Լիբիայից տարհանված չորս հայերից երկուսը Երեւանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 26, 2011 14:28

Ի տարբերություն եգիպտոսյան եւ թունիսյան իրադարձությունների`Լիբիայում իրավիճակը բավականին կայուն էր եւ ամեն ինչ սկսվեց հանկարծակի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Լիբիայի «Կիպրական» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անի Ղազարյանը, ով նաեւ Լիբիայից տարհանված չորս հայ քաղաքացիներից մեկն է: «Ոչ ոք չէր մտածում, որ Լիբիայում նման իրավիճակ կստեղծվի, քանի որ մթնոլորտը բավականին կայուն էր:

Միայն 2006 թ-ին երկրում գրանցվեցին փոքրիկ միջադեպեր, որոնք էլ, ըստ երեւույթին, պատճառ դարձան նման հուզումների»,-ասաց Անի Ղազարյանը` հավելելով, որ Լիբիայում իրավիճակի սրմանն ինչ-որ չափով նպաստել է նաեւ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը` իրադարձությունները ներկայացնելով խտացված գույներով:

Լիբիայից տարհանված եւ այժմ Երեւանում գտնվող մյուս քաղաքացին` «Յունայթեթ» (ULC) ընկերության բժշկական սարքավորումների մենեջեր Գեւորգ Աստվածատրյանը, եւս փաստեց, որ իրավիճակն այնտեղ հանկարծակի է սրվել, երբ ոչ ոք չէր սպասում: «Լիբիայում նման երեւույթներ ժամանակ առ ժամանակ լինում են: Նման անկարգություններ եղել են նաեւ 1996 եւ 2006 թվականներին»,-նշեց Գ. Աստվածատրյանը:

Նշենք, որ Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում ասել է, որ իրավիճակը Տրիպոլիում «հանգիստ է» եւ առաջիկայում սպասվում է խռովարարների հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում: Քադաֆիի որդին ասել է, որ բռնությունները շարունակվում են միայն երկրի արեւմտյան Միսրաթ եւ Էզ-Զավիի քաղաքներում, որտեղ իշխանության են եկել ահաբեկիչները, սակայն նրանց զինամթերքը սպառվելու եզրին է:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply