Մասնագետի կարծիքը հաշվի առնելու համար չէ. քննարկվում են ավագ դպրոցի դասագրքերը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 1, 2011 1:09

Արդեն երկու շաբաթ է, ինչ հանրային քննարկման են դրվել ավագ դպրոցի մի քանի առարկաների դասագրքերի նախագծերը: Տպագրությունից առաջ Գրքերի շրջանառու հիմնադրամը ցանականում է լսել մասնագետների կարծիքը նոր դասագրքերի մասին:

Սակայն հիմնադրամը դեռևս որևէ գրավոր կարծիք կամ առաջարկություն չի ստացել քննարկման դրված դասագրքերի վերաբերյալ: «Ակնկալում ենք, որ մինչև ապրիլի 15-ը մեզ գրավոր առարկություններ, դիտողություններ կներկայացնեն»,- ասում է հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանը:

Փոխարենը օն-լայն քննարկումներ են ընթանում հայկական կրթական միջավայրում` forum.armedu.am կայքում: Այստեղ մասնակիցները տարակուսանք են հայտնում, թե արժի՞ արդյոք ուսումնասիրել դասագրքերը և կարծիք հայտնել, եթե իրենց կարծիքն ի վերջո հաշվի չեն առնի:  «Օգոստոսյան խորհրդակցություններում տարիներ շարունակ նախարարության ներկայացուցչին ասում էինք, որ 9-րդ և 10-րդ դասարանների սև գույնի (ինֆորմատիկայի) դասագրքերը զիբիլ են, ամեն անգամ նա մեզ ասում էր, որ այդ գրքերը պետք է իրենց ինքնարժեքը հանեն, հետո նոր դուրս գան: Ու քանի սերունդ անգրագետ մնաց Ինֆորմատիկայից, էլ չեմ ասում խայտառակ օլիմպիադաները…. Մեզ ո՞վ էր լսում, ոչ ոք: Հիմա էլ նույնն է, կտպեն ու վերջ»,- գրում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Արեգ Միկիչյանը:

Գարեգինյանը նույնպես հաստատում է, որ դասագրքերի հեղինակները կարող են մասնագետների կարծիքները հաշվի չառնել. «Դասագրքերը հեղինակային աշխատանքներ են. հեղինակները կարող են հաշվի առնել կարծիքները, քննարկել առաջարկությունները մասնագետների հետ, բայց կարող են նաև հաշվի չառնել»:

Petros59  կեղծանունով հանդես եկող ուսուցիչը նշում է, որ ցանկացած ապրանք արտադրող գոնե 3 հարցի պատասխան պետք է իմանա. ո՞ւմ համար է արտադրում, ինչպե՞ս է արտադրում և ինչպե՞ս է իրացնելու: «Շահույթ ստանալու համար, եթե իրացման խնդիրը լուծված է, առաջին երկու հարցի մասին մտածելն անիմաստ է,- գրում է մասնակիցը:-Դասագրքերի պարագայում երրորդ խնդիրը լուծված է միարժեքորեն, էլ ինչո՞ւ հիշել, որ դասագրքերը աշակերտների համար են»:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ  Արտաշես Թորոսյանը նշում է, որ թերություն է տեսնում բոլոր դասագրքերում. կան հաստատված չափորոշիչներ, որոնք, սակայն, չեն պահպանվում դասագրքերում: «Դասագիրքը պետք է լինի ուսուցչի գործիքը, աշակերտի ընկերը: Իրականում ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը: Դասագիրք գրողները պետք է գան դպրոց, դաս պարապեն, տեսնեն իրենց գրածի հետևանքները»,- գրում է Թորոսյանը:

Ֆիզիկայի դասագրքի համահեղինակ Էդիկ Ղազարյանը նշում է, որ հնարավոր չէ միանգամից որակյալ դասագիրք հրատարակել, որ գիրքը գրելիս  ուսումնասիրել են ռուսական, եվրոպական և ամերիկյան դասագրքերը. «Կարևոր է, որ դասագրքերը չզիջեն Խորհրդային Միության և այլ երկրների դասագրքերին, այլապես ավելի նախընտրելի է թարգմանելը»: Նրա խոսքով` դասագրքի մատչելիությունը չպետք է լինի գիտականության հաշվին,  ներկա դասագիրքը գրագետ մայրենիով է շարադրված, պահպանված է նաև գիտականությունը, իսկ  մատչելիություն ասվածը սուբյեկտիվ  երևույթ է, և խորացված ուսուցման հոսքերում այս հարցն ավելի թեթև է դրված:

Ֆորումի մեկ այլ մասնակից` Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս Գագիկը, անդրադառնալով դասագրքերին, նշում է, որ  դրանք  հաճախ տեղեկատուներ կամ կոնսպեկտներ են հիշեցնում, փորձում են ավելի շատ ինֆորմացիա տալով շատ բան սովորեցնել, բայց քանի որ այդ ինֆորմացիան սեղմ է և խիտ, հաշվի չեն առնվել տվյալ տարիքի երեխայի հնարավորությունները, ստացվում է հակառակը: «Մոտավորապես այնպես, ինչպես դա լինում է, երբ բարձր ճնշման ծորակը լրիվ բացելով` փորձում եք փոքր բաժակի մեջ ջուր լցնել: Լցվածից այնտեղ ոչինչ չի մնում»,- եզրակացնում է մաթեմատիկոսը: «Գիրքը ներկայացնում է տվյալ հեղինակի պատկերացումը, թե տվյալ թեման կամ առարկան ոնց պետք է մատուցել տվյալ տարիքի աշակերտին: Բայց շատ հեղինակներ աշակերտների հետ երբեք գործ չեն ունեցել»: Որպես լուծում` նա առաջարկում է, որ դասագրքի վրա աշխատի մասնագիտական երկու խումբ` գիտնականների և ուսուցիչների:

