«Ժառանգությունը» բոյկոտել է ԱԺ նիստը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2011 17:28

Ժառանգություն խմբակցության պատգամավորներն այսօր բոյկոտել են ԱԺ նիստը:

Անդրադառնալով վերջերս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի ստորագրած հուշագրին` Ժառանգության առաջնորդը այն որակել է որպես հակասահմանադրական:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ «այդ քայլով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց հայ հասարակությանը. «Պետությունը ես եմ»: Այդ հուշագրի ստորագրմամբ ամրագրվում է Սերժ Սարգսյանի կառավարումը հետագա 7 տարվա համար»: Նա նաև նշել է, որ  խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայիս  համամասնությունը կեղծված ընտրությունների արդյունքն է:

«Բայց անգամ ընդդիմության նման փոքր ներկայացվածությունը չի գոհացնում կառավարող ուժերին: Նրանք ցանկանում են ավելին, ստանալ ընդդիմության մի քանի մանդատները: Բայց մի անհանգստացեք, պարոնայք իշխանավորներ, այդ մի քանի մանդատները ստանալու համար անհրաժեշտություն չկա կեղծել հերթական ընտրությունները, վերցրեք, կերեք, ահա ձեզ ձեր ժառանգությունը»,- հայտարարել է  Հովհաննիսյանը:

Այս հայտարարությունից հետո խմբակցության պատգամավորները լքել են ԱԺ նիստերի դահլիճը:

Ներկայացնում ենք Ժառանգություն խմբակցության տարածած հաղորդագրությունը`

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այսպես չի կարող շարունակվել եւս յոթ տարի»

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Ազգային Ժողովի ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասել է.

«Ազգային Ժողովի օրակարգը` թե´ մեծը, թե´ քառօրյան, պետք է արտացոլի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին և ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները: Ցավոք սրտի, դա այդպես չէ, և այսօր խոսք չի գնում միմիայն Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին ` մեծ օրակագում, կամ որևէ այլ օրինագծի մասին:

Վերջերս, գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ` ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակությանը, որ L’Etat c’est moi ` «Պետությունը ես եմ» և իմ դեմ խաղ չկա: Այդ արտաքին քաղաքականությունը, որ տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունը  և  ագային շահը, շարունակվելու է առաջիկա յոթ տարին, այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը, անարդարությունն ու արտագաղթը տեւելու է նվազագույնը յոթ տարի:

Մեր պետականության վաղվա կրողներ այս երիտասարդների առաջ մենք թաքցնելու բան չունենք»:

Եւ ապա. «Խորհրդարանի առարկայական պատկերն արտացոլանք է հերթաբար, խեղված և կեղծված ընտրությունների, բայց անգամ այս համամասնությունը մեծամասնության և ընդդիմության, չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա:

Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը: Ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ և ոչ երբեք հեգնանքով. «Առե´ք, կերե´ք… Սա է ժառանգությունը ձեր»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից:

Այնուհետեւ հրավիրված վարչության եւ խմբակցության համատեղ նիստում` արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջ քաշած, օրվա հրամայական հանդիսացող գնահատականներին եւ հաշվի առնելով պահի կարեւորությունը որոշվեց ս.թ. մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայցավի համապատասխան որոշում:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply