Հայաստանում ամենատարածված հիվանդություններից է նաև ալերգիան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 16:52

Ալերգոլոգների եւ էկոլոգների խոսքով` Հայաստանում ալերգիաներն  ինֆեկցիոն հիվանդություններից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում. պատճառը` աղտոտված օդը, ջուրն ու անորակ սննդամթերքն է:

Մելինե Հակոբյանն արդեն 6 տարի ալերգիայով է տառապում. դիմել է մասնագետի, բայց բժիշկը չի կարողացել որոշել ալերգիայի բուն պատճառը` ասելով, որ կոնկրետ պատճառն իմանալը շատ թանկ եւ երկարատեւ պրոբաներ է պահանջում: «Իմ ալերգիան ամռանն է սկսվում. ամբողջ ընթացքում ուղեկցվում է հարբուխով, փռշտոցով եւ ուժեղ քորով: Հիմա ալերգիայի դեղեր եմ խմում, որոնք շատ ուժեղ քնաբեր են եւ ստամոքսի վրա վատ են անդրադառնում».- ասում է Մելինեն:

Ալերգոլոգ, իմունոլոգ եւ ինֆեկցիոնիստ Սուսաննա Մնացականյանը համոզված է, որ ալերգիաների առաջացման հիմանական պատճառները մթնոլորտի աղտոտվածությունն ու անորակ սնունդն են, որոնց մեջ կան ալերգիաներ առաջացնող վտանգավոր նյութեր: Երեւույթի վառ ապացույցն է այս տարվա դիզբակտերիոզ (աղիքային հիվանդություն) հիվանդության աճին զուգընթաց ավելացող ալերգիաները. «Դիզբակտերիոզի ժամանակ մարդու աղիների ալերգենները ճնշում են աղիների միկրոֆլորային, դուրս են գալիս եւ ներծծվելով արյան մեջ` դառնում են ալերգիաների պատճառ: Բացի այդ, ալերգիաները հիմնականում սեզոնային բնույթ են կրում. գարնանը շատանում են»,-բացատրում է Մնացականյանը:

Նա ասում է, որ արեւի ճառագայթները, միջատները եւ բանջարեղենի աճեցման եւ այլ մթերքների պատրաստման ժամանակ օգտագործվող շատ քիմիական նյութեր նույնպես ծանր ալերգիաների պատճառ են դառնում:

Երբեմն բժիշկներն են դառնում հիվանդի մոտ ալերգիայի առաջացման պատճառ, երբ վերջինիս նշանակում են դեղորայք, որից նա ալերգիա ունի:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հկ նախագահ Ելենա Մանվելյանը վստահ է,որ շատ հիվանդություններ եւ հատկապես տարաբնույթ ալերգիաներ առաջանում են օդի աղտոտվածության եւ քիմիական թափոնների հետեւանքով. «Նույնիսկ սխալ կանաչապատումը հիվանդության առաջացման պատճառ կարող է լինել: Բարդիների բամբականման ծաղիկներից շատերի մոտ ալերգիկ վիճակ է սկսվում, բայց ծառերը տնկելիս ոչ ոք այդ ամենը հաշվի չի առնում: Թափոններն էլ մեծ ազդեցություն ունեն»:

Փորձագետ, հիգիենիստ Լիլիկ Սիմոնյանի խոսքով` ուժեղ ալերգիաներ են առաջացնում նաեւ այրվող աղբի արտանետումները:

Սիմոնյանի կարծիքով` «Նաիրիտ»-ի քլորոպրենի մասնաշենքի պայթյունն անպայման կդառնա շատ ալերգիաների առաջացման պատճառ. «նույնիսկ երբ հասարակ փայտ ենք այրում, առողջության համար բավականին վնասակար նյութեր են արտանետվում, ինչպե՞ս կարող է քիմիական գործարան այրվել,որտեղ կիրառվում էր քլորոպրեն ու շատ այլ քիմիական նյութեր, եւ ոչ մի բացասական ազդեցություն չլինել»:

Էկոլոգները համոզված են` երբ մեր երկրում ի հայտ գա եւ զարգանա էկոլոգիական բժշկությունը, մթնոլորտի աղտոտվածությունից առաջացած շատ հիվանդությունները, այդ թվում` ալերգիաները հնարավոր կլինի մի փոքր ինչ-որ իմաստով կանխել:

Ալերգիաները հիմանականում արտահայտվում են մաշկի ցանով, ուժեղ քորով, հարբուխով, երբեմն նաեւ շնչահեղձությամբ: Հիվանդությունը բուժվում է, բայց դրանից հետո հաճախ ի հայտ են գալիս նոր ալերգեններ:

Դիտվել է 7577 անգամ:
Print Friendly

Leave a Reply