Ֆորումում բուռն քննարկումներ են ծավալվում ինֆորմատիկայի հումանիտար հոսքի  դասագրքի շուրջ: Այս գիրքը երեք բաժիններից է բաղացած` Power Point, HTML և Adobe PageMaker: Մասնագետները տարակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք հումանիտար հոսքում աշակերտները պե՞տք է HTML  լեզու ուսումնասիրեն: Ոմանք նշում են, որ այս լեզուն աշակերտներին պետք չէ, քանի որ սեղմ դասաժամերի պայմաններում այդպես էլ չեն հասցնի հիմքային  գիտելիքներ ստանալ, բացի այդ,  տվյալ գիտելիքները նրանց հետագայում պետք չեն գալու: Փոխարենը կարելի է ավելի կիրառական գիտելիքներ տալ աշակերտներին: «Ոչ մասնագիտական բաժիններում սովորող ուսանողին ինֆորմատիկայից այսօր անհրաժեշտ են ոչ այնքան բազային գիտելիքներ, որքան կիրառական ծրագրերի տիրապետում»,- գրում է ինֆորմատիկայի ուուցչուհի Զառան:

Ֆորումի մասնակիցները, սակայն, բոլորն էլ համակարծիք են մի հարցում, որ գրքի բաժիններից մեկը, որը նվիրված է Adobe PageMaker ծրագրին, տեղին չէ: «Այս ծրագիրը վաղուց իր դիրքերը զիջել է: Զիջել է այնքան, որ նույն Adobe-ի հայտնի կազմակերպությունն արդեն այն չի մշակում, փոխարենը առաջարկում է այլ, շատ ավելի պրոֆեսիոնալ ու հարմար ծրագիր. Adobe InDesign: Ոլորտում առաջատարներն են համարվում այդ նույն Adobe InDesign ու QuarkXPress ծրագրերը: PageMaker կիրառողները աստիճանաբար պակասում են: Այն դառնում է դժվար գտնվող ու ոչ կիրառական ծրագիր»,- գրում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ մասնագետ Արտակ Հարությունյանը  (կեղծանունը` Chuk): «Զարմանում եմ, թե որտեղից են այդ մեռած ծրագիրը գտել ու դասագրքի մեջ ընդգրկել: Խայտառակություն է»,- գրում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Արեգ Միկիչյանը:

Ֆորումի մասնակիցները մատնանշում են նաև դասագրքում տեղ գտած հին մոտեցումներն ու տեղեկատվությունը: «Դասագրքում Adobe PageMaker -ը ներկայացվում է որպես առաջատար ծրագիր: Այդ պնդումը թերևս ճիշտ էր սրանից մոտ 15 տարի առաջ: Adobe PageMaker ծրագրի վերջին՝ 7-րդ տարբերակը թողարկվել է 2001-ին,այսինքն` մոտ 10 տարի առաջ»,- ասում է Chuk-ը` հավելելով, որ խնդիրներ կառաջանան նաև ծրագրի ձեռքբերման հետ. «Ծրագիրը տարածվում է վճարովի հիմունքներով.  այն արժի 499 ԱՄՆ դոլար: Եթե պետական միջոցներով գնվել ու բոլոր դպրոցներին բաժանվել է, օրինակ, Microsoft Office ծրագրային փաթեթի արտոնագիրը, ապա այս ծրագիրը չի գնվել ու չէր էլ կարող գնվել: Ու ստացվում է, որ թե՛ դպրոցները, թե՛ աշակերտները կանգնում են մի լուրջ խնդրի առջև` ինչպե՞ս ձեռք բերել այս ծրագիրը, որպեսզի կարողանան դասավանդել»:

Մասնագետները  անդրադարձել են նաև բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել երկու  լեզու` Պասկալ և C++:  Այս դեպքում ֆորումի մասնակիցները նշում են, որ ցանկալի կլիներ` ինֆորմատիկայի ուսուցիչների համար կազմակերվեին վերապատրաստման դասընթացներ` ծրագրավորման թեմայով:

Տնտեսագետ, համակարգչային օպերատոր Ժաննա Հ-ի կարծիքով`դասագրքերից դժգոհությունների պատճառն այն է, որ ուսուցիչները ներգրավված չեն գործընթացում. «Ամեն դեպքում պետք է գործնական համագործակցություն լինի, թե չէ փոխադարձ մեղադրանքներն ու անհամաձայնությունները, գործին օգնելու փոխարեն, խանգարում են»:

Բուռն քննարկվող ինֆորմատիկայի 11-րդ դասարանի դասագրքերից  բացի քննարկման են դրված նաև 12-րդ դասարանի հանրահաշվի, երկրաչափության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, համաշխարհային պատմության,  ռուսերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի դասագրքերը:

Գարեգինյանը նշում է, որ մարտին էլ մրցույթ կհայտարարվի ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ռուսերեն առարկաների հումանիտար հոսքի համար: Մյուս բոլոր առարկաների դասագրքերն արդեն կան:

Դիտվել է 3871 անգամ:
Print Friendly

Leave a Reply