Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Մոսկվայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2011 19:52

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում Սումգայիթի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց տեղի ունեցավ ծաղկեփսակ դնելու արարողությունն` ի հիշատակ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների վայրագությունների արդյունքում զոհված անմեղ հայ բնակչության:

Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցները` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ՂԼՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչության աշխատակիցները, տեղի հայկական հասարակական կազմակերպությունների անդամները, մոսկովյան բուհերի հայ ուսանողներն ու Մոսկվայում բնակվող հայեր:

Հիշատակման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը՝ նշելով, որ 88-ին Սումգաիթում տեղի ունեցածը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է, եւ աշխարհասփյուռ հայությունն ու մայր Հայաստանը երբեւէ չեն մոռանա կատարվածը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքը հղեց ներկաներին՝ նշելով, որ Սումգայիթում տեղի ունեցածը պետք է որակել որպես եղեռն՝ շարունակությունը 1915թ. Մեծ Եղեռնի: Օլեգ Եսայանի խոսքով՝ Սումգայիթի ջարդերը նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ին միանալու հայերի ձգտումներն ու թեւաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները: «Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունների վայրագությունները չընկճեցին հայերին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն այլեւս իրականություն է», – ամփոփեց դեսպանը:

Ելույթներից հետո ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին Սումգայիթի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply