Մանկատան երեխաներին ամենաշատը հուզում է` « իմ մաման ո՞ւր է, կգա՞…»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 5, 2011 14:59

Մոտ 10 ամսական Հռիփսիմեին օրեր առաջ մայրը թողել էր Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ մի երկտողով, որում նշել է երեխայի անունն ու գրել, թե երեխային հանձնում է Աստծո խնամքին: Մայրն իր արարքը պատճառաբանել էր նրանով, որ ամուսինը չի հավատում` երեխան իրենից է:

Տեսնելով եկեղեցու բակում մանկական սայլակի մեջ պառկած միայնակ երեխային՝ մարդիկ մտածել են, թե մայրը եկեղեցում է, և երեխային ներս են տարել, որ չմրսի: Մորն այդպես էլ չեն գտել, փոխարենը գտել էին երկտողը: Կապուտաչյա ու շիկահեր փոքրիկի կացարանն այս պահին Երևանի Նորք-Մարաշ համայնքում գտնվող «Մանկան տունն» է:

Որպես նորեկ, որ մանկատուն է բերվել ոչ թե հիվանդանոցից, այլ փողոցից, Հռիփսիմեն մոտ 20 օր կպահվի հատուկ սենյակում՝ ընդունարան-կարանտինում, այնուհետև` համապատասխան բուժստուգումներ անցնելուց հետո, կտեղափոխվի խումբ:

Մինչ «Մանկան տան» նորածնային բաժնի բժշկուհի Ալիսա Հայկազովնայի հետ շրջում էինք սենյակներում, նրան հայտնեցին, որ նոր երեխա են բերել: Բժշկուհին անմիջապես գնաց նրան տեսնելու: Նորածին աղջնակը հազիվ 20 օրական էր: Բժշկուհին նրան զննեց և գտավ երեխային լքելու «մեղավորին». նորածնի ձախ ձեռքի մատները ոչ թե հինգն էին, այլ երեքը:

Ըստ բժշկուհու` երեխաներին մանկատուն հանձնելու գլխավոր պատճառներից մեկն էլ  ֆիզիկական խնդիրներն են: Ի դեպ, «Մանկան տան» 67 երեխաներից 44-ը ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեն:

Սենյակներից մեկում, որտեղ նորածիններ էին, արտասահմանցի ամուսինների հանդիպեցինք: Նրանք խաղում էին երեխաների հետ, իսկ հատկապես երեխաներից մեկի հետ առավել քնքշանքով ու ջերմությամբ էին վերաբերվում: Պարզվեց՝  նրանք ուզում են երեխա որդեգրել: Ցավոք, ինձ թույլ չտվեցին հարցուփորձ անել ծնողներին, միայն տեղեկացա, որ նրանք Ամերիկայից են և շուտով որդեգրելու են հայ երեխային: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նրանք բոլոր նորածիններից ընտրել էին դաունի ախտանիշով երեխայի: Բժշկուհու խոսքով` մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրում են միայն արտասահմանցիները. «Արդեն 11 տարի է՝ աշխատում եմ այստեղ, չեմ հիշում մի դեպք, որ Հայաստանում նման երեխա որդեգրեն»,-ասում է նա:

Արդեն երկու ամիս է, ինչ այս մանկատանն է գտնվում ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի դուստրը՝ 2 տարեկան Լիլյան: Ըստ դաստիարակների` Լիլյան մեծ դժվարությամբ է հարմարվել նոր միջավայրին. «Սկզբում շատ տխուր էր, հաց չէր ուտում, չէր խաղում, հոգեկան ծանր վիճակում էր, բայց հետո կամաց-կամաց սովորեց»,-ասում է դաստիարակը:

Լիլյային այցի են գալիս թե՛ տատն ու հորեղբայրը, և թե՛ մորաքույրը: Ասում են, որ հատկապես հորեղբոր հետևից է լացում և նրան է ուզում: Մինչ դատարանը կորոշի, թե Լիլյայի խնամակալությունն ում պետք է հանձնվի՝ մորաքրոջը, թե տատին, նա կմնա մանկատանը:

Մանկատան երեխաների կարգավիճակը պայմանականորեն կարելի է որակել երկու ձևով՝ «ժամանակավորապես լքված» և «մեկընդմիշտ լքված»: Մանկատան երեխաների մեծ մասը ծնողներից հրաժարված երեխաներն են, որոնց 90%-ը մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունի:  Եթե առաջինի դեպքում դեռ հույս կա, որ ծնողը, սոցիալական խնդիրները լուծելուն պես, հետ կվերցնի իր երեխային, ապա երկրորդի դեպքում հավանականությունը շատ փոքր է:

Աշխատակիցներն ասում են` ամենածանր պահն այն է, երբ «ժամանակավորապես լքված» երեխաների ծնողները գալիս են տեսության, իսկ «մեկընդմիշտ լքվածները» շարունակ հարցնում են. «Բա իմ մաման ո՞ւր է, կգա՞…»: «Ուշադրությունը կա, խնամքը կա, սնունդը, ամեն ինչը տեղն է, բայց ինչ էլ լինի, երեխան իր մոր կարիքն է զգում»,-ասում է բժշկուհին:

Սենյակներից մեկում էլ պատրաստվում էին նշել փոքրիկ Լիլյայի ծննդյան օրը: Նրա մայրը չի հրաժարվել իրենից, սակայն սոցիալական խնդիրների պատճառով մանկատուն է բերել: Լիլյան սպասում է, որ մայրն այսօր իրեն կայցելի. սենյակի լույսերը կանջատեն, ծննդյան տորթի մոմերը կվառեն, ինքը կփչի:

Կգա՞ նրա  մայրը, թե՞ ոչ, հայտնի չէ: Ամեն դեպքում, դաստիարակները, փորձից ելնելով, ենթադրում են, որ մայրը կգա դստեր ծննդյան օրը շնորհավորելու, ուստի հուսադրում են փոքրիկին:

Մանկատան  տնօրեն Լիանա Կարապետյանի խոսքով` իրենց մանկատանը երեխաներն ավելի հեշտությամբ են հարմարվում: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաներն այստեղ են բերվում նորածնային և վաղ մանուկ հասակից: Ըստ տնօրենի` լինում են նաև դեպքեր, երբ երեխաները չեն ուզում վերադառնալ իրենց ծնողների մոտ:

Արդյո՞ք ճիշտ է մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին առողջ երեխաների հետ նույն հարկի տակ պահելը: Տնօրենը  պատասխանում է. «Այդպիսի երեխաներ ունենք մինչև 3 տարեկան հասակային խմբում, որտեղ այդ խնդիրը չկա: Առողջ երեխաների վրա դա չի ազդում, նրանք չեն տուժում: Առողջ երեխաները նրանց հետ նորմալ շփվում են, խաղում,- ասում է տնօրենը,- իսկ մտավոր խնդիրներ ունեցողների համար առողջ երեխաների հետ շփվելը միայն դրական է. նրանք ավելի դինամիկ են զարգանում, քան եթե լինեին իրենց պես երեխաների միջավայրում»:

Ինչ վերաբերում է որդեգրումներին, ապա առաջնահերթությունը տրվում է հայ ընտանիքներին: Ըստ Կարապետյանի` 2010 թ. իրենց մանկատնից կատարված որդեգրումների թվով գերակշռող է եղել  Հայաստանը, ապա Միացյալ Նահանգները, հետո Եվրոպան: Այս տարի մանկատնից որդեգրման դեռևս մեկ դեպք է գրանցվել՝ Հայաստանում, իսկ մյուսը գործընթացի մեջ է և տեղի կունենա մոտ օրերս:

Ինչ վերաբերում է մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրմանը, ապա տնօրենի խոսքով, որքան էլ զարմանալի է, վերջերս սփյուռքահայերի կողմից նման երեխաների որդեգրման մի դեպք է գրանցվել. «1991 թվականից օտարերկրյա որդեգրություն կա Հայաստանում, և մինչ օրս դա առաջին դեպքն է, որ սփյուռքահայը նման երեխա է որդեգրում: Ցավալի է, որ մենք դեռևս չունենք արտասահմանցիների մտածողությունը»,- ասում է Կարապետյանը:

Կարապետյանը չի ընդունում այն կարծիքը, թե հիվանդ երեխաներին արտասահմանցիները որդեգրում են միայն այն նպատակով, որ դրա դիմաց պետությունից բարձր թոշակ ստանան. «Ոչ, նախ և առաջ, եթե մարդիկ ուզում են հիվանդ երեխա որդեգրել, որդեգրության թույլտվություն ստանալու համար պետք է ավելի ապահովված լինեն, բարձր աշխատավարձ ստանան»,-ասում է նա:

Կարապետյանը նաև նշում է, որ աստիճանաբար նվազում են այն դեպքերը, երբ ծնողը երեխային անօգնական թողնում է փողոցում կամ անմարդկային պայմաններում ու հեռանում` հիշելով դեպքեր, երբ մի ծնողը երեխային թողել էր աղբանոցում, մյուսը՝ կարագի արկղի մեջ՝ մայրուղու վրա, մեկ ուրիշը՝ տոպրակի մեջ՝ փակ վիճակում կամ էլ՝ գերեզմանատանը:

Լինում են նաև դեպքեր, երբ ծնողները երեխաներից հրաժարվելուց ու մանկատուն հանձնելուց կարճ ժամանակ անց զղջում են, վերադառնում ու իրենց վրա վերցնում երեխայի խնամքը. մի մասը հետ վերցնելով, մի մասն էլ՝ ժամանակավորապես մանկատանը թողնելով, բայց չհրաժարվելով երեխայից:

Ցավոք, նման օրինակները շատ քիչ են, իսկ ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքում՝ գրեթե հազվադեպ:

Դիտվել է 4123 անգամ:
Print Friendly

Leave a Reply