Հրայր Թովմասյան. «Հայաստանում օրենքներն ստեղծվում են մասնավոր կապիտալ դիզելու համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 14:56

«Մեր երկրում օրենքներն ընդունվում և կիրառության մեջ են մտնում, առանց դրանց արդյունավետության հնարավորություններն ուսումնասիրելու»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց  ՀՀ Սահմանադրության ու Երևանի մասին օրենքի համահեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը, ում խոսքով` օրենքերը Հայաստանում ստեղծվում են` մասնավոր կապիտալ դիզելու և այն պահպանելու համար:

Հայաստանում ընդունված և ընդունվող օրենքներն իրավաբանը բաժանում է  հիմնականում 3 խմբի. «օրենքների առաջին խումբը եվրոպական, միջազգային նորաձևության արդյունք են, օրինակ` ավանդների վերադարձը, երկրորդ խմբի մեջ մտնում են քաղաքական զարգացումներով պայմանավորված օրենքները վերջում` օբյեկտիվ անհրաժեշտության օրենքները»:

Հայաստանի Սահմանադրությամբ` մարդու իրավունքները բարձրագույն արժեք են. ըստ Թովմասյանի` դա սոսկ նախադասություն է:

«Կարող եք ասել, որ պատգամավորը ժողովրդի պաշտպանն է և իր գործունեությամբ հանդես է գալիս ժողովրդի անունից, բայց արի ու տես, որ նրա ընդունած օրենքները չեն բխում հասարակ մարդկանց շահերից»,-ասում է  Թովմասյանը`շեշտելով, որ օրենքների նախագծերն այդպես էլ հանրային քննարկումների չեն դրվում:

Հայաստանում օրենքների որակական փոփոխության համար 3 նախապայման է պետք` ընտրություններից հետո քաղաքակիրթ մոտեցում ընտրված թեկնածուի հանդեպ և ձեռքսեղմում, լեգիտիմացիա, քաղաքական էլիտայի փոփոխություն. «այսկերպ կարող ենք օրենքի նոր նախագծեր ունենալ և փորձել օրենքը ծառայացնել ժողովրդին»:

Մեջբերելով լոռեցու անեկդոտը (լոռեցին ասում է` ուզում եմ կոլխոզի նախագահ դառնամ, հարցնում են` բա կարո՞ղ ես, պատաստանում է` կարող ա՞ վախենում եք վիլիսից ընկնեմ)`  Թովմասյանն ասում է, որ այս մոտեցմամբ մեր երկրում միջին միլիոն ունեցողը ցանկանում է պատգամավոր դառնալ: Մինչդեռ  Ամերիկայում միլիարդատեր Քըրք Քըրքորյանը չի ուզում սենատի անդամ դառնալ:

«Եվ զարմանալի չէ, որ այս սկզբունքով ընտրված կամ նշանակված  պատգամավորների ընդունված օրենքները չեն գոհացնում մեր քաղաքացիներին, քանի որ իրենց շահերը չեն պաշտպանվում խորհրդարանում»:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply