Փոփոխություններ` գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2011 14:17

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում իրականացվել են մի շարք փոփոխություններ: Ինչպես այսօր նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը, փոփոխություններն ուղղված են ոլորտն առավել թափանցիկ դարձնելուն, ինչպես նաեւ համակարգն առավել օպտիմալացնելուն:

Հանձնաժողովի կողմից վերանայվել եւ հաստատվել է ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների ու ատենախոսությունների հիմնական դրույթների տպագրման համար ընդունելի պարբերականների ցուցակները: Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար ներկայացվող նոր պահանջների համաձայն` հայցորդը պետք է ունենա 3 գիտական հոդված, այդ թվում` մեկն առանց համահեղինակի:

Դոկտորական ատենախոսությունների պահանջներն առավել խստացվել են, ըստ որոնց` պահանջվում են 20 գիտական հոդվածներ, այդ թվում` 5-ը պետք է տպագրված լինեն օտարերկրյա պետություններում հրատարակվող գիտական հանդեսներում: Ա. Ղուկասյանը նշեց, որ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում միջազգային հանդեսների հետ կապված ձեւակերպումը փոփոխվել է, որը կարեւոր նշանակություն ունի:

Նախկինում կանոնակարգում գրված էր «տպագրված հոդվածներ միջազգային գիտական հանդեսներում», իսկ նոր փոփոխության համաձայն «տպագրված հոդվածներ արտասահմանյան տվյալ երկրում գիտական հանդես համարվող պարբերականում»: Ա. Ղուկասյանը նկատեց, որ Հայաստանում կային իրենց հայտարարած միջազգային գիտական հանդեսներ, որոնց գոյությունն այդքան էլ հիմնավորված չէր: Սկսվել է մասնագիտական նոր խորհուրդների ձեւավորման գործընթացը:

Հիմնականում ժամկետները լրանալու պատճառով դադարեցվել է մի շարք մասնագիտական խորհուրդների գործունեությունը: Եղած 61 խորհուրդներից 55-ի ժամկետները լրացել էին 2010թվականի դեկտեմբերի 31-ին: Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, հաստատված նոր չափանիշներին համապատասխան, քննարկում է ստացված նոր հայտերը: Արդեն հրամանագրվել է 32 խորհուրդ: Գործընթացը շարունակվում է: Մասնագիտական խորհրդի անդամ լինելու հարցը, ըստ Ա. Ղուկասյանի, բավական խիստ է դրված: Նա կարեւոր ձեռքբերում համարեց գիտական պարբերականների նոր ցանկի հրապարակումը:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի խոսքով, եթե որոշ պարբերականներ դուրս են մնացել, դա չի նշանակում, որ հաջորդ տարի իրավունք չունեն ընդգրկվելու: 2010 թվականին ստացվել է 556 գործ, որից պաշտպանել է եւ վկայագիր է տրվել 539 գիտաշխատողի, գիտությունների դոկտոր գիտական աստիճան է ստացել 43-ը, գիտությունների թեկնածու` 496-ը:

Բեկանվել է 11 գիտական աստիճանի հայցման որակավորման գործ, 29 գործ ուղարկվել է կրկնակի քննարկման: Ա. Ղուկասյանը նշեց, որ վերջին շրջանում տարեկան միջինում 500 գիտական գործ է պաշտպանվում, սակայն նրանց հեղինակներից ոչ բոլորն են վերադառնում գիտական ուսումնական հաստատություններ աշխատելու համար:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply