Երթ` Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար.նա կալանավորվել է հանրահավաքի մասին հանրությանն իրազեկելու ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 17:08

«Պայքար, պայքար մինչև վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» գոչելով, թմբկահարելով, եռագույնը ձեռքներին՝ մի խումբ երիտասարդներ այսօր անցնում էին Ամիրյան փողոցով:

Հասնելով ՀՀ Դատախազության շենքի մոտ՝ խումբը կանգ առավ: Երթի մասնակից Արամ Փանոսյանը պարզաբանեց, որ երթի նպատակը  քաղաքական դաշտում տեղի ունեցող անարդարությունների` մասնավորապես 27-ամյա Տիգրան Առաքելյանի ապօրինի կալանքի մասին հանրությանը տեղեկացնելն է:

Տիգրան Առաքելյանը կալանավորվել է հուլիսի 2-ին տեղի ունենալիք հանրահավաքը հանրությանը բարձրախոսով իրազեկելու ժամանակ:

«Մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով ոստիկանության մի քանի աշխատակիցներ և առանց որևէ բան ասելու՝ փորձեցին խլել բարձրախոսը,-պատմում է Արամը,-վեճ առաջացավ, որն էլ վերածվեց ծեծկռտուքի: Արդյունքում մեր ընկերներից երեքին տեղափոխեցին հիվանդանոց: Նրանցից երկուսը անչափահաս էին, ազատ արձակվեցին, իսկ Տիգրանին կալանքի ենթարկեցին»:

«Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամները, որոնց մեջ է նաև Արամը, պատրաստել էին նաև դիմում` ՀՀ գլխավոր դատախազի անունով, որտեղ նշված էր, որ «հունիսի 18-ին ոստիկանության մի շարք աշխատակիցներ` ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, Հյուսիսային պողոտայից քշել են այնտեղ զբոսնող մի քանի քաղաքացիների»:

Դիմումով նրանք պահանջում էին Վալերի Օսիպյանի գործողություններին տալ իրավաբանական գնահատական և նրան ենթարկել պատասխանատվության:

Արամը, ով միաժամանակ սովորում է Պոլիտեխնիկական ինստիտուտում և  Հայաստանի ամերիկյան համալսարանում, կարծում է, որ հայ երիտասարդները պետք է ավելի ակտիվ ու նախաձեռնող լինեն, որպեսզի հասարակությունը չճահճանա: Նրա խոսքով` երիտասարդների կողմից կազմակերպվող նմատատիպ ակցիաները, երթերը վկայում են այն մասին, որ երիտասարդներն անտարբեր չեն երկրի ներքին քաղաքական զարգացումների նկատմամբ. ավելին` նրանք պատրաստ են այդ զարգացումների մասը դառնալ:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply