«Պաշտպանե՛ք մեզ մշակույթի նախարարի կամայականություններից». մշակույթի նախարարը՝ ընդդեմ մշակույթի գործիչների

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 22, 2011 15:20

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը ՀՀ կառավարության որոշմամբ պետք է միանա Երևանի մշակույթի պետական քոլեջին: Այս փաստը ոչ միայն զարմացրել, այլև այնքան է վրդովեցրել Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի աշխատակազմին, որ նրանք պատրաստ են դիմել անգամ դատարան:

Դեռևս անցյալ տարվա օգոստոս ամսին  դասախոսական կազմը, տեղեկանալով այս մասին, դիմել է մշակույթի նախարարին` պարզաբանումներ ստանալու համար: Վերջինս հայտնել է, թե նման որոշում դեռևս չկա, սակայն վրդովված դասախոսներին զգուշացրել է. «Էնպես չանեք, որ փակեմ»: Իսկ ամիսներ անց Ջազային քոլեջի աշխատակիցները կառավարության կայքից տեղեկացել են, որ որոշումն արդեն կա:

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որ նույնպես Ջազային քոլեջի դասախոս է, իրավիճակը որակում է այսպես. «Մշակույթի նախարարը՝ ընդդեմ մշակույթի գործիչների»: «Սա ոչ թե կառավարության, այլ մշակույթի նախարարի միանձնյա որոշումն է,- ասում է նա՝ խնդրելով օգնել իրենց «պաշտպանված լինելու մշակույթի նախարարի կամայականություններից»:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում փետրվարի 11-ին այս հարցը քննարկման դրվեց: Հրավիրված էին և՛ կառավարության, և՛ երկու քոլեջների ներկայացուցիչներ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որ նույնպես ներկա էր նիստին, փորձեց բացատրել, թե Ջազային քոլեջը չի միավորվում Մշակույթի քոլեջի հետ, այլ տեղի է ունենում երկու քոլեջների լուծարման գործընթաց, որի արդյունքում ստեղծվում է մի նոր քոլեջ՝ «Երևանի մշակութային քոլեջ» անվանմամբ: Իսկ թե ինչու է ընտրվել հենց «Երևանի մշակութային» և ոչ թե «Ջազային քոլեջ» անվանումը, փոխնախարարը բացատրեց առաջինի իմաստային ավելի լայն ընդգրկում ունենալու փաստով: Սակայն փոխնախարարի բացատրությունը չընդունվեց, քանի որ Ջազային քոլեջի աշխատակիցներն անմիջապես ընթերցեցին կառավարության որոշումը, որում հստակ նշված է միայն Ջազային քոլեջի լուծարման մասին:

Աշխատակիցները վրդովված են նաև, որ այդ որոշումն ընդունելուց առաջ հաշվի չի առնվել իրենց կարծիքը: Երբ փոխնախարարը հայտնեց, թե նախապես քննարկում եղել է երկու քոլեջների փոխտնօրենների հետ, Ամիրխանյանը դա կեղծիք որակեց:

Թե ինչ ճակատագրի կարժանանան աշխատակիցները, նույնպես հայտնի չէ: Բնական է, որ կլինեն նաև կրճատումներ, քանի որ երկու քոլեջներում կան առարկաներ, որոնք  համընկնում են:

Ջազային քոլեջի մի շարք դասախոսներ, այդ թվում` Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Աննա Աղաջանյանը (Անչոկը), Իրինա Մալխասյանը և այլք, ինքնակամ ազատման դիմում են ներկայացրել, քանի որ չեն պատրաստվում աշխատել նոր պայմաններում:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, որ 25 տարուց ավելի է` աշխատել է Ջազային քոլեջում, հայտարարում է, որ երկու քոլեջների միավորման դեպքում չի աշխատի. «Կթքեմ-կհեռանամ»,- ասում է նա` հայտնելով, որ կզբաղվի մասնավոր դասեր տալով: Մաթևոսյանի կարծիքով` Ջազային քոլեջն իր տեսակի մեջ եզակի է ողջ հանրապետությունում և պատրաստում է իսկապես պրոֆեսիոնալ երաժիշտներ: Նա կարծում է, որ քոլեջն այլ քոլեջի միացնելու հարց չէր առաջանա, եթե այն չօտարեին իր շենքից:

Երկու քոլեջների միավորման դեպքում  հեռանալու որոշում են կայացրել նաև Ջազային քոլեջի բազմաթիվ ուսանողներ. «Մեզ պետք չէ ուրիշ քոլեջ,- ասում են ուսանողները,-այն, ինչ ուզում ենք, մեզ այստեղ տալիս են, չենք ուզում ուրիշ դիպլոմ, մեզ հենց այս դիպլոմն է պետք»: «Ես ընդունվել եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ,- ասում է 3-րդ կուրսի ուսանողուհի Ժենյան,- եթե ուզենայի ընդունվել Մշակույթի քոլեջ, տեղն էլ գիտեի, ամեն ինչն էլ, կգնայի ու կընդունվեի»:

Ժենյան չի պատրաստվում շարունակել ուսումը նոր քոլեջում, քանի որ  նրա համար մեծ նշանակություն ունի, թե ովքեր են դասախոսները:

Վոկալ բաժնի ուսանողուհի Արմինեն էլ է վախենում կորցնել իր դասախոսներին. «Ես ուզում եմ, որ ինձ դաս տա հենց Արմեն Գրիգորյանը,- ասում է նա,- ավելի լավ է կիսատ թողնել ուսումը, քան սովորել Մշակույթի քոլեջում»:

Ուսանողները դեռ հույս ունեն, որ կառավարությունը որոշումը հետ կվերցնի. «Մի քիչ էլ կհամբերենք, եթե տեսնենք` ճար չկա, մեր կարծիքը հարցնող չկա, կդիմենք ծայրահեղ միջոցների»,-ասում են նրանք:

Մշակույթի ենթահանձնաժողովի նիստում որոշում կայացվեց, որ կառավարության որոշումը պետք է կասեցվի, տեղի ունենան լայն քննարկումներ, որոնց մասնակից լինեն բոլոր կողմերը, և ապա կայացվի նոր որոշում: Ենթահանձնաժողովի որոշումը, սակայն, դեռ պետք է ներկայացվի Հանրային խորհրդի նախագահին և քննարկվի փոքր խորհրդում:

Չնայած այս ամենին` Ռոբերտ Ամիրխանյանն այնքան էլ լավատես չէ. «Իմ կարծիքով, դրական փոփոխություն լինելու հավանականությունը փոքր է, քանի որ մշակույթի նախարարը որդեգրել է կամայականության և իր վճռից բացի այլ տեսակետ չընդունելու քաղաքականություն»: Նա հռետորական հարց է բարձրացնում` ի՞նչ երկրում ենք մենք ապրում, կամայական որոշումներ կայացնող նախարարի՞, թե՞ մասնագիտական խոհեմ խնդիրներ բարձրացնող կառավարության: Եթե առաջինի, ապա Ամիրխանյանն իրենց պայքարն անիմաստ է համարում:

Հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 45 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, պետք է դադարեցվի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի գործունեության պետական գրանցումը: Հրամանի կատարմանը մնացել է շուրջ 20 օր: Նախարարի դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ անփոփոխ է: Նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը մեզ փոխանցեց Հասմիկ Պողոսյանի մեկնաբանությունը. «Կա կառավարության որոշում, որը պարունակում է ողջ ճշմարտությունը»:

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, որը բազմաթիվ նշանավոր երաժիշտներ է տվել և նախկին Խորհրդային Միությունում չորրորդ նման հաստատությունն էր, հիմնվել է 1979 թ.: Քոլեջի շրջանավարտներից են  Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Արմինկան, Գոգան, Անչոկը, իսկ ավելի երիտասարդ երգչուհիներից` Սիլվա Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Նարե Գևորգյանը, Իլոնան և այլք:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply