Մի՛ սպանեք ինձ. դուք դրա իրավունքը չունեք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 25, 2011 13:03

Եթե մեզ մոտ ինչ-որ մեկը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, որոշի իր շանը սպանել, ոչ ոք նրան պատասխանատվության չի ենթարկի: Հայաստանում շների, այդ թվում՝ թափառող շների գոյությանը վերաբերող օրենսդրական որևէ ակտ կամ դրույթ չկա:

Կենդանին` տվյալ դեպքում շունը,  Հայաստանում ոչ միայն օրենքով պաշտպանված չէ, այլև համարվում է սեփականության  օբյեկտ: Թափառող շները, կարելի է ասել,  ՏԻՄ կառույցների, իսկ բնության կենդանիները՝ բնապահպանության նախարարության սեփականությունն են:

Քաջազնունու 4ա շենքի բնակիչ Գայանեն «Անկախին» ասաց, որ 6-7 քոթոթների մորը նրանց աչքի առաջ սպանել են: «Ես շատ եմ սիրում շունիկներին ու նրանց կերակրում եմ,- ասում է նա,-  այստեղ երեխաներ կան, որ նույնպես նրանց կերակրում են, սպանված շան թողած քոթոթներից մի մասին բաժանեցինք, մնացին երկուսը»:

Այս շենքի բակում պարբերաբար կազմակերպում են  շների սպանդ, շենքի բնակիչներից մեկը, որ չուզեց ներկայանալ, «Անկախին» ասաց, որ բազմիցս սեփական աչքերով տեսել է, թե ինչպես դիմացի շենքի պատշգամբից հրացանով կրակում են շներին:

Միաժամանակ Գայանեն ասում է , որ շատ լավ հասկանում է նաև նրանց, ովքեր վախենում են շներից: «Երեխաներ կան, որ վախենում են, իսկ վախից ինչ ասես կարող է լինել, անգամ շաքարը բարձրանալ,- ասում  է նա,- սակայն մեր բակի շները մոտ չեն թողնում այլ շների ոհմակները, որոնք թափառում են շրջակայքում»:

Անօթևան և թափառական շների խնդիրն անհիշելի ժամանակներից գոյություն է ունեցել բոլոր վայրերում: Հայաստանի բնակչության մի ստվար զանգված խիստ անհանդուրժողաբար է տրամադրված շների նկատմամբ, իսկ շատ երեխաներ էլ վախենում են:

Մասնագիտությամբ հոմեոպաթ Լալա Պողոսյանը, որ տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանում կենդանիների պաշտպանության իրավունքով, ասում է, որ պետք է վերլուծել վախի պատճառը:

«Վախի օբյեկտը մեղք չունի, պետք է դրա դեմ պայքարել ու հաղթահարել,- ասում է նա,- պետք  է  գիտակցել, որ կենդանիներն էլ աշխարհի մի մասն են, իսկ մայրը երեխային անընդհատ ասում է`  վայ, շունիկը կկծի,  կամ` կատվին ձեռք չտաս, կեղտոտ է, ու այդ գիտակցությամբ էլ երեխան մեծանում է»:

Պողոսյանն ասում է, որ տարածված կարծիք կա, որ եթե մի բանից վախենում ես, ուրեմն պետք է նրան վերացնել: «Ու մարդիկ փորձում են որսալ իրենց վախի օբյեկտն ու ոչնչացնել,- մեկնաբանում է նա,- եթե դու գոռաս շների վրա կամ էլ ոտքով հարվածես, նրանք էլ ադեկվատ ռեակցիա կցուցաբերեն»:

Եվ եթե մարդը, որ այլ մարդկանց հետ գտնվում է հավասար իրավական հարթության վրա, կարող է պաշտպանել իր իրավունքները, ապա կենդանուն կյանքից զրկելու իրավունք իրեն կարող է վերագրել ցանկացած ոք:

Կենդանիների իրավունքների հռչակագիրը ստորագրվել է 1978 թ. Փարիզում, որին առաջինը միացել է Գերմանիան, իսկ նախկին Միության  հանրապետություններից՝ ոչ մեկը:

