Երիտասարդ կամավորները հոգեբանական դասընթացներ են կազմակերպում գյուղերում. հաջորդը օգոստոսի վերջին է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Գայանե Ասրյան | August 10, 2009 16:42
«Հանուն նոր սերունդների» բարեգործական-մշակութային կազմակերպությունը Թումանյանի այգում օգոստոսի 18-ին կազմակերպելու է կրիկետի խաղ: Խաղալու են ոչ միայն կազմակերպության թիմակիցները, այլև հյուրեր ու պարզապես ցանկացողներ:
Սա «Հանուն նոր սերունդների» կազմակերպության առաջին նախաձեռնությանը չէ, նպատակը երիտասարդների հետ ազատ և անկաշկանդ շփումն է, նրանց խնդիրներին ծանոթանալը, նաև նրանց օգնելը:
Կազմակերպության հիմնադիր Արտեմ Շահաբազյանը պատմում է, որ իրենց գործունեությունը սկսել է դեռևս 2004 թ-ից՝ սկզբում մի քանի հոգով, իսկ այսօր թիմով շարունակում են երիտասարդական խնդիրներով զբաղվել և’ Երևանում, և’ հեռավոր գյուղերում:
«Մենք շեշտը դնում ենք գյուղերի երիտասարդների բարոյական և հոգևոր դստիարակության վրա, գյուղերում երիտասարդները ինֆորմացիայի, շփման կարիք ունեն, մենք փորձում ենք նրանց հետ մտերմություն հաստատել, օգնել լուծել իրենց համար անլուծելի շատ խնդիրներ»,-ասում է Արտեմը:
«Հանուն նոր սերունդների» բարեգործական կազմակերպությունը «Հանուն հայության հարատևան շարժման» մի թևն է, կազմակերպության գրեթե բոլոր անդամները մասնագիտությամբ հոգեբաններ են, ովքեր առանց վարձատրվելու դասընթացներ են կազմակերպում գյուղերի երեխաների ու պատանիների համար:

Հանդիպում`Հառիճում
Կամավոր բարեգործության հերթական կանգառը, որը հավանաբար լինելու է օգոստոսի վերջին, Շիրակի մարզի Հառիճ գյուղն է: Թիմն այս գյուղում աշխատելու փորձ ունեցել է այս տարի: Արտեմն ասում է, որ իրենց աշխատանքը գյուղի երիտասարդների հետ, կարծես, մնացել է կիսատ և շարունակելու անհրաժեշտություն կա:
«Մեզ Հառիճում գրկաբաց դիմավորեցին, աշխատում էինք տարբեր տարիքի երեխաների ու պատանիների հետ՝ 7-ից մինչև 22: Նրանք մեր կարիքը շատ ունեն, մենք էլ նրանցից ենք էներգիա ստանում»,-ասում է Արտեմը` հիշելով, որ ետդարձին գյուղացի փոքրիկները նույնիսկ հուզվել են:
Անի Հովհաննիսյանը «Հանուն նոր սերունդների» անդամ է, Հառիճի երիտասարդներից շատ տպավորված է. «Մենք խոսում էինք իրար հետ ամենատարբեր թեմաներով, քննարկում, լինում էին նաև բանավեճեր. հետաքրքրիր է լսել գյուղի երիտասարդների կարծիքները, վերաբերմունքը, ընկալումները, ծանոթանալ նրանց ներաշխարհի հետ, նրանք շատ զգայուն են»:
Կազմակերպությունը գյուղ գնալուց առաջ ստանում է գյուղապետարանի, դպրոցի և եկեղեցու հավանությունը իրենց այցի վերաբերյալ, իսկ Հառիճ գյուղում նրանք ապրում էին սովորական գյուղացու առօրյայով, ուտում և քնում նրանց պես:
«Ամենակարևոր բանը երիտասարդների վստահությունը շահելն է, անկեղծության մթնոլորտի ստեղծումը, ինչը հնարավոր է լինում գյուղի երիտասարդների հետ. Երևանում ամեն ինչ այլ է»,-ասում է Արտեմը:
Նախաձեռնությունը շարունակական է լինելու, ընգրկվելու են նոր գյուղեր. կազմակերպության հիմնադիրն ասում է, որ իրենք փորձում են անգլերենի ուսուցիչներ գտնել, ովքեր կամավորական հիմունքներով Հայաստանի գյուղերում անգլերեն կդասավանդեն. արդեն մի կամավոր պատրաստ է:






Facebook
Tweet This
Email This Post
