6 բուհերի ուսանողների պրակտիկան այսուհետ կանցկացվի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 13:41

viva-mts_12220808931«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և հայաստանյան 6 բուհերի միջև այսօր կնքվել է փոխհամաձայնության հուշագիր, որի նպատակն է բուհերի ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացումը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդման կազմակերպումն ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացումը:

Փոխհամաձայնության հուշագիրը ստորագրել Պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ), Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, Գավառի և Գորիսի պետական համալսարանները, ինչպես նաև Լոնդոնի Քավենդիշ համալսարանի հայաստանյան մասնաճուղը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համագործակցությունը համարելով կառուցողական, նշել է, որ այս հուշագրով Հայաստանի երիտասարդությանն ընձեռնվում է ստանալ ավելին, քան տեսական գիտելիքները: «Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդ հայրենակիցները լինեն պատրաստ` իրենց մասնագիտական փորձի կայացման ճանապարհին»,- ասել է Յիրիկյանը:

Ըստ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանի` Հայաստանի շրջանավարտներից շատերը ծանոթ չեն աշխատաշուկայի պահանջներին, այդ իսկ պատճառով նրանց համար շատ դժվար է լինում ավարտելուն պես աշխատանքի ընդունվել: Նրա խոսքով` այս համագործակցությամբ ուսանողական գիտելիքները կվերածվեն գործնականի` այսպիսով նպաստելով շրջանավարտի ճիշտ կողմնորոշմանը և աշխատանքի ձեռք բերմանը: Լեզվաբական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքով` չնայած այս երեւույթը նոր է Հայաստան մուտք գործում, բայց խոստանում է լինել արդյունավետ և բեղմնավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Յիրիկյանը կոչ է արել Հայաստանի բոլոր կորպորատիվ ընկերություններին միանալ այս արշավին` հիմք դնելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթված հասարակության ստեղծմանը:

Դիտվել է 1939 անգամ:
Print Friendly

Leave a Reply