Ամբողջ աշխարհում ընդունված է թափառական շների դեմ պայքարի OSV ծրագիրը, որը մոդիֆիկացվում է տարբեր երկրների համար՝ կախված այդ երկրի կամ քաղաքի առանձնահատկություններից: Ծրագիրը վերաբերում է  մեծ քաղաքներին, քանի որ գյուղերում այլ իրավիճակ է: Խոսքը վերաբերում է միայն շներին, թեպետ կատուներին էլ մեզ մոտ թունավորում են: Պողոսյանն ասում է , որ բակային կատուները միջինը երկու տարի էլ չեն ապրում: «Եթե կատուներին էլ ստերիլիզացնեն,  բակի առնետները մարդ կուտեն,- ասում  է նա,- աղբատար խողովակներով շենքերում սարսափելի վիճակ է»:

Որպեսզի OSV  ծրագիրը հաջողությամբ իրագործվի և արդյունք տա, պետք է մեկ սեզոնի ընթացքում ստերիլիզացվի շների 75 տոկոսը, ընդ որում, ստերիլիզացնելուց հետո վերադարձվի նույն տեղը, որտեղից վերցվել է, և 25 տոկոսը պետք է քնեցվի: Ստերիլիզացիան իրականացվում է արուների ամորձատմամբ և էգերի ձվահեռացմամբ, իսկ վնասազերծումը՝ քնեցմամբ: «Շանը պետք է վերադարձնել այն բակ, որտեղից վերցված է, միայն  այդ կերպ կարելի է բնությանը խաբել,- ասում է  Պողոսյանը,- եթե շունը քոթոթ ժամանակ էնտեղ է ծնվել, ամեն ծակուծուկը գիտի, ու եթե մեկը մի ոսկոր էլ գցի՝ նա կապրի»:

Պողոսյանը պնդում է, որ շան վերարտադրությունը այլ կերպ հնարավոր չէ կանխել, վերացնելը միջոց չէ: «Եթե սովորաբար շունը 2-3 ձագ է ունենում, ապա ամեն սպանդից հետո ողջ մնացածը միանգամից տասը ձագ է շարում, պոպուլյացիան  վերականգվում  ու նույնիսկ բռնկում է տալիս,- մեկնաբանում է Պողոսյանը,-   Իսկ դու բոլորին չես կարող խփել, մի երկուսին կխփես, մնացած ութը կփախչի ու գարաժի տակ  12 ձագ կշարի: Մարդկանց դեպքում էլ է այդպես, պատերազմներից հետո մարդկանց ծնելիության մակարդակը բարձրանում է»:

Պողոսյանի խոսքով` լավագույն տարբերակը բնության գործերին չխառնվելն է, իսկ չարյաց փոքրագույնը՝ OSV ծրագիրը:

Հայաստանում կենդանիներին վերաբերող դրույթ գոյություն ունի միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  92-րդ հոդվածում. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Երևանում թափառող շների հարցի լուծմամբ զբաղվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությունը, որի  գլխավոր մասնագետ Ալֆրեդ Հունանյանն «Անկախին» ասաց, որ Երևանում մոտավոր հաշվարկներով 40-50 հազար թափառող շուն կա:

Պետական գնումների գործակալության միջոցով հայտարարվում է մրցույթ, որի պայմաններին բավարարող կազմակերպությունն էլ իրականացնում է շների ստերիլիզացիան և վնասազերծումը: Մրցույթին բավարարող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան տեխնիկական միջոցներ, անասնաբույժ, վիրաբույժ, որսացողներ և այլն: 2011 թ. այդ մրցույթը շահել և թափառող շների ստերիլիզացիայով ու քնեցմամբ զբաղվում է «Unigraphx» ՍՊՆ-ն, որի ներկայացրած ծրագիրն իրագործելու համար պետբյուջեից հատկացվում է 180 մլն. դրամ:

Լալա Պողոսյանը, որ լավատեղյակ է OSV ծրագրին, ասում է, որ «Unigraphx» -ի ներկայացրած ծրագիրը նման է OSV-ին, սակայն բոլոր փուլերում խախտվում է:

2010 թ. տվյալներով` «Unigraphx»-ը ստերիլիզացրել է 12 հազար  և քնեցրել՝ 24 հազար շուն, դրանք ընդհանուր 36 հազար թվաքանակի մեջ  կազմում  են համապատասխանաբար  25 և 75 տոկոս,  իսկ քաղաքապետարանից Հունանյանն ասում է, որ ըստ պայմանագրի՝ բաշխումը պետք է կատարվեր 50/50 հարաբերակցությամբ: Մինչդեռ OSV ծրագրի համաձայն` այդ թվերը պետք է տեղերով փոխվեին, այսինքն` ստերիլիզացվեր  75 , քնեցվեր՝ 25 տոկոսը: «Unigraphx»-ն այդպես էլ չներկայացրեց  այն ծրագիրը, որով շահել է քաղաքապետարանի մրցույթը:

Հունանյանը հայտնեց, որ ստերիլիզացված շներին բաց են թողում ծայրամասերում: «Որ բակը որ ցանկանում է, հետ ենք վերադարձնում, բայց բակեր կան, որ հստակ պահանջում են հետ չվերադարձնել»,- «Անկախին» ասում է  «Unigraphx»-ի տեղեկատվության հարցերով պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բնակչության կողմից զանգեր  են գալիս  Երևանի բոլոր վարչական շրջաններից, համեմատաբար քիչ են զանգերը Ավանից. «որովհետև այնտեղ աղբահանությունը լավ է կազմակերպված»:

2010թ. ընթացքում  կազմակերպությունը ստացել է 2655 ահազանգ:

«Unigraphx » ՍՊՆ-ն  քաղաքապետարանի հետ աշխատում է 2005 թ. սկսած:  Մինչև 2008 թ. զբաղվել է միայն ստերիլիզացիայով, իսկ վնասազերծումն իրականացրել է «Դամի արք» ՍՊԸ-ն:  Անհայտ պատճառներով, 2009թ. սկսած, այդ մրցույթին բացի «Unigraphx» ՍՊԸ-ից ուրիշ որևէ այլ կազմակերպություն չի մասնակցում, և երեք տարի շարունակ այս կազմակերպությունն իրականացնում է արդեն երկու գործողությունները միասին:

Ինչպե՞ս է որոշվում՝ շանը քնեցնե՞լ, թե՞ ստերիլիզացնել

Լիլիթ Գրիգորյանն «Անկախին» ասաց, որ դա որոշվում է կլինիկայում: Այն գտնվում է Կոտայքի մարզի Արտամեդ գյուղում (Արզնիի մոտ): «Այնտեղ շներին լաբորատոր պայմաններում ուսումնասիրում են, և եթե հայտնաբերվում է, որ կենդանին ծեր է, հիվանդ կամ վարակակիր, քնեցնում են,- ասաց նա,- իսկ շներին որսալու համար  ունենք  համապատասխան ցանցեր, ագրեսիվ շներին հիմնականում որսում են ցանցերի միջոցով»:

Քնեցումն իրականացվում է  սետոն կոչվող դեղի ներարկմամբ, իսկ վիրահատման դեպքում շները մնում են այնտեղ 7-10 օր:  Գրիգորյանը տեղեկացնում է, որ կազմակերպությունն ունի 90 վանդակ և 8 միավոր տրանսպորտ:

Քաղաքապետարանը «Unigraphx»-ի գործունեությունը վերահսկում է  թափառական շների տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի միջոցով, որը բաղկացած է երեք հոգուց, և որի նախագահը հենց ինքն է` Ալֆրեդ Հունանյանը: Ըստ նրա` տասը օրը մեկ հանձնաժողովի անդամները գնում են Արտամեդ և  ճշտում ստերիլիզացված ու քնեցված շների քանակը: Հաշվարկը կատարվում է պոչերի և հեռացված օրգանների քանակով: Այդ ստուգումների հիման վրա էլ կատարվում են վճարումները:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն «Անկախին» ասաց, որ հաշվետվությունների հրապարակայնության խնդիրը մեր աքիլլեսյան գարշապարն է:

«Իսկ մեր հասարակությունն ինչքանո՞վ է տեղյակ նրանց այցելությունից, կամ ինչքանո՞վ են  նրանք հաշվետու մեզ,- ասաց նա,- կամ  ինչքանո՞վ է դա երևում նրանց կայքում»:

Քաղաքապետարանի կայքում նման հաշվետվություն չկա: Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Անկախին» տեղեկացրին, որ Ֆինանսական վերահսկողության տեսչությունը վերջին երկու տարիներին քաղաքապետարանում որևէ ստուգում չի իրականացրել: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչությունում ստուգում չի արել նաև Վերահսկիչ պալատը: «Մեր ծրագիրը հաստատում է ԱԺ-ն, և այդ բաժնում որևէ ստուգում չի նախատեսվել,- ասաց ՎՊ-ից Մարտին Քյուրքչյանը,- իսկ 180 մլն դրամը մեծ գումար չէ, մեծ գումարը 180 մլն դոլարն է»:

Էգ շան ձվատումն արժի 11500,  արու շան ամորձատումը՝ 8800, իսկ քնեցումը՝  3000 դրամ: «Unigraphx»-ի մամուլի պատասխանատուն հստակեցրեց. «Շները միայն քնեցվում են,  խփել գոյություն չունի, մեր աշխատակիցները երբեք որևէ կենդանու չեն կրակել»: Մինչդեռ համացանցը լի է  «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկմանը վերաբերող հրապարակումներով, որտեղ նույն Գրիգորյանի խոսքն է մեջբերված. «Մյուսները վնասազերծվում են համապատասխան վայրում: Գիշերով կրակում են դրանց: Դրա համար հատուկ տեղ է հատկացվել»:

Գրիգորյանը կտրականապես հերքեց, որ նման բան է ասել:

Ստերիլիզացված շները կրում են հատուկ վզնոց, որպեսզի նրանց երկրորդ անգամ ձեռք չտան:  «Անկախը» փողոցում հարցրեց պատահական 8 անցորդի, թե տեսե՞լ են արդյոք վզնոցով շներ: Ոչ ոք չէր տեսել:

Վզնոցով շներ, սակայն, շատ են տեսել «Unigraphx»-ի աշխատողն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հունանյանն ասում է, որ դրանք անորակ են և կենդանու գլխի թափահարումից կարող են պոկվել, իսկ Գրիգորյանն էլ հավելում է, որ պարզապես ուշադիր պետք է լինել դրանք նկատելու համար:

«Անկախի» աղբյուրը տեղեկացնում է, որ «Unigraphx»-ի որսորդները  կրակում են շներին, և անգամ կրակում են ստերիլիզացված շներին. «որովհետև նրանց պոչ է պետք հաշվարկի համար,  եղած վանդակներն էլ 20-30 հատից ավելի չեն: Բացի այդ մի կրակելն ավելի էժան է(մեկ փամփուշտն արժի 500 դրամ): Իրենց տված դեղն էլ եսիմ ինչ անորակ դեղ է և կենդանին մինչև մահանալը տանջվում է: Իսկ շներին միշտ էլ կրակել են, դա նորություն չի, և դա եղել է սովետի ժամանակից սկսած»:

Նա ասում է, որ որսորդները բնակիչների զանգին արձագանքելուց հետո բենզինի փող են ուզում ահազանգողից: Ամենայն հավանականությամբ, այն բանի համար, որ  Հունանյանի ասելով` «180 մլն. դրամը չնչին գումար է»:

«180 մլն դրամը բարձր է հնչում, հաշվեք տեսեք` ինչքա՞ն է ստացվում,-  ասում է նա,-  ստերիլիզիացիան պահանջում է բավական մեծ ծախսեր, այնտեղ նաև բուժումներ են կատարում,  սրսկումներ մակաբույծների դեմ, բուժում և կերակրում են»:

Պարոն Հունանյանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում էր իր պետության ազգային արժույթը հաշվել դոլարով, քանի որ մեր պետական չինովնիկի մտածողությունը պետականամետ չէ, այլ ուղղված է անհայտ, ավելի ճիշտ՝«Unigraphx»-ի   կողմը: Միայն դրանով կարելի է բացատրել, որ պետական պաշտոնյան, քաղաքացու հարկերից գոյացած գումարի ծախսը հաշվարկելու փոխարեն, որն, ի դեպ, կազմում է կես միլիոն դոլարի չափ գումար, պաշտպանում էր  «Unigraphx»-ի շահերը:

Ըստ Հունանյանի՝ թափառող շների խնդիրը լուծելու համար պետք է ծրագիրն իրականացնել ամբողջ Հայաստանում (քանի որ հարևան մարզերից շները թափանցում են Երևան) և կացարաններ կառուցելով,  որտեղ կպահվեն ստերիլիզացված շները:

Երևանում գոյություն ունի շների ընդամենը մեկ կացարան, որն իր սեփական միջոցներով պահում է  «Օգնեք կենդանիներին» ՀԿ-ի հիմնադիր Նունե Մեհրաբյանը: Կացարանը նախատեսված է 200 շան համար:

Թափառող շների  շարքերը պարբերաբար համալրվում են տնային պայմաններում մեծացած շներով, որոնց տերերը ինչ-ինչ պատճառներով դուրս են գցում նրանց կամ էլ նրանց ձագերին:

Ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների` 2010թ. ընթացքում բուժհիմնարկներում գրանցվել է 823 դեպք (կծած), որից 460-ը միայն թափառող շներից են, մնացածը իրենց տնային կենդանիներից:

Զարգացած երկրներում, որտեղ անօթևան շների հարցը լուծված է, նման բան չի կարող լինել: Գերմանիայում, օրինակ, բոլոր կենդանիներն ունեն անձնագրեր և չիպեր: Եթե շան տերը փորձի  կենդանուն տնից դուրս անել, շանն անմիջապես կբռնեն, և տիրոջը մեծ տուգանքի կենթարկեն:

Շների քանակը մեծանում է  նաև էկոհամակարգը խախտվելու հետևանքով: «Մանումենտում,  որը ժամանակին լավ շնանոց էր, հիմա անտառ գրեթե չկա, – ասում է  Պողոսյանը,- քաղաքը  լրիվ քաչալացրել են, եթե անտառի էկոլոգիան խախտվի, շունը կգա կմտնի քաղաք,  ամեն ինչ փոխկապակցված է»:

Շատ երկրներում և մեգապոլիսներում անօթևան շների հարցը լուծված չէ: Մոսկվայում, օրինակ, 12 տարի է, որ այդ խնդիրը չի լուծվում, որովհետև այնտեղ մեծ անտառային գոտիներ կան:

Պողոսյանը կենդանասեր մի շարք կազմակերպությունների և անհատ մարդկանց  հետ քանի տարի է` Երևանում զբաղվում է կենդանիների գոյությունը պահպանելու խնդիրներով: Նրա ընկերներից Էլսիկ Ազիզյանը Լոնդոնում գրանցել է  «Փրոփոզ» ՀԿ-ն և դիմել է WSPA (World society for the Protection of animals) անօթևան շների խնդիրներով զբաղվող  միջազգային կազմակերպությանը:

«Նա բերեց OSV ծրագիրը, մենք թարգմանեցինք, ադապտացրեցինք Հայաստանի համար և ունենալով WSPA-ի հովանավորությունը` դիմեցինք քաղաքապետարանին (դեռևս Երվանդ Զախարյանի օրոք),- պատմում է նա,-  սակայն քաղաքապետարանն ասում է՝ փողը տվեք մեզ, մենք կանենք»:

Մինչդեռ  WSPA-ն  փող չի տալիս, այլ տալիս է անհրաժեշտ սարքավորում, տեխնիկա, անգամ պատրաստ է կառուցել կլինիկաներ և պատրաստել մասնագետներ: «Բացի այդ, պարզ չէ, թե  քաղաքապետարանը ոնց է փողը ծախսելու, դրա համար էլ ոչ ոք նրանց փող չի տա»,- ասում է նա:

Մի քանի տարի է` Պողոսյանն ու նրա ընկերներ Էլսիկ Ազիզյանը, Օվսաննա Հովսեփյանը, Նունե Մեհրաբյանը և այլոք  իրենց միջոցներով շատ փոքր քանակներով հատվածաբար OSV ծրագիր են իրականացնում Երևանի տարբեր բակերում: «Այն բակերում, որտեղ բնակիչներ կան, որոնք համաձայնվում են իրենց հսկողության տակ վերցնել բակի շներին, մեր միջոցներով ստերիլիզացնում ենք և վերադարձնում այդ բակ,- ասում է  Պողոսյանը,- գոնե այդ բակում չեն բազմանում և կողքի ոհմակներին թույլ չեն տալիս մուտք գործել տարածք»:

Այժմ Պողոսյանն ու նրա ընկերները կրկին ուզում են վերակենդանացնել անօթևան շների խնդրի  լուծմանն ուղղված  պայքարը. նրանք նամակ են պատրաստել՝ ուղղված երկրի վարչապետին, ԱԺ պատգամավորներին, ՏԻՄ ղեկավարներին, որը տարածվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Դիտվել է 3551 անգամ:
Print Friendly

Leave a Reply