Նախատեսվում է հյուրանոցներում մարզական և զվարճանքի այլ կենտրոններ հիմնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 25, 2011 17:20
Մարտի կեսերին ՀՀ Հանրային խորհուրդը բաց լսումներ կկազմակերպի
ՙԼճափնյա հանգստավայրեր Հայաստանում՚ ծրագրի շուրջ
Լսումներին կհրավիրվեն ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, խոշոր և միջին գործարարներ:
ՙԼճափնյա հանգստավայրեր Հայաստանում՚ ծրագրի նպատակը, որի արժեքը նախնական հաշվարկով մոտ 400 մլն դոլար է, Արա լեռան ստորոտին զբոսաշրջային խոշոր և հրապուրիչ հանգստավայրի կառուցումն է: Նախատեսվում է դեռ խորհրդային տարիներից կիսատ մնացած Եղվարդի ջրամբարի կառուցման ավարտ, նրա ափամերձ գոտում՝ 3-4 աստղանի 4 հյուրանոցի կառուցում, որոնցից ՙՍիս՚ հյուրանոցը՝ երեխաների, ՙՄասիսը՚՝ մեծահասակների, ՙՆոր Հայաստանը՚՝ երիտասարդների համար կլինի, չորրորդ հյուրանոցը՝ ընդհանուր: Նախատեսվում է հյուրանոցներում մարզական և զվարճանքի այլ կենտրոններ հիմնել, հայոց պատմության թանգարան և այլն: Հանգստավայրը նախատեսվում է կառուցել 35 հա մասնավոր հողատարածքի վրա. ջրամբարի 1000 հա տարածքը Եղվարդի քաղաքապետարանի սեփականությունն է: Ծրագրի իրականցման արդյունքում 1000-2000 նոր աշխատատեղ կբացվի հատկապես Եղվարդ քաղաքի բնակիչների և մոտակա բնակավայրերում ապրողների համար: Եղվարդի ջրամբարի կառուցմամբ՝ տեղումներից կուտակվող ջրերն Արարատյան դաշտավայրով չեն հոսի ուղիղ Նախիջևանի ջրամբար, հնարավոր կլինի այդ ջուրը կուտակել և գյուղատնետսական նպատակներով գործածել, որի արդյունքում հնարավոր է, որ իջնի ոռոգման ջրի սակագինը: Կառուցվելիք խաղատները, ըստ հեղինակի, փոխելու են Հայաստանում խաղատնային ավանդույթը. ոչ թե ազարտի, այլ սոցիալական ուղղվածություն կունենան, երբ, ՙօրինակ ծեր մարդիկ, շատ փոքր գումարներով հնարավորություն կունենան այնտեղ խաղալ, շփվել իրար հետ, ինչպես Լաս Վեգասում է՚:
ՙՈրևէ ֆինանսավորում, հարկային արտոնություն կամ հողատարածքի հատկացում Հայաստանի կառավարությունից չենք խնդրել՚, ասում է ծրագրի հեղինակ Արմեն Վարդանյանը, որի ներկայացրած հաշվարկներով, հաջող իրագործվելու դեպքում Հայաստանում հնան տարեկան կավելանա 100 միլիոն դոլարով:
Ամերիկահայ գործարար, ԱՄՆի և Հայաստանի քաղաքացի Արմեն Վարդանյանը, որի գործունեությունն ԱՄՆում հիմնականում անշարժ գույքի ոլորտում է լիցենզավորված, ասում է, որ հեղինակները ցանկություն ունեն ՙ ծրագիրը դարձնել հասարակական քննարկման առարկա, նրան տալ համազգային բնույթ, այն արժանացնել աշխարհասփյուռ հայ ներդրողների ուշադրությանը՚: Հայկական զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունքում մշակված ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն, Ազգային Ժողով, Հանրային խուրհուրդ, Գիտությունների ազգային ակադեմիա: Ազգային ժողովի խմբակցությունները, տնտեսական և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովները, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներն ու ենթահանձնաժողովները դրականորեն են արձագանքել ծրագրի իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրը ներկայացրել է իրավասու բոլոր նախարարություններին, այժմ այն ուղարկված է կառավարություն՝ ծրագրին ռազմավարական գերակայության աստիճան տալու արձանագրային որոշման ակնալիքով, որը շատ կարևոր է ներդրողների վստահությունն ապահովելու համար:
Ծրագիրը կառավարելու առաջարկով հեղինակները դիմել են նաև ԷմՋիԷմ Ռիզորթս ընկերությանը, որն էլ շուկայի նպատակային գնահատման համար դիմել է միջազգային հեղինակավոր ՙ Նովեյշըն Գրուփ՚ կազմակերպությանը և պատասխան ստացել, որ ՙԼճափնյա հանգստավայրեր Հայաստանում՚ ծրագրի շուկայի պոտենցիալը գերազանցում է միջազգային ասպարեզում նման ծրագրերի շուկաների պոտենցիալը: Վերջնական արդյունքի մասին հանրությանը կտեղեկացվի իր ժամանակին:
ՙ ԷմՋիԷմ Ռիզորթս՚ը հեղինակավոր ընկերություն է, բայց պետք չէ ամբողջ ծրագրի ներուժը, համազգային հսկայական նշանակությունը կապել մեկ ընկերության հետ՚, ասում է Արմեն Վարդանյանը:
Հանգստավայրի բացումը ծրագրի հեղինակները նախատեսում են 2015թ.:
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն





Facebook
Tweet This