ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2011 17:00

Փետրվարի 28-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց Ստյոպա Սաֆարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերելու դեպքում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի թիվը եւ դրանց համար վճարվող հղիության ու ծննդաբերության նպաստի չափը թողնել անփոփոխ: «Եկամտահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխության նպատակը հղիության եւ ծննդաբերության նպաստները չհարկելն է:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ անարդար է ժամանակավոր անաշխատունակության ցանկացած դեպքի համար պետական բյուջեից առաջարկել փոխհատուցում միջին աշխատավարձից ավելի: Արդյունքում, չաշխատողը ստանում է ավելի մեծ գումար, քան կստանար աշխատելիս: Նշվեց, որ սա չի համապատասխանում միջազգային կոնվենցիաներին: Անահիտ Բախշյանը, համաձայնելով պարոն Հակոբյանի տեսակետի հետ, ընդգծեց, որ նախկին հաշվարկման կարգը պարզապես ընդունված էր հասարակության կողմից եւ հիմնավորված չէ դրա փոփոխությունը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց օրենսդրական փաթեթի վերաբերյալ չներկայացնել դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջարկվում է նպաստը վճարել նաեւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստյան օրերի համար: Վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը (առավելագույն շեմը պահպանվում է մյուս նպաստների համար)` ըստ այդմ վերանայելով նաեւ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը (արդյունքում` վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով): Նախատեսվում է փոփոխություններին տալ հետադարձ ուժ:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի եւ փետրվարի 28-ից մարտի 3-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Դիտվել է 2322 անգամ:
Print Friendly

Leave a Reply