«Հայաստանի ամենամեծ խնդիրը քաղաքական մոնոպոլիան է». Վարդան Օսկանյան
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | February 28, 2011 20:35
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան» քննարկման ժամանակ հնչած հարցին ի պատասխան հայտարարեց, որ չի կարող Ռուբերտ Քոչարյանի փոխարեն պատասխանել, կառաջադրվի արդյոք նա որպես նախագահի թեկնածու, թե ոչ:
«Այդ մասին պետք է իրեն հարցնել»,- ասաց նա:
Առաջարկություն հնչեց քննարկումներից մեկին հրավիրել հենց նախկին նախագահին, որպեսզի հրավիրյալները կարողանան իրենց հարցերն ուղղել Քոչարյանին: Օսկանյանը խոստացավ, որ երկրորդ նախագահն անպայման կհյուրընկալվի «100 հարց և պատասխան»-ում:
Նախկին արտգործնախարարը` նշելով, որ երկրորդ նախագահի հետ ունեցել է երկարատև աշխատանքային հարաբերություններ` միաժամանակ ժխտեց, որ իր գործունեությունը որևէ կերպ թելադրվում է նրանից. «Մենք այսօր էլ մեր բարեկամական կապերը պահում ենք, բայց իմ բերանով Քոչարյանը չի խոսում»:
Օսկանյանն ասաց, որ առայժմ չի որոշել կմասնակցի արդյո՞ք գալիք խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: «ես կարծում եմ, որ դրա համար դեռ ժամանակ կա»,- ասաց նա:
ԱԳ նախկին ղեկավարը` թեպետ արձանագրում է, որ Հայաստանում առկա են բոլոր այն պայմանները, որոնք արաբական աշխարհում պատճառ դարձան ցնցումների, այնուամենայնիվ գտնում է, որ այդ ճանապարհը Հայաստանի համար չէ:
«Այդ ցնցումները Հայաստանին կարող են տասնյակ տարիով հետ գցել,- ասաց Օսկանյանը,- ընտրությունների միջոցով ճանապարհը դեռևս փակ չէ, սակայն դա կգործի այն դեպքում, եթե ժողովուրդն անտարբեր չլինի»:
Օսկանյանը մեծ ափսոսանք հայտնեց ԲՀԿ-ի` հուշագրի տակ ստորագրելու համար: Նա ասում է, որ այսօր ԲՀԿ-ն այն ուժն էր, որ ի զորու էր ապահովելու Հանրապետականի հակակշռությունը: «Ցանկացած երկրում փոփոխությունների կարելի է հասնել հակակշիռների միջոցով և ԲՀԿ-ն կարող էր լինել այդ հակակշիռը,- մեկնաբանեց նա,- քանի որ այսօր հանրապետականները մեծամասնություն են և այլ խմբակցությունները որևէ դերակատարոըմ չունեն»:
Նախկին ԱԳ ղեկավարի կարծիքով Հայաստանի ամենամեծ խնդիրը ոչ թե կոռուպցիան, տնտեսական խնդիրները կամ աղքատությունն են, այլ` քաղաքական մոնոպոլիան:






Facebook
Tweet This
Email This Post
