Պաշտոնական այց Սինոփսիս Արմենիա 2011թ. փետրվարի 25-ին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2011 15:47

Ս/թ փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կառավարման Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատանքային այցը Սինոփսիս Արմենիա: Հյուրերն այցելեցին Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում տեղակայված ՀՊՃՀ ՙՄիկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր՚ միջֆակուլտետային ամբիոն, հանդիպեցին ուսանողներին, ինչպես նաև շրջայց կատարեցին ընկերության գիտաարտադրական կենտրոնում:

Տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց ընկերության գործունեությունն ու ձեռքբերումները, իսկ ՀՊՃՀ ՙՄիկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր՚ ամբիոնի վարիչ, կրթական ծրագրերի հեղինակ Վազգեն Մելիքյանը ծանոթացրեց ՀՊՃՀ-ի հետ բեղմնավոր համագործակցության արդյունքները:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ եւ Սինոփսիս ընկերության մասին

Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման և մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, և ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում` Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Բացի այդ, ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄ-ների հրապարակումներ, բարեգործական և կամավոր աշխատանքներ: Սինոփսիս-Արմենիա ՓԲԸ գտնվում է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում. www.synopsys.com, www.synopsys.am:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply