ԱՄՆ-ում ձերբակալվել է այն սաուդացին, որ ծրագրել էր պայթեցնել Բուշի տունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2011 12:12

ԱՄՆ-ում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի, որը նախատեսել էր պայթեցնել Ջորջ Բուշ կրտսերի տունը: Այդ մասին փետրվարի 24-ին հաղորդեց «Ֆրանս պրես» գործակալությունը:

20-ամյա Խալիդ Ալիմ Ալդավսարին կասկածվում է ԱՄՆ տարածքում ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ` զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ: Իրավապահ մարմինները նրա հետքի վրա ընկան, երբ Հետախուզության դաշնային բյուրոյում (ՀԴԲ) բողոք ստացվեց քիմիական նյութերի մատակարարներից մեկից սաուդացու հասցեին: Նա պատմել է, որ Ալդավսարին փորձել է ֆենոլի մեծ խմբաքանակ գնել, ինչն օգտագործվում է պայթուցիկների արտադրության մեջ:

Ալդավսարին, ինչպես հաղորդել են ՀԴԲ-ում,  սեփական էլեկտրոնային  փոստարկղ է ուղարկել երկու նամակ, որոնցում թվարկել է ահաբեկչություն կատարելու համար նպատակահարմար օբյեկտները: Առաջին նամակում, որ վերնագրված է «Լավ թիրախներ», բերվում է ԱԷԿ-ի և հիդրոէլեկտրակայանների ցուցակը: Երկրորդ նամակում` «Բռնապետի տունը» վերնագրով, նշված է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի Դալլասում (Տեխասի նահանգ) գտնվող տան հասցեն: Բացի այդ, Ալդավսարին դիտարկել է տիկնիկի մեջ թաքցված պայթուցիկ սարքը գիշերային ակումբներից մեկը տանելու հնարավորությունը:

Սաուդացին ԱՄՆ է ժամանել 2008 թ. ուսանողական վիզայով: Նա, ինչպես հաղորդում է  The Los Angeles Times-ը, քիմիա է սովորել Տեխասի տեխնոլոգիական համալսարանում: Խուզարկության ժամանակ նրա հանրակացարանային սենյակում հայտնաբերվել են քիմիական ռեագենտներ և լաբորատոր սարքավորում, քիմպաշտպանության հանդերձանք և էլեկտրական լարեր: «Հիմա, երբ արդեն անգլերեն գիտեմ, սովորել եմ պայթուցիկ սարքել և ծրագրել անհավատ ամերիկացիների դեմ գրոհը, եկել է ջիհադի ժամանակը»,- մեջբերում են ՀԴԲ-ում նրա օրագրից, որ գտել են խուզարկության ժամանակ: Հաղորդվում է, որ Ալդավսարին արաբերեն բլոգ է վարել, որում ջիհադի կոչ է արել:

Խալիդ Ալիմ Ալդավսարիին, նրան մեղավոր ճանաչելու դեպքում, սպառնում է ցմահ բանտարկություն: Դատավարությունը նրա գործով կսկսվի փետրվարի 25-ին Տեխասի դատարանում:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply