Նամակ բրիտանական «Macmillan children’s books» հրատարակչությանն «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության կողմից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | February 28, 2011 5:15Շնորհակալ ենք, որ արձագանքեցիք մեր նամակին՝ տեղեկացնելով, որ հանրագիտարանում տեղ գտած սխալները կուղղվեն հաջորդ հրատարակության ժամանակ:
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը, սակայն, չի դադարեցնում իր պայքարը, քանի որ Դուք նաև նշել եք, թե ուղղումներ կարվեն միայն լեզվի և կրոնի վերաբերյալ:
Կրկին ուզում ենք պնդել, որ փոփոխություն պետք է տեղի ունենա նաև Արցախի կարգավիճակի նկարագրության մեջ. հանրագիտարանում Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է իբրև «ադրբեջանական տարածք` հիմնականում հայաբնակ»:
Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, սակայն եթե այդ փաստով չեք առաջնորդվում, ապա կրկին իրավունք չունեք նշելու` ադրբեջանական տարածք, քանի որ այդ հարցն այժմ վիճելի է: Հանրագիտարանում Ադրբեջանին վերաբերող հոդվածում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել եք որպես վիճահարույց տարածք. կարծում ենք` ավելի ճիշտ կլիներ Հայաստանի հոդվածում էլ այդպես նշել, ոչ թե գրել` ադրբեջանական տարածք:
Խնդրում ենք այս հարցին ևս հստակ պատասխան տալ՝ կլինի՞ փոփոխություն, թե՞ ոչ:
Մեզ նաև անհանգստացնում է այն փաստը, որ հանրագիտարանն արդեն իսկ բազմահազար տպաքանակով տարածվել է և հազարավոր ընթերցողների շրջանում թյուր պատկերացում ստեղծել Հայաստանի վերաբերյալ. ո՞վ է պատասխանատու դրա համար:
Կարծում ենք` ճիշտ կլինի, եթե ձեր կողմից պաշտոնապես հերքում տպագրվի ինչպես ձեր կայքում, այնպես էլ բրիտանական հայտնի լրատվամիջոցներից որևէ մեկով: Դա նվազագույնն է, որ կարող եք անել իրավիճակը մեղմելու համար:
Ցանկանում ենք հիշեցնել, որ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անդամ է, հետևաբար առաջնորդվում է 1947 թ. նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած 127(2) բանաձևով, որը վերաբերում է կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությանը և պարտավորեցնում անդամ պետություններին՝ զերծ մնալ նման խնդիրներից:
Կոչ ենք անում հարգել այդ բանաձևը, այլապես մենք հարցը կտեղափոխենք միջազգային իրավունքի հարթակ` վստահ լինելով, որ մեր իրավունքները կպաշտպանվեն:
Հարգանքով`
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն







Facebook
Tweet This
Email This Post
