մահացավ:

Իսկ Ղազարյանի հեղինակած «Հաղթություն» ֆիլմը պատմում է Ղարաբաղյան հակամարտության մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը ազատամարտիկների «Մուշ» ջոկատն է` իր ծավալած ակտիվ ռազմական գործողություններով:

Դիտվել է 2001 անգամ:
Print Friendly

Leave a Reply