Այսօր կնքված հուշագրի համաձայն`«ԱրմենՏել»-ը բարձրացնելու է սպասարկման որակը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 18:14

Ձախից`Իգոր Կլիմկո, աջից`Աբգար Եղոյան

Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ն և «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և «Beeline»-ի հաճախորդների գոհունակության բարձրացմանը:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն»  հկ նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ իրենք «ԱրմենՏել»-ին կտրամադրեն անկախ փորձագիտական տեղեկատվություն` հաճախորդների բավարարվածության, բողոքների ու կարծիքների մասին: « «ԱրմենՏել»-ն այդ տեղեկատվության շնորհիվ կկարողանա գնահատել իր գործունեությունը սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից»,-ասաց Եղոյանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն շեշտեց, որ իրենք լավատես են  համագործակցության վերաբերյալ:

«ԱրմենՏելի» հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանն ասաց, որ սպառողներն oրական գրավոր 10-15 դիմում- բողոք են ներկայացնում: Եղոյանի խոսքով` «Արմենտել»-ի ծառայություններից բողոքող սպառողների թիվն այս տարի նվազել է նախորդ տարվա համեմատ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք ծառայություններ են մատուցում Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: Ծառայությունները մատուցվում են «Beeline» ապրանքանիշով:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ-ն գործում է արդեն 12 տարի: Կազմակերպության գործունեության նպատակն է Հայաստանի սպառողներին տրամադրել իրենց կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի համար անվտանգ, որակյալ ապրանքներ և ծառայություններ:